Հայաստան-Սփյուռք համաժողովի կամավորները

Լուսանկարը` Ժան Երեմյանի

Լուսանկարը` Ժան Երեմյանի

Եթե սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 7-ին Հանրապետության հրապարակում տեսել եք կապույտ վերնաշապիկներով անքուն երիտասարդների, ապա դա մենք ենք եղել` Հայաստան-Սփյուռք համաժողովի կամավորները: Մեր թիմը ամեն առավոտ դիմավորում և ուղեկցում էր համաժողովի մասնակիցներին: 

Օր 1. 18.09.2017

-Բարև ձեզ, համաժողովի մասնակից եք, չէ՞:

-Այո: Այդքան վա՞տ է տեսքս:

-Ինչո՞ւ:

-Միանգամից երևո՞ւմ է, որ համաժողովի մասնակից եմ:

-Դե, այս ժամին միայն համաժողովի մասնակիցներն են հրապարակում, համ էլ՝ կապույտ բեյջ ունեք:

Օրը կարծես թե լավ է սկսվում: Այս պապիկին ուղեկցելուց հետո նորից գնացի ու կանգնեցի իմ դիրքում: Հեռվում տեսա փողոցն անցնողների մի խումբ: Ըհը, նրանք էլ են երևի մասնակից: Պարզվեց՝ Ռուսաստանից ներկայացուցիչներ էին: Անուշի հետ մոտեցանք նրանց: Առաջին օրն էր, դեռ չէինք համարձակվում միայնակ մոտենալ և ուղեկցել խմբով եկածներին: Երբ հասանք ավտոբուսին, նրանցից մեկն ինձ ասաց.

-Эта девушка очень хорошо говорит по-русски.

-Անուշ, էստեղ արի, քեզ են գովում:

Անուշը չզգաց, թե ինչպես կարմրեց: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի նման հպարտ կանգնած նայում էի, թե ինչպես են գովում ընկերուհուս:

Հետաքրքիր և անմիջական էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործիչների հետ շփումը:

Ժամը 8-ին մեկնեցինք Համալիր: Չեմ ուզում մանրամասն պատմել նախագահի, վարչապետի և այլ քաղաքական գործիչների ժամանման մասին: Ամեն տեղ նույնն է:

Ամենածանր օրը առաջինն էր. մարդիկ նոր էին եկել և դեռ չգիտեին բոլոր դահլիճների տեղերը: Համաժողովի ժամանակ 4 տարբեր դահլիճներում անցկացվելու էին թեմատիկ նիստեր Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, ազգ-բանակ, արտաքին քաղաքականության օրակարգը, հայապահպանության հիմնախնդիրները թեմաներով: Ամեն մեկս մեր կանգնելու տեղն ունեինք. մեկը աստիճանների մոտ, մյուսը՝ առաջին հարկում… Օրվա առաջին կեսը «կես դրույքով» վերելակավար եմ աշխատել՝ հյուրերին ուղեկցելով 7-րդ հարկ: Վերելակ մտավ Եգիպտոսի պատվիրակությունը:

-Չեմ հասկանում՝ այստեղ բոլորն ինձ ուզում են խաբե՞լ,- հումորով հարցրեց մի երիտասարդ:

-Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:

-Ինձ հարկավոր է Հայաստանի տնտեսության զարգացման դահլիճը. մեկ տանում են 4-րդ հարկ, հետո իջեցնում 3-րդ: Դուք վստա՞հ եք, որ ինձ ճիշտ տեղ եք տանում,- անհույս հարցրեց ինձ:

Վերջապես վրայիցս հանելով «վերելակի գծով մենեջերի» պաշտոնը՝ իջա առաջին հարկ: Մինչև ժամը 17-ը չավարտեցինք առաջին օրվա պլանը: Սփյուռքահայերի հումորներն ու անմիջական շփումը այս օրվա ծանր լինելը զգացնել չտվեցին: Համենայնդեպս՝ ինձ համար:

Օր 2. 19.09.2017

Հեռվից եկող ծանոթ մի մարդու նկատեցի:

-Ես հենց ձեզ էի սպասում,- առավոտյան ժամը 6-ին արթնացած մարդուն ոչ բնորոշ առույգությամբ ասաց մի պապիկ:

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք:

-Շատ լավ, հիանալի օր է այսօր:

Տրամադրությունս միանգամից բարձրացավ: Համալիրում էլի իրարանցում էր: Ամեն մեկն ուզում էր գտնել իր դահլիճը: Մի պապիկ մոտեցավ՝ օգնության համար: Մինչ նրան ուղեկցում էի, հարցուփորձ էր անում, թե որտեղ եմ սովորում: Այսօր Կարո Փայլանը պիտի ելույթ ունենար «Հնարավոր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Բոլորն էին ուզում Փայլանին լսել: Ես բացառություն չէի: Անուշին համոզեցի դիրքը թողնել ու բարձրանալ ինձ հետ երրորդ հարկ, այնտեղից կտեսնեի՝ հենց Փայլանը գար, գուցե կհասցնեի հետը նկարվել: Ոչ տեսա, թե ոնց եկավ, ոչ էլ նկարվեցի: Լավ է` ելույթը լսեցի:

Օր 3. 20.09.2017

Այսօր Համալիրում էլ ակտիվ շարժ չկար: Օրվա մեծ մասը պարապ ենք անցկացրել: Շարժը սկսվեց վերջում, երբ հյուրերը սկսեցին գնալ: Բոլորը մեզ մոտենում, շնորհակալություն էին հայտնում, ուզում էին նկարվել մեզ հետ: Ժան Երեմյանը մեզ նկարեց ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման նախագահի՝ Անտուան Բազդիկյանի հետ: Մուտքի մոտ նորից հանդիպեցի այն պապիկին. այս անգամ կնոջ հետ էր:

-Օրիորդ, շատ շնորհակալ եմ այս երեք օրվա ընթացքում Ձեր կատարած աշխատանքի համար,-այնուհետև դիմեց տիկնոջը,- այս օրիորդն ինձ այսօր շատ է օգնել:

-Ուրախ եմ, որ մեզանից գոհ եք գնում,- ժպտացի ես:

Իսկապես կկարոտեմ այս պոզիտիվ պապիկին և բոլոր-բոլոր ինձ և ամբողջ Հայաստանին դրական լիցքեր հաղորդած մարդկանց: