nona petrosyan

Համացանցային դիետա

Ամառ էր. Քայլում էի փողոցով, և հանկարծ տեսա մի խումբ երեխաների, որոնք ի զարմանս ինձ, խաղում էին այնպիսի խաղեր, որոնք  մոռացված էին նույնիսկ ինձ համար: Զարմացա, ուզում էի մոտենալ և նրանց հարցնել, թե որտեղից գիտեն այս խաղերը, սակայն մի պահ ամաչեցի ,որ ես՝  նրանց համար «հին սերնդի ներկայացուցիչս»,  կարող եմ չհիշել նրանց համար այդքան կարևոր և հետաքրքիր խաղը:

Լավ, անցանք առաջ: Ուրախացա ու մի պահ ընկա մտորումների մեջ: Ի՞նչ կլիներ, եթե չլինեին մեզ համար այդքան կարևոր  և անհրաժեշտ  հեռախոսները, պլանշետները, և վերջիվերջո, համակարգիչները: Փորձեցի ավելի լավ պատկերացնելու համար իրոք մեկ օր ապրել առանց դրանց: Անջատեցի հեռախոսս, համակարգչիս մասին փորձում էի չհիշել: Գնացի քաղաքով զբոսնելու դասընկերուհուս հետ: Զբոսնում էինք: Ամեն ինչ շատ հաճելի էր, մինչ այն պահը, երբ նա սկսեց խոսել ինչ-որ նորությունների մասին, որոնք միայն  կարող էինք համակարգչով տեսնել: Նա պատմում էր, պատմում, չհասկանալով, որ ես ուզում եմ կտրվել ամեն ինչից, և դա բացարձակ ինձ չի հետաքրքրում: Սակայն նա այնպիսի խանդավառությամբ և ոգևորությամբ էր պատմում, որ չկարողացա դիմանալ և ասացի.

-Կներես, սակայն պետք է գնամ, արդեն ուշ է:

Ոչ թե ուշ էր, այլ շատ ձանձրալի:

Հաճելի զբոսանք, գեղեցիկ բնություն, սակայն անհետաքրքիր զրուցակից, որն անընդհատ խոսում էր համակարգչից, նորություններից`բա չիմացա՞ր, սա այնպես արեց, նա այնպես արեց…

Որոշեցի գնալ տատիկիս տեսնելու, քանի որ արդեն հարցերս ավելանում էին: Գնացի, դուռը թակեցի: Բացեց դուռը փոքր եղբայրս, որն առանց ինձ տեսնելու արագ բացեց դուռը և վազեց նորից համակարգչի մոտ: Մտածեցի` կարող է շփոթմունք է: Մի՞թե նա ինձ տեսնելու ցանկություն չուներ: Ի՞նչ է պատահել, չլինի՞ թե նեղացրել եմ: Մտքովս ամեն ինչ անցավ, բացի նրանից, որ եղբայրս շատ «կարևոր» խաղ էր խաղում… Տե~ս է, չէի մտածել, որ խաղերը`այդ չշնչող, արհեստական ու էկրանին երևացող մի քանի մեքենաներն ու զենքերը ավելի կարևոր են: Վերջ, հասա տատիկիս մոտ, համբուրեցի նրան, նստեցի կողքին և առանց շունչ քաշելու հարցրեցի.

-Տատ, իսկ դու ի՞նչ էիր  անում, երբ Կարենի տարիքին էիր:

Տատս խորը շունչ քաշեց, զսպելով ցավն ու թաքցնելով արցունքները, ասաց.

-Ապրում էինք, աղջիկս, ապրում էինք խաղաղ, առանց էս «զիրթը-զիբիլների»: Գնահատում էինք մեր ծնողներին, մեր մեծերին, նրանց կողքին էինք ամեն վայրկյան, օգնում էինք և հաճույք ստանում մեզ տրված հրաշալի կյանքից: Խաղում էինք, հորինում երգեր, պարեր, մեր ծնողների, տատերի հետ գնում էինք զրուցում, ինչպես հիմա քեզ հետ եմ զրուցում, բայց մի տարբերությամբ. մենք չէինք բողոքում, մեր տատերը չէին բողոքում, նրանք  ուրախանում էին, մենք միշտ երջանիկ էինք նրանց կողքին, իսկ հիմա… Հիմա նույն տանը նստած, թոռանս հետ չեմ էլ կարողանում զրուցել, հանգիստ նստել ու խոսել, էնքան ագրեսիվ են, էնքան վայրենի: Է~հ չգիտեմ, թեկուզ կարող է ես ժամանակի հետ չեմ քայլում, բայց ավելի լավ է այդպես, հիշեմ մեզ… Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը… էնքա~ն լավ էր, էնքա~ն անհոգ, ինչ իմանայի` էս զիբիլները  կքայքայեն թոռներիս:

Տատիկիս  ամեն բառից հասկանում էի, թե ինչքան ցավ կա նրա սրտում, և մտքումս մի բան ծագեց: Մտածեցի` ավելի լավ է այսօր շուտ գնամ տուն, որ մայրիկս գա  ու տեսնի ինձ տանը: Ամեն ինչ կանեմ նրան ուրախացնելու համար:

Գնացի գեղեցիկ և շատ համեղ աղցան պատրաստեցի նրա համար, հենց իր սովորեցրած աղցաններից էր, որն ինքը շատ էր սիրում: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ իր տեղում է: Մայրս հաստատ շատ կուրախանա: Վերջապես եկավ, գնացի դուռը բացեցի, համբուրեցի նրան և կանչեցի սեղանի մոտ: Նա շատ գոհ էր և ուրախ: Վերջում մայրիկս հարցրեց.

-Աղջիկս, ինչպե՞ս ես կարողացել կտրվել համացանցից և աղցան պատրաստել:

Ես ապշած էի: Մի՞թե ես էլ եմ նույն կերպ վարվել ամեն օր ու չեմ զգացել, թե ինչ կախվածության մեջ եմ: Ինձ  համար մորս ուրախությունը թեև մի քիչ անտեղի էր,բայց երբ տեսա աչքերում երջանկություն, հասկացա, որ իրոք ես էլ եմ դասընկերուհուս նման շատ-շատերին պատմել անհետաքրքիր պատմություններ, անուշադիր եղել շատ կարևոր մարդկանց նկատմամբ:

Օրս առանց համացանցի, հեռախոսի անցավ հրաշալի: Հասկացա շատ բաներ, որոնք կհասկանաք նաև դուք, երբ պահեք այս «դիետան»… Ծիծաղելի է, ամեն ինչ լսել էինք, բայց «համացանցային դիետաա»…