Սևան մեդիա ճամբար. Հարցազրույց ինքս ինձ հետ

Ես Անուշ Աբրահամյանն եմ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից

Anush Hovhannisyan

Երկու տարեկանում սովորեցի խոսել և սկսեցի այնքան «լավ» խոսել, որ հաջորդող տասնչորս տարիները բողոքեցի ծննդյանս օրերը վատ նշելու համար: Այս «բողոքական» տարիների ընթացքում ես լավ խոսում էի, բայց երբ գրում էի, ոչ ոքի ցույց չէի տալիս: Ամեն ինչ փոխվեց, երբ 17.am-ը ներխուժեց իմ կյանք: Դպրոցի տնօրենը մի քանի երեխաների հետ ինձ էլ կանչեց և ասաց, որ պետք է մասնակցեմ ինչ-որ դասընթացների: Հետաքրքիրն այն էր, որ ինքն էլ չգիտեր, թե ինչի մասին պիտի լինեին դասընթացները, և մինչ կցկտուր նախադասություններով մեկ-երկու բան կասեր, ես արդեն մտովի համաձայնվել էի, քանի որ դասերից դուրս ինձ ամեն ինչ հետաքրքրում էր: Ու հենց առաջին դասից հասկացա, որ իմ կյանքում ամեն ինչ փոխվելու է:

Ստեղծագործական աշխատանքը հոգեհարազատ էր ինձ, և ես աստիճանաբար փորձեցի նյութերիս քանակն ավելացնել: Թեև մտավախություն ունեի, որ ինչպես երգի, պարի, նկարչության դասերը, այնպես էլ այս դասընթացը երկար չի տևի, բայց ընդունում եմ իմ սխալը: 17.am-ն այնքան ակտիվացրեց ինձ, որ տան անդամները աղաչում էին, որ մի քիչ շուտ ներկայանամ դասին, իսկ եղբայրս երկու ժամ հետ էր տվել ժամացույցը: Ես, որ երբևէ չէի համարձակվում իմ գրած նյութերը որևէ մեկին ցույց տալ, այս օրերին այնքան նյութեր էի գրում, հանձնում, որ երեք օրվա ընթացքում դրանցից երկուսը հրապարակվել էին 17.am-ում:

Մի օր կինոյի դասին պարոն Արան ասաց, որ ճամբար է լինելու, և մեր մասնակցությունը կախված է մեր ցանկությունից, ընդունակություններից և աշխատասիրությունից: Հենց մտա տուն, հորեղբորս խնդրեցի արագ կապնվել հովիվների հետ, որ գնամ զոմա`յայլա, նրանց հետ հարցազրույց անեմ և վավերագրական ֆիլմ նկարեմ, բայց քանի որ մեր գյուղից շատ հեռու է և մնալու տեղ էլ չկա ինձ համար, չստացվեց: Փորձեցի այլ բան մտածել. մեր գյուղում մի մարդ կա, որը օպերատոր է: Ես զանգեցի նրան և հանդիպեցի,պատմեցի, որ ցանկանում եմ ֆիլմ նկարահանել, և ինձ օպերատոր է անհրաժեշտ, նա համաձայնվեց: Պետք է գնայինք Կոթա վանքը նկարահանելու: Գյուղի ծեր տատիկներին պիտի տանեի վանքի մոտ, ու նրանք հետաքրքիր պատմություններ պատմեին վանքի մասին: Այդ ֆիլմը գիտաճանաչողական կլիներ, քանի որ ես մինչ այդ կարդացել էի գրքերում վանքի մասին և շատ ինֆորմացիա էի հավաքել, որը ցանկանում էի կարդալ կադրերի ժամանակ: Երբ եկավ նկարահանման օրը, ձյուն եկավ, կրկին չստացվեց: Ես սկսեցի շատ նյութեր գրել՝ հիշելով բոլոր խորհուրդները, և ինձ ընտրեցին որպես ճամբարի մասնակից:

Ճամբարում ես արդեն մասնակցում եմ ֆիլմերի նկարահանումներին, որոնք նկարում ենք մեր գաղափարներով: Այս օրերի ընթացքում մոռացել եմ միօրինակ առօրյաս, իսկ այս շրջապատը հնարավորություն է տալիս չվախենալ խոչընդոտներից և կանգ չառնել՝ սպանելով ծուլությունը: Երբ գա ճամբարից վերադառնալու օրը, այն հուզիչ լինելուց բացի ինձ համար կլինի մի նոր սկիզբ՝ շարունակելու այն ամենը, ինչը սկսեցի՝ միանալով 17.am-ին: Հնարավորինս ուշադիր կլինեմ շուրջս գլուխ բարձրացած հիմնախնդիրների նկատմամբ, կգրեմ դրանց մասին, հարցեր կբարձրացնեմ ու կփորձեմ լուծումներ գտնել: Եվ ի վերջո, ընտանիքիս անդամները ոչ թե հետ կտան ժամացույցը, այլ ուղղակի տուն չեն գա:

Անուշ Աբրահամյան

***

Ես Արտյոմ Ավետիսյանն եմ, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից

Artyom Avetisyan

Նախ ասեմ, որ երբ ծանոթացա 17.am-ի կազմակերպիչների հետ, ինձ շատ հետաքրքրեց նրանց միջավայրը և, որ ես շատ եմ ուզում դառնալ լրագրող, որոշեցի, որ պետք է անպայման միանամ նրանց: Ես ուղարկեցի նրանց այդ նյութերը, հույս էլ չունեի, որ ինձ կընտրեն, և առավել ևս, ինձ կընդգրկեն մեդիա ճամբարի խմբում: Որոշեցի, որ հարկավոր է ուղարկել մեկ այլ թեմա, բայց այս անգամ հարցազրույց, պապիկիս` Զարզանդի հետ: Ուրբաթ օրը երեկոյան ինձ մի անծանոթ համարից զանգ եկավ: «Մանանայից» էր: Երբ ինձ ասացին, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին, ուրախությունից տեղս չէի գտնում:

Հետո ես մայրիկիս հայտնեցի այդ լուրը, և նա ինձ ասաց. «Գնա, գնա, քըզնից պրծնինք, մի քընիմ օր անգժներսի խախնդվի»:

Ես ճամբար գնալու համար ուրախացել եմ ոչ թե նրա համար, որ դպրոցում գլուխ գովեմ, ընկերներիս նախանձից պայթեցնեմ, այլ նրա համար, որ այնտեղ ես շրջապատված կլինեմ նոր միջավայրով, նոր ընկերներ ձեռք կբերեմ, ձեռք կբերեմ նաև լրացուցիչ գիտելիքներ:

Այս երեք օրվա ընթացքում շատ կարևոր բաներ եմ սովորել, որ դրանք հաստատ ինձ կուղեկցեն հետագայում ևս:

Առաջին օրը ես շատերի հետ չէի շփվում, չէի խոսում, որովհետև ամաչում էի, սակայն ինքս ինձ հետ խոսում էի, որ ես այստեղ եմ եկել, որպեսզի նոր ընկերներ ձեռք բերեմ, շփվեմ նրանց հետ, և հետագայում կապեր հաստատեմ նրանց հետ:

Ես արդեն այս մի քանի օրվա ընթացքում նրանց հետ այնքան եմ կապնվել, որ մոռացել եմ դասարանիս երեխաներին:

Շատ կուզեի, որ մեդիա ճամբարը անվերջ լիներ, լիներ ու լիներ միայն մեդիա ճամբարը:

Արտյոմ Ավետիսյան

***

 Ես Անի Ղուլինյանն եմ, Լոռու մարզի Դսեղ գյուղիցAni Ghulinyan

17-ին թղթակցում եմ օգոստոսից, առաջին նյութս եղել է ինձ համար ամենահոգեհարազատ թեմայի՝ գրքերի մասին:

15 տարեկան դեռ չկամ, բայց միշտ երազել եմ ծնված լինել 2000 թվականին:
Սիրում եմ նույն տեղում երկար չմնալ, ստեղծագործ, բազմակողմանի զարգացած մարդկանց:  Բազմիցս ասել եմ, որ 17-ի հետ ծանոթությունս եղել է պատահական, իմ հետաքրքրասիրության շնորհիվ, նույնիսկ Վանաձորի դասընթացներին մասնակից լինելու հարցը դասընթացից 1 ժամ առաջ եմ իմացել: Նյութերիս մեջ հիմնականում արտահայտում եմ իմ կարծիքը ինձ հուզող խնդիրների, հետաքրքիր մարդկանց մասին: Ֆուտբոլի մասին գրածներս համարում եմ ամենաստացվածը, որովհետև այն գրում եմ մեծ անկեղծությամբ ու սիրով:
Հարգում ու հիանում եմ այն մարդկանցով, ովքեր ստեղծագործ են և անընդհատ ինչ որ բան ստեղծելու համար են պայքարում:
Ինչպես Սևանի մեդիա ճամբարը, այնպես էլ մյուս ճամբարները, որոնք ես գնացել եմ, ունեցել են ուսուցողական բնույթ: Սակայն Սևանի մեդիա ճամբարը յուրահատուկ էր նրանով, որ մեր ստացած գիտելիքները օգտագործում ենք գործնականում՝ հոդվածներ գրելու, ֆոտոարշավների ու ֆիլմերի նկարահանումների միջոցով:
Ճամբարն ինձ հնարավորություն տվեց անել, տեսնել բաներ, որոնց մասին մի քանի օր առաջ երբեք չէի պատկերացնի: Օրինակ՝ Մեծ փռի փառատոն, մոտիկից շփում ձիերի հետ:
Հուսով եմ, հետագա օրերը կլինեն էլ ավելի հագեցած ու բովանդակալից: Եվ որ ամենակարևորն է` ճամբարից ինձ հետ կտանեմ լավ ընկերներ ու օգտակար գիտելիքներ:

Անի Ղուլինյան

***

 Ես Բելլա Առաքելյանն եմ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից

bella Araqelyan

Դեռ մեկ ամիս եմ թղթակցում 17.am-ին և այնքա՜ն նոր բաներ եմ սովորել, որ անցյալում չգիտեի: 17.am-ի սեմինարից հետո անմիջապես սկսեցի գրել տարբեր  նյութեր և հարցազրույցներ:

Երբ իմացա, որ մասնակցելու եմ մեդի ճամբարին, ուրախությանս չափ չկար, չնայած նրան, որ հայրս մինչև վերջին պահը դեմ էր, բայց իմ երկար լացուկոծից հետո, համաձայնեց:

Մեդիա ճամբարին մասնակցելու օրվանից ձեռք եմ բերել շա՜տ ընկերներ և գիտելիքներ, մինչև այդ ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչպես են նկարում, որ նկարները այդչափ հետաքրքիր են լինում, և այդ հարցերի պատասխանները ստացել եմ և՛ դասընթացների ժամանակ, և՛ մեդիա ճամբարից:

Ինձ ոգևորում էր այն, թե 17.am-ի աշխատակիցները ինչքա՜ն համախմբված են, և յուրաքանչյուրը կուզենա համագործակցել նրանց հետ:

Սպասելիքներս մեդիա ճամբարից դասեր քաղելն է, և սովորել այն, ինչը չգիտեի մինչև այսօր, և ինչը կարևոր է լինելու մեր ողջ կյանքում:

Բելլա Առաքելյան

***

Ես Մանե Բաբաջանյանն եմ ԵղեգնաձորիցMane Babajanyan

Ես 16-ամյա Մանե Բաբաջանյանն եմ` Եղեգնաձորից: Սովորում եմ ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Մասնագիտության հարցում փոքր-ինչ տատանվում եմ, բայց ցանկանում եմ դառնալ տնտեսագետ: Ավելի ճիշտ`դեռ ցանկանում եմ, քանի որ իմ մտքերն ու ցանկությունները ժամանակի ընթացքում հաճախ են փոփոխվում:

Թեև տարիքով ադքան էլ մեծ չեմ, բայց կյանքիս կարևոր ձեռքբերումներից մեկն եմ համարում «Մանանայում» հայտնվելս: Գրեթե մեկ տարի է, ինչ թղթակցում եմ 17.am-ին ու բավական շատ բան եմ հասցրել սովորել:

Փոփոխություններ շատ եմ սիրում ու, կարծում եմ, առանց դրանց կյանքը մի փոքր անհետաքրքիր կլիներ: Իսկ 17.am-ն իմ կյանքում նոր փոփոխություն էր: Այն ինձ հնարավորություն ընձեռեց աշխարհին նայել նոր գույներով ու նոր տեսանկյունից:

Հետո, ի ուրախություն ինձ, հայտնվեցի ճամբարում: Թե ինչպես անցավ առաջին օրն ու ինչ սպասելիքներ ունեմ ճամբարից, պատմել եմ իմ նախորդ նյութում, դե,մնացածն էլ` հետո:

Երևի թե այսքանն իմ մասին: Եկեք էլ չշարունակեմ, մեկ էլ տեսար` ամբողջը փոխեցի: Դե, ես փոփոխական մարդ եմ, չէ՞, մանավանդ հիմա, երբ աշնանային մեդիա ճամբարն աստիճանաբար վերածվում է ձմեռայինի:

Մանե Բաբաջանյան

***

Ես Գայանե Հարությունյան եմ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղից

gayane harutyunyan

17.am-ի մասին իմացել եմ ընկերուհուս՝ Դիանայի միջոցով: Այդ օրը ես ներկա չեմ գտնվել դպրոցում հանդիպմանը: Առավոտյան, երբ եկա դպրոց, ինձ Դիանան պատմեց, որ դպրոց «Մանանա» կենտրոնից էին եկել: Երբ եկա տուն, որոշեցի գրել 17.am-ի ֆեյսբուքյան էջին: Գրեցի և ինձ պատասխանեցին` տալով առաջին հանձնարարությունները:

Արդեն մեկ ամիս է 17.am-ի թղթակից եմ: Հիմա ճամբարում եմ, և արդեն ձեռք եմ բերել շատ ընկերներ, որի համար շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին: Այստեղ օրը շատ հագեցած է անցնում: Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ ճամբարին:

Գայանե Հարությունյան

***

Ես Սուրեն Ղազաարյանն եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքիցSuren Ghazaryan

Սովորում եմ տեղի ավագ դպրոցի տասներորդ դասարանում ու տասնհինգ տարեկան եմ։

Ամեն ինչ սկսվեց այսպես։ Ես նստած էի դասարանում, և հանկարծ տնօրենը ներս մտավ ու կանչեց ինձ։ Սկզբում շատ վախեցա՝ հիշելով բոլոր վատ արարքներս, բայց երբ իմացա կանչելու իրական պատճառը, շունչս տեղը եկավ:

Սեյրանի հետ շտապեցի դասընթացին, ու հենց այդտեղ էլ ծանոթացանք 17.am-ին, ու մեր կյանքն էլ որոշ չափով փոխվեց։ Այդ դասընթացից ես շատ բան սովորեցի ու սկսեցի ամեն ինչ ավելի խորը ըմբռնել։ Ու հանկարծ մի երջանիկ օր, երբ ես ինֆոտանն էի, ինձ քաղաքային համարից զանգ եկավ։ Պարզվեց Լիլիթն է և ինձ հրավիրում է մասնակցելու ճամբարի։ Սկզբում չհավատացի. չէի պատկերացնում, որ կարող եմ ճամբար գնալ, բայց դե ստացվեց, ու ես հիմա ճամբարում եմ, նստած գրում եմ այս նյութը ու մտածում, որ ես այն քառասուն երջանիկներից մեկն եմ, ում բախտ է վիճակվել գտնվել այստեղ։

Սուրեն Ղազարյան

***

Ես Կարեն Կարապետյանն եմ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից

karen karapetyan portret

Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում. հենց այստեղ եմ ծանոթացել 17.am-ի անձնակազմի հետ: Ճիշտն ասած, երբ նրանք եկան մեր դպրոց, ես մտածեցի, թե մյուս սեմինարների կամ կազմակերպություների նման կգան և կանհետանան անվերադարձ, բայց երբ իմացա, որ դա վերաբերվում է թղթակցությանը ինձ շատ հետաքրքրեց: Սակայն հանգամանքների բերմամբ ես շուտ դուրս եկա, բայց տխրեցի, որ մինչև վերջ չմնացի և չիմացա, թե ինչի մասին է և ինչ պետք է անեմ, որպեսզի դառնամ կայքի թղթակից: Գնացի տուն, մի քանի գործեր վերջացնելուց հետո արագ միացրի համակարգիչս ու գտա 17.am-ի էջը ֆեյսբուքով, հարցրի, թե ինչ պիտի անեմ, որ դառնամ թղթակից: Ինձ տվեցին այն թեմաները, որոնց մասին պիտի գրեի. ես մի անգամից անցա գործի: Հետո իմացա, որ պետք է մասնակցեմ դասընթացի: Առաջին նյութս ձկնորսության մասին էր՝ Իմ առաջին կարթը» վերնագրով: Հիմա ես ցանկանում եմ դառնալ լրագրող, և սա ինձ համար լավ շանս է, որպեսզի իմ գիտելիքները ավելի խորացնեմ:

Կարեն Կարապետյան