Հեղափոխված լինելով

Գիտեք, էս հեղափոխության վերաբերյալ այնքան բան ունեմ պատմելու, որ այդ մեծածավալ ինֆորմացիայի չգիտեմ որ հատվածից սկսել ու որ դրվագով ավարտել:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ամեն ինչ սկսեց համալսարանի իմ տիպոգրաֆիկա և շրիֆտ առարկայից: Հիմա կասեք՝ ինչ կապ ունեն տառատեսակները ցույցերի և թավշյա հեղափոխության հետ, հիմա կասեմ: Այդ օրը, հիշում եմ, հանձնարարվեց գրել թղթի վրա մի ողջ այբուբեն մեծատառերով և փոքրատառերով: Արդեն մեջս պատկերացնելով կարկինի ու իմ կռիվը, դժգոհ դեմքով սկսեցի համալսարանից քայլել դեպի մետրո: Շարժասանդուղքներից իջնելուն պես տեսա դեպի ինձ քայլող աղջկան, ով ձեռքը պարզեց և առաջարկեց բուկլետ: Սովորաբար երբեք չեմ վերցրել, բայց մտածեցի՝ կարող է համերգի է ՝ վերցնեմ, արժե մեկ-մեկ ցրվել դասերից: Վերցրեցի բուկլետը և արագ վազեցի դեպի գնացքը: Նստելուց մի քանի կայարան հետո տեսա կողքիս նստած մարդկանց, ովքեր կարդում են և ուսումնասիրում այն դեղին թուղթը, որը նաև ինձ են տվել: Այն, որն առանց նայելու գցել էի պայուսակի մեջ: Մի քանի վայրկյան ուսումնասիրելուց հետո տեսա #մերժիրսերժին կարգախոսը: Դուրս եկա իմ կայարանում, բուկլետը ձեռքիս քայլեցի մինչև ծառի տակ դրված նստարանը և սկսեցի ուսումնասիրել: Ամեն ինչ պարզ է: Բողոքի ակցիաներ, որոնք իրականացվելու են Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեմ:

Առաջին օրը չկարողացա մասնակցել: Այսինքն, չգիտեի, որ արդեն սկսվել է, տեղեկացա լրատվական կայքերից մեկի ուղիղ եթերի միջոցով, երբ տեսա «Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ» երգի տակ, եռագույնը ուսերին պարող աղջկան: Եթե ուղիղ եթերը մեկնաբանողը չասեր՝ «Այսօրվանից սկսել են բողոքի ակցիաներ» արտահայտությունը, հնարավոր է, հաջորդ օրն էլ չգնայի:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հաջորդ օրը գնացի Ֆրանսիայի հրապարակ: Քայլում եմ ու տեսնում, կա և լռություն և պայքարող աղմուկ: Նկատեցի, որ նստարանը, որին նստում էի չկա: Այն գտնվում էր Բաղրամյան փողոց գնացող անցումի վրա: Իսկ անցումի ամեն մի գծի վրա գրված էր «ՍԵՐԺԻԿ, ԼԱ ԴԵՆԸ », «ՄԵՐԺԻՐսԵՐԺԻՆ» կամ՝ «Մենք ենք տերը մեր երկրի արտահայտությունները»: Ես էլ դե սովորությանս համաձայն, հանում եմ հեռախոսս՝ սկսում լուսանկարել անցումից մինչև կենտրոնական հատվածում դրված վառարաններ: Համ նկարում եմ, համ հպարտանում հայ ժողովրդովս, համ էլ նքս ինձ ծիծաղում: Ով կպատկերացներ, որ այս հատվածը, որտեղով վազելով էի անցնում, հիմա կարող եմ նստել փողոցի կենտրոնում, լսել այնպիսի զրույցներ, որոնք անկախ քեզնից ժպտալու, հպարտանալու առիթ են դառնում, որ շրջապատված ես նման մարդկանցով, ու բացառում «երկիրը երկիր չի» ասվածը: Չէ, ժողովուրդ, երկիրը երկիր ա, ղեկավարությունը ղեկավարություն չի: Հիմա կասեն 18 տարեկան տղան ի՞նչ գիտի ղեկավարությունից կամ ինչ ա հասկանում, բայց հո մենակ ես չե՞մ՝ կա երկու հարյուր հազար մարդ, ովքեր դժգոհ են, կամ այսպես ասած, դանակը հասել է ոսկորին: Ովքեր հոգնել են մի կերպ մեծ գումարներով կոմունալներ մուծել և գրոշներով քսանչորս ժամ աշխատել: Ինչպես հայկական ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Առանց կրակ ծուխ չի լինում», և հենց այնպես այսքան մարդ չէր հավաքվի քաղաքում:

Գիտե՞ք ինչն եմ շատ գնահատում, որ համախմբվածության ժամանակ չկա տարբերություն ոչ մեկի միջև, և տիրում է միայն ջերմ մթնոլորտ: Երբեք չեմ մոռանա տատիկների և պապիկների ժպիտները, երբ տեսնում էին ուսանողությանը: Մանավանդ Սասուն պապի հայրենասիրական և լիքը ապրումներ տեսած հայացքը: Հա, ի դեպ, եթե անծանոթ թվաց Սասուն պապի անունը՝ հիշեցնեմ: Զինվորական համազգեստով՝ եռագույն գլխարկով և սպիտակ մորուքով հայ պապիկը: Սասուն Պապին տեսնելուց ես անընդհատ հիշում էի իմ պապիկին: Ես իրենից թույլտվություն խնդրեցի ֆոտո անել իրեն և իր ձեռքի զույգ ժամացույցները:
- Բալա, էս ժամացույցները չեն աշխատում, ժամս հեռախոսով եմ նայում, ես ուղղակի կապել եմ, որովհետև մեկում մեր Մոթեն ա, իսկ մյուսում՝ Տիգրան Մեծի Ծովից-Ծով Հայաստանը:
Հետո գնացի էլի վառարանների մոտ, որովհետև գեղեցիկ պահ կար նկարելու, երբ մեկ վերմակով փաթաթված մի քանի հոգի էին ջերմ-ջերմ նստած: Գիտե՞ք, ինչն է իմ մեջ նաև տպավորվել: Երբ վառարանից հավաքում էին կարտոֆիլը՝ ձեռքներս վառելով տանում տալիս առավոտից անցումի վրա նստած ուսանողուհիներին, որ ուտեն, իսկ ուսանողուհիներն էլ տանում տալիս էին իրենցից մի կես մետր հետ նստած տարեցներին:

Այսքան գրեցի, բայց այնքան շատ բան կա, որ դեռ չեմ կարողանում հավաքել և ընդհանրացնել: Ուզում եմ նկարագրել ճանապարհներ փակելու, պայթուցիկներին ընդառաջ գնալու և շարժումը չկորցնելու ուժի մասին: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես թաքնված մեքենաներով արագ հարձակվեցին մեզ վրա: Ոստիկանական ամենավերջին մոդելներից դուրս էին գալիս տասնյակ ոստիկաններ ռետինե մահակներով: Երբ փախչում էինք, զարմանում էինք մեր արագության վրա: Ես ինքս ինձ ասում էի՝ դե, ոստիկանն էլ մեղավոր չի՝ անում են աշխատանքը չկորցնելու համար, բայց կարծիքս փոխվեց, երբ փախչող ուսանողների հետևից ոստիկանը արեց նման հայտարարություն:

- Սարգսյան, տեսա՞ր էս ոնց փախան:

Այդ պահին մի երիտասարդ շրջվեց և ասաց.

- Բա կարո՞ղ ա գիտեիք՝ կանգնելու են, նայեն, թե ոնց եք ձեռքները ոլորում ու ծեծելով գցում մեքենան:

Հա, հասկացանք, որ այդ ամենը անում էին աշխատանքը չկորցնելու համար, բայց հաստատ չէին պարտադրել ձեռքեր ոլորելուց հետո խփել, ցավեցնել, նոր տանել դեպի մեքենան: Գիտե՞ք ինչում եմ ասում էսպես վստահ, որովհետև երբ քայլում էի Հյուսիսային պողոտայով դեպի Օպերա, ինձ ընդառաջ եկավ մի տղա, որն ամբողջությամբ փոշու մեջ կորած էր: Մի կերպ քայլելով մոտեցավ և խնդրեց 300 դրամ, որպեսզի հասնի Աբովյան քաղաք: Իսկ երբ հարցրեցի, ինչ է եղել, ոչինչ չասաց, լուռ բարձրացրեց շորը և ցույց տվեց սև նեղ ու երկար կապտուկները: Նա անգամ ասաց, թե ինչ են ասել, որ իր վրա վերցնի, բայց չվերցնելու հետևանքով ստացել էր այդ սև ու նեղ կապտուկները:

Այդ օրերին ուղղակի ուրախ էի, որ փոքր ժամանակվա երազանքս իրականություն չի դարձել, և ես ոստիկան չեմ: Միգուցե մեր այս նոր Հայաստանում ափսոսեմ, որ ոստիկան չեմ դարձել: Չգիտեմ:

…Բացում եմ հեռախոսս: Դեռ չբացված էկրանին զգուշացում է չբավականացնող հիշողության մասին: Ափսոսում եմ ջնջել, ամեն կադրի հետ պատմություն կա: Օրինակ, փշալարերի մոտ բղավող տղամարդու ֆոտոն ես արել եմ լսողությունս որոշ չափով կորցրած, որովհետև մի քանի մետր հեռու պայթեց պայթուցիկը, որի ձայնային հզորությունը հասնում է 160 դեցիբելի, իսկ մարդու ամենաբարձր ձայնը չի գերազանցում 8 դեցիբելը: Արդեն երևի պատկերացրեցիք: Հանդիպել եմ նաև կարմիր բերետավորների, բայց չեմ ուզում ասել ամեն բախման ժամանակ ինչ է կատարվել, որովհետև այս նյութը չեմ գրում ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար:

Ես կուզենայի անդրադառնալ նաև պարոն Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որոնք այնքան նուրբ ու գրագետ էին, որ իսկապես թավշյա էր և ոչ մի բացասական կողմ չուներ: Չկային ջարդվող ապակիներ, չկար թունավոր գազ, կամ բարձր ձայնային պայթուցիկներ: Կային միայն հայրենասիրական խոսքեր, պահանջներ, վանկարկումներ, որոնք չարժե այստեղ գրել, բոլորը գիտեն ու ոգեշնչող ծափեր, կամ դանդաղ ծափից մինչև արագացող ծափահարություններ:

Ես չեմ մոռանա այն պահը, թե ինչպես նա ընկավ փշալարերի վրա և խորը վնասվածք ստացավ, բայց կարճ ժամանակ հետո էլի եկավ՝ մեզ մենակ չթողնելով: Դա նույնպես չեմ մոռանա: Այդ պահին տանել չէի կարողանում, երբ դժգոհողները սկսեցին նորից.
«Նիկոլը ուրիշի մարդն ա, սաղ հանուն շահի ա», «Անիմաստ արևի տակ խանձվում եք». «Հհկ-ի դեմ խաղ չկա, ինչ ուզում եք՝ արեք», «Անիմաստ ա, ժողովուրդ», ու ծիծաղի սմայլիկներ…

Այս արտահայտությունների համար ներողություն խնդրեցին Սերժի հրաժարականից անմիջապես րոպեներ հետո, երբ հասկացան որ այդ տրամադրություն գցող արտահայտությունների փոխարեն կարելի էր գալ և օգտակար լինել:

Ցավոք սրտի, վերջին երկու օրը Երևանում չէի, բայց էլի ցույցերի մասնակցեցի Տավուշի մարզում, Նոյեմբերյան քաղաքում, որտեղից էլ շարժվում էինք հայ-վրացական անցակետ:

Զարմանում էի պարոն Փաշինյանի խոսքի հզորության վրա, թե ինչպես էր միայնակ ղեկավարում երկու հարյուր հազար քաղաքացու:

Ուզում եմ էլի գրել, էլի կան շատ մտքեր ու հուշեր, բայց երևի սահմանափակվեմ:

Խնդրում եմ, երբ ազգս որոշում է ոտքի կանգնել, կողքից մի խանգարեք, թևաթափ անող խոսքեր մի ասեք: Ավելի լավ է լռել, չմասնակցել, քան ասել, որ անիմաստ է:

Վաղը դարձյալ ԱԺ-ում կկայանա վարչապետի ընտրություն, և հուսանք կհաղթենք: Սպասենք մեր նոր վարչապետին, այսքան ժամանակ երկար սպասված ժողովրդի թկնածուին: Վերջապես պետք է, չէ՞, հայ ժողովուրդը ժպտա: Որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լքել առանց այդ էլ դատարկված գյուղերը, և տները վաճառելու փոխարեն, մտածեն այն մեծացնելու, ավելի ամուրը կառուցելու մասին:

Եթե հանկարծ մի բան էլ էն չլինի՝ հիշեք, որ մեկ մարդու քայլը այսօր հավասար է երեք միլիոնի քայլին: