Հյուրը

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Արզականում ամենահետաքրքիր իրադարձությունը հյուրընկալ ընտանիքին հանդիպելն էր, այն էլ Ազիզյանների ընտանիքին։ Ընտանիքում Բացի մեզնից ուրիշ հյուրեր էլ կային։ Հյուրերից ամենաուշագրավը, թերևս, Սուսան տատիկն էր, ով հենց ամենասկզբից տարբեր կատակներ էր անում ու ապահովում մեր բարձր տրամադրությունը։

Սուսան տատիկը Արարատից եկել էր Արզական՝ Ազիզյաններին հյուր։ Երբ հարցրեցի, թե ինչպես է սկսվել նրանց բարեկամությունը, նա շատ մեծ ոգևորությամբ պատմեց.

-Կարենս ու Սասունը (տանտերը) իրար հետ ծանոթացել են Չեխոսլովակիայում ծառայելիս, մոտիկ ընկերներ են դարձել ու դրանից հետո բարեկամություն ենք հաստատել։

Տարբեր առիթների գալիս ենք, այցելում Արզական՝մեր բարեկամների տուն։

Բելգիացի մասնակիցներից մեկը մոտենում է Սուսան տատիկին նկարելու.

-Աղջի՛, սպասի մազերս սանրեմ՝ նոր նկարի։

Ու ավելացնում.

-Էս օտարերկրացիները բայց լավն են, ես իրենց ընդունում եմ ոնց որ հայի, եթե գալիս են Հայաստան, ուրեմն մեզի սիրում են։ Ես շատ երկրներ չեմ այցելել, կուզեի գնայի աշխարհ տեսնեի, բայց Հայաստանից դուրս երբեք չեմ ապրի։ Հենա, որ Մորենը ինձ տանի Բելգիա, մեծ հաճույքով կգնայի տեսնեի,-ավելացնում է ծիծաղելով։

Ի դեպ նշեմ նաև, որ Սուսան տատիկը Մորանին շատ էր հավանել, անգամ կատակում էր, որ նա պետք է մնա Հայաստանում և ամուսնանա հայ տղայի հետ։

-Այ ցավդ տանեմ, Հայաստանը լավն ա: Ես Հայաստանում ծնվածս օրվանից ոչ մի տեղ չեմ ուզում գնալ, մենակ թե՝ պատերազմ չլինի։ Հայաստանը կծաղկի անպայման։

Ճաշում ենք։ Ճաշելու ընթացքում բազմաթիվ կատակներ անելուց և մեր տրամադրությունը բարձրացնելուց հետո սկսվեց հայ աղջիկների մասին զրույցը.

-Մեր հայ աղջիկներին շատ եմ սիրում՝ նամուսով են, հարգանքով, բայց որ մի սխալ բան եմ տեսնում, հարազատի նման նեղվում եմ։ Էս Մորանը ոնց որ իսկական հայ լինի, ի՞նչ կլինի, որ պահենք Հայաստանում։

Նորից սկսվում է կատակների շարանը, ու մենք ծիծաղում ենք։

-Սուսան տատի՛կ, ախր, ձեր կատակները շատ լավն են։

-Ես կատակներ շատ եմ սիրում անել, հատկապես՝ քեֆերին և ուրախություններին։ Ես սիրում եմ երեխեքի հետ երեխա ըլնեմ, տատիկների հետ՝ տատիկ։ Չեմ սիրում, որ ջահելները ինձնից նեղվում են, ասում են՝ խոսեցինք, ծիծաղեցինք՝ ջղայնացավ մեր վրա…

Մեր ջահելներին շատ եմ սիրում, իրանք մեր երկիրը դբա լավն են տանելու,-եզրափակեց Սուսան տատիկը։

Վերջում վերցրեց Մորանի ակնոցը, դրեց, թե բա՝ ինձ նկարեք։

-Հաջո՜ղ ժուռնալիստներ ջան, դուք եք ինձ հայտնի դարձնելու։