mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 2

«Քելե՛, լաո, քելե՜ էրթանք մըր էրգիր…»:

Լուռ վայելում էր՝ աչքերը փակած, աշխարհից կտրված, մեր պապերի հայրենիք հասած… Բայց լռությունն էլ խոսուն է, ավելի խոսուն, քան այս բառերը, որոնցով փորձում եմ նկարագրել այն:

Պապս նրան պատմել էր մեր արմատների, մեր ազգի պատմության, մեր պապերի առօրյայի ու Իգդիրից նրանց գաղթի մասին, իսկ այժմ հերթը իրենն էր, ինքն էլ պիտի մեր պատմությունն ինձ փոխանցեր, բայց ոչ միայն պատմությունը, այլև հայրենասեր ոգին: Իսկ հայրենասիրության գերագույն չափանիշը կյանքը հայրենիքին նվիրաբերելու պատրաստակամությունն է, որը նա ցուցաբերել է տարիներ առաջ:

-Յանշակում էինք,- պատմում էր հայրս,- ամեն օր ռմբակոծություններ ու չդադարող մարտեր: Երեկոյան ժամերին մեր հրամանատարներից Գլոբա Վովան գնում էր հետախուզության:

-Թույլ տվեք ձեզ հետ գալ,- խնդրում էի ես:

Վերջինս, թե՝ ցուրտ է, մնա վաշտում (որպես վաշտ մի փոքր տնակ էինք վերցրել): Բայց ինչպե՞ս: Արյունս եռում էր, այլևս մահից չէի վախենում: Վովայի գնալուց հետո, տեսնելով, որ Էդիկ Բաբայանը գումարտակին ուղարկում է մեր կացարանից ձախ գտնվող սարի լանջին դիրքավորվելու՝ ես նրան դիմեցի ու տղաների հետ գնացի դիրքեր: Ի՞նչ արած, մի քիչ անհնազանդ էի: Դիրքավորվեցինք սարի լանջին՝ ամբողջ երկայնքով, իրարից տասը մետր հեռավորության վրա ու սպասում էինք թշնամու մեծամասշտաբ հարձակմանը: Իմ մի կողմում Մուսոյան Խաչիկի դիրքն էր, ով գալիս էր ինձ մոտ: Ծածկոցը գլխներիս գցած (որպեսզի աննկատ մնանք թշնամու համար) ծխում էինք, շշուկով զրուցում, ու նա իր դիրքն էր վերադառնում: Լուսացավ: Հարձակում չեղավ, ու ցած իջանք սարից:

Վովան վերադարձել էր հետախուզությունից: Զայրացավ, որ լքել եմ տունը ու գնացել դիրքեր:

-Ես ուզում եմ քեզ ողջ-առողջ տուն հասցնել, իսկ դու դիրքեր ես փախչում:

-Գուցե ես մեռնե՞լ եմ ուզում,- կատակում էի ես:

Հիմա մտաբերում եմ այն ամենը, ինչ իմ գլխով անցել է, ու հասկանում, որ դրանք կյանքիս լավագույն տարիներն են եղել, եթե հաշվի չառնենք զոհերն ու վատ դրությունը հայրենիքում: Խաղաղ ժամանակ, հաճախ՝ նաև մարտի ընթացքում, ամեն բան արկածախնդիր էր ու փոքր-ինչ երգիծական:

Հիշում եմ՝ քարայրում էինք, ու հանկարծ գիշերային հերթապահներից մեկը՝ Գևորգը (Միչուրինը), դրսից վախեցած ներս ընկավ ու հայտարարեց, որ թուրք է տեսել: Ես ու մի զինվոր դուրս եկանք, գնացինք Գևորգի մատնանշած վայրը:

-Ո՞ւր է թուրքը,- հարցնում եմ:

Ծառի կողմն է ցույց տալիս: Նայեմ, տեսնեմ՝ ոչ մի թուրք էլ չկա: Իր ստվերից էր վախեցել: Կատակելով հետ եկանք քարայր:

Երբ ամեն վայրկյան հարձակումը սպասելի է, հասարակ իրերն ու երևույթները սարսափելի են թվում: Պատերազմն էլ նման բան է, միշտ պետք է զգոն լինել: