«Հորովել»

Հարցազրույց Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի մեներգիչ, «Մաշտոց» թերթի գեղարվեստական խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Ստեփան Դալլաքյանի հետ:

-Պարոն Դալլաքյան, պատմեք ձեր երաժշտական ուղու մասին: 

-Մեր ընտանիքում ձայնային տվյալներով աչքի էր ընկնում մայրիկիս կողմը, բայց ոչ մեկը երգիչ չի դարձել, հորական կողմում էլ տատիկս էր: Պապիկս էլ լավ պարում էր, էն մեր քոչարին, որ տեսնեիր պարելուց, խելքդ կգնար. իսկական, ծանր, համով:

Եվ դեռ մանուկ հասակում հայրս ուշադրությունս հրավիրեց մեր ժամանակի լավագույն երգիչ-երգչուհիների վրա՝ Արաքսյա Գյուլզադյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան… Բայց իմ ամենասիրելի երգիչը Շարա Տալյանն էր. մի բազմակողմանի զարգացած մարդ, ասեմ, որ նա եղել է աշուղ Շերամի հորեղբոր տղան: Տալյանների գերդաստանում տատի անունը Տալո է եղել, և այնքան հզոր կին էր, որ գերդաստանի ազգանունը նրա անունով դրել են Տալյան: Ջիվանին էլ նրանց փեսան է եղել, քրոջ ամուսինը: Շարա Տալյանը միակ երգիչն էր, ով ստեղծեց առաջին գուսանական անսամբլը, բերեց ու մեզ ներկայացրեց հայ հին աշուղական երգը. դա կլիներ Ջիվանու երգերից, Շերամի, Նիազի… Մի խոսքով, այսօր էն հայկական երաժշտական ծաղկեփունջը, որ ապրում է, ապրում է նրա շնորհիվ: Բացի այդ, նա նաև յուրահատուկ օպերային երգիչ էր. տենորի պարտիա էր երգում, բարիտոնի, բասի պարտիաներ, շատ ունիվերսալ մարդ էր: Նրա ազդեցությունը իմ վրա շատ է եղել: Դեռ չորս տարեկանում, երբ ինձ հարցնում էին՝ ինչ պիտի դառնամ, ասում էի` երգիչ: Ժամանակին մի պահ շեղվեցի, գնացի դեպի շինարարություն ու շինարարական կրթություն ստացա: Պոլիտեխնիկում մի ինքնագործ խումբ ունեինք, ես այդտեղ երգում էի: Ավարտական երեկոյի ժամանակ Ղուկաս Ղուկասյանի անվան մշակույթի տան տնօրենը ինձ նկատեց և հրավիրեց այդ ժամանակվա վոկալ-պարային անսամբլ: Այդ օրվանից սկսվեց իմ բեմական գործունեությունը: Դա 1968 թվականն էր: Կարծեմ հոկտեմբերի տասնհինգին էր առաջին ելույթս: Մինչ այդ ժամանակ ծխախոտ էի օգտագործում, բայց այդուհետև հրաժարվեցի դրանից ու շատ ճիշտ արեցի, որովհետև կարողացա շուրջ հիսուն տարի երգել, ու մինչև հիմա էլ կոկորդս լավ պահպանվել ա: Այսպիսով պոլիտեխնիկական ինստիտուտը շրջվեց, դարձավ երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին: Իմ կոլեգաներից մեկը՝ Ազատ Ճուղուրյանը, դարձավ իմ վոկալի դասատուն: Շուրջ հինգ տարի ձայնս մշակեցի՝ սովորելով դասական բաժնում: Ավարտական քննության ժամանակ, սովորաբար չեն ծափահարում, բայց ինձ ծափահարեցին, որովհետև շատ բարդ ծրագիր երգեցի. արիաներ «Пиковая дама»-ից, «Անուշ» օպերայից Սարո երգեցի: Ըստ կարգի, պիտի երգեի չորս երգ, մի դուետ, բայց երգեցի համարյա ութ երգ: Բայց կոնսերվատորիա չգնացի: Շատերն էին գնացել ու էնքան գոռացնելով երգացրել էին, որ հիվանդություն ձեռք բերեցին: Կոլեկտիվը 1972 թվականից դարձավ պետական, ես էլ դարձա պետական անսամբլի մեներգիչ: Կողքիս ունեի ավագագույն երգիչներ, ուսուցիչս՝ Ազատ Ճուղուրյանը, նաև Սուրեն Թորոսյանը, Ռոբերտ Մխիթարյանը, Ամալյա Պողոսյանը, նրանցից ամենաերիտասարդը ես էի, 17-18 տարեկան, և ես գողացա նրանցից ամեն ինչ: Այդպիսով սկսվեց իմ երաժշտական կարիերան և շարունակվում է մինչև այսօր: 90-ականներին պետական ստատուսը կորցրինք, բայց շարունակեցինք երգել:

-Հե՞շտ էր արդյոք այդ ժամանակ գործունեություն ծավալել:

-Դժվար էր: Մեզ սվիններով դիմավորեցին… Դե, մենք շրջանի կոլեկտիվ ենք, առաջ մայրաքաղաքից բացի ուրիշ ոչ մի տեղ պետական անսամբլ չկար: Թաթուլ Ալթունյանին ուղարկեցին, որ գա տեսնի` մենք ինչ մակարդակ ունենք, որ մեզ պետական ենք կոչում: Եկավ, համոզվեց, ողջունեց, ասաց. «Ամեն ինչ տեսած եմ, ամեն մրցանակ ունեմ, բայց պատիվը մարդուս՝ աշխատանքի իրավունք ունենալն է»: Մեր կոմպոզիտորին ասաց ՝աշխատիր, տղա՛ս, քեզ մեծ աշխատանք է տրված: Եվ աշխատեցինք՝ մեծ համբավ բերելով մեր կոլեկտիվին, ունեցանք բազմաթիվ շրջագայություններ մի քանի անգամ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Իրաքում, Իրանում: Ես ինքս մենահամերգներով հանդես եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց այսօր ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ, ուզում եմ մնալ իմ հայրենիքում: Վերջին տարիներին էլ ընդունվեցի Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ: Չնայած Վանաձորի մասնաճյուղում եմ սովորել, բայց իմ դիպլոմի մեջ նշված է, որ հենց բուն ինստիտուտն եմ ավարտել: Ստացել եմ արվեստի կառավարման բակալավրի աստիճան: Արդեն վաթսունն անց էի, որ ավարտեցի այն:

- Ի՞նչ զգացողություններ էիք ունենում բեմ բարձրանալիս երիտասարդ տարիքում, և հիմա արդեն որպես փորձված արտիստ՝ ի՞նչ եք զգում:

-Երիտասարդ տարիքում ավելի էի լարվում, պատասխանատվությունը ավելի մեծ էր: Դե, երիտասարդ տարիքում էն փորձը, վարպետությունը չունես: Այսօր ցանկացած երիտասարդի որ լսես, էդ հուզմունքը, վախը կզգաս: Կամաց-կամաց ճանապարհ են անցնում, ինքնահաստատվում: Երիտասարդ տարիքում երգիչը ցույց է տալիս իր ձայնը, ավելի մեծ հասակում երգում է ամբողջ մարմինը՝ ոտքից մինչև գլուխ: Հիմի որ մտնում եմ փորձասենյակ, ամբողջովին մտնում եմ էդ աշխարհը, իսկ առաջ ջահել էինք, ձայններս զրնգում էր: Երիտասարդը ինչպե՞ս կարող է, ենթադրենք, երգի Ջիվանու «Ձախորդ օրերը» ու դրա իմաստը հասկանա, չի կարող: Մինչև 35-36 տարեկանը ես վախենում էի Շերամ երգել, իսկ այսօր մեծ երգացանկ ունեմ Շերամից, նաև Ջիվանի, Աղասի, Նաղաշ Հովնաթան, Սայաթ Նովա:

-Կպատմե՞ք ինչպես ծնվեց Լոռվա աշուղ Գուսան Զաքարյանի երգերի մշակման գաղափարը:

-Ես, կարելի է ասել, մոռացությունից փրկեցի Գուսան Զաքարյանին: Նրա հուղարկավորության օրը ես ինքս իմ մեջ երդվեցի, որ չպետք է թողնեմ, որ նա մոռացվի: Այսօր իմ ձայնագրությունների շնորհիվ ունենք նրա երգերի նոտագրված գիրքը, որից քսան երգը ես եմ տվել, նաև ժամանակակիցների հուշերից հավաքված նրա կենսագրությունը: Գյումրեցիները շատ են պարծենում իրենց Շերամով, բայց մենք էլ ունենք Գուսան Զաքարյան, ով գովերգում է մեր հրաշք բնությունը. Թումանյանը բառերով էր գովերգում, Գուսան Զաքարյանն էլ՝ երգով:

- Քանի՞ տարի տևեց այդ աշխատանքը:

-Շուրջ 20 տարի փնտրտուքների մեջ եղա, ինքս իմ պրիզմայով անցկացրի յուրաքանչյուր երգը: Օտար ելևէջներ կային երգերի մեջ, դրանք հանեցի, տեղեր կային` դադարներ չկային. դադարներ դրեցի: Մի խոսքով, երգերին գույներ հաղորդեցի՝ ավելի դասականին մոտեցնելով: Գունեղ երգեր են, բայց շատ դժվար կատարվող: Գիտեի՞ք, որ միակ երգը, որ գրվել է Հովհաննես Թումանյանի մասին, գրել է Գուսան Զաքարյանը: Չարենցի մասին միակ երգը, Խաչատուր Աբովյանի, շատ-շատերի մասին նա երգեր է գրել: Կուզեմ նշել, որ ինքը բնավորությամբ մի քիչ կոպիտ էր: Երբ լսում էր, որ իր երգը մի քիչ աղավաղում են, զայրանում էր, հայհոյում: Դրա համար շատերը վախենում էին երգել նրա երգերը:

-Ե՞րբ արժանացաք վաստակավոր արտիստի կոչմանը, և, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին:

- 2011թվականին արժանացա վաստակավոր արտիստի կոչմանը: Դա իմ երկար ու ձիգ տարիների վաստակն էր: Ցավոք սրտի, ես ոչ մի անգամ չկարողացա մնալ Երևանում: Մի քանի անգամ հրավիրեցին, տարան: Դարձա Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի մեներգիչ: Պատկերացրու, այդ նվագախմբում երգել են վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանը, Լևոն Իսպիրյանը, Ռուբեն Սահակյանը, Էդվարդ Դարբինյանը, Սուսաննա Սաֆարյանը և շատ հոյակապ երգիչներ: 6 ամիս աշխատեցի, շատ դժվարություններ ունեցա. չկարողացա մնալ: Մեկ-մեկ ասում եմ, որ Աստված էդ հնարավորությունը տվել ա, պետք ա մի քիչ էլ կարողություն տա: Երևանում էդ մասնագետը չկար, որ ես ձայնս մշակեի: Ես պիտի օպերային երգիչ դառնայի: Հայրս գյուղական ուսուցիչ էր, հնարավորությունը չէր ներում, թե չէ ես էլ կգնայի Իտալիա, ձայնս կմշակեի: Այսօր սրանից էլ եմ գոհ. իմ պատիվը, հարգանքը ունեմ թե որպես մարդ, թե որպես երգիչ:
Ինչ վերաբերում է կոչումներին, կասեմ, որ ժամանակ է եղել, որ ուզում էի էդ կոչումը տանել հետ տալ, քանի որ շատ մարդիկ, ովքեր ստացել են այդ կոչումը, պարզապես այդ արժանիքները չունեն: Կոմունիստների ժամանակ այդ կոչումը տալիս էին նրան, ով իրոք այդ վաստակը ուներ, իսկ հիմա ազատություն ա, անկախություն ա: Մինչև այդ կոչումը ստանալը կա հանձնաժողով, որին երաշխավորագրեր են տրվում քաղաքապետի, մարզպետի կողմից, քո ինքնակենսագրականը, երաշխավորագրեր երկուսից երեք ժողովրդական արտիստի կողմից. էդ ամեն ինչը գնում է նախարարություն: Ես ունեցել եմ հինգ երաշխավորություն: Իմ դեպքում 11տարի ձգեցին, վերջում տվեցին… Որովհետև Երևանում չեմ ապրում, դրա համար: Էստեղ մնալը, դա մեր պրոպագանդայի պակասն ա:

-Այսօր կա՞ն արդյոք շնորհաշատ երիտասարդներ, ովքեր, ըստ ձեզ, կշարունակեն ձեր գործը:

-Իմ, այսինքն տենորների գծով կասեմ, որ քաղաքում գրեթե չկան: Մի երիտասարդ ունեմ, ում հետ աշխատեցի 1-1.5 տարի: Երբ առաջին անգամ լսեցի նրան, ձայնի տեմբրը ինձ դուր եկավ, բայց, ցավոք սրտի, այսօր ինքը ուրիշ բնագավառում է աշխատում: Եթե մտնի երգարվեստ, հույս ունեմ հաջողություններ կունենա: Աղջիկներ ունենք Երգի թատրոնում, մեր անսամբլում է Հասմիկ Թորոսյանը: Ինքն էլ շատ լավ տեմբր ունի, նրա հետ շատ աշխատեցի, չարչարվեցի, պատրաստեցի նրան «Ժողովրդական երգիչ» նախագծին, բայց էդտեղ էլ թասիբներս չհերիքեց էնքան sms ուղարկեինք, որ հաղթեր: Մոսկվայում ունենք Արսեն Ալչանգյան անունով տենոր: Նրա հետ նույնպես աշխատեցի, պատրաստեցի կոնսերվատորիայի համար: Այսօրվա մեր անսամբլի տնօրենը՝ Արմեն Ներսիսյանը, նույնպես իմ աշակերտն է եղել, 8 տարեկանից թաթիկը բռնած տարել եմ երգի:

-Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք ձեր երաժշտական կյանքից:

-Իտալիայում ֆոլկլորային արվեստի փառատոնի էինք: Մասնակցում էին ութ պետություն: Ութ հատ էշ էին բերել ու դրանց պոչին գրել էին մասնակցող երկրների անվանումները: Թարսի պես մեզ մի հատ պառավ, մեջքը կռացած էշ էր հասել: Մեր տղաներից մեկը՝ Ռոբերտ Աղամալյանը, շատ ճարպիկ էր, ասացինք, որ էդ էշին նա պետք է նստի: Էս մեր էշը գնում- գնում էր, տեղ չէր հասնում: Էս տղեն երկու անգամ էշից ընկավ: Երկրորդ թե երրորդ տեղը գրավեցինք… վերջից: Դիպլոմը հանձնելուց բարձրացա, վերցրի էշի դիպլոմը տվեցի Ռոբերտին, մինչև հիմա պահում ա:
Մի դեպք էլ պատմեմ: Էլի Իտալիա էինք: Կաթոլիկ եկեղեցում պատարագ էր: Պատարագից հետո հնարավորություն են տալիս ցանկացած պետության տարազներով ելույթ ունենալ: Ուզում ես երաժշտություն միացրու, ուզում ես երգ երգիր: Բարձրացա, տղաներին ասացի դուդուկները հանեն, «Հորովելը» նախապատրաստեն: Սկսեցի երգել, դու մենակ լսեիր էդ ահռելի տաճարում ո՜նց էր հնչում: Պատվավոր հյուրերի օթյակ կար: Նայեմ` տեսնեմ նստածներից մեկը արտասուք ա թափում: Տղամարդ էր: Վերջացնելուց հետո որ հանդիպեցինք, պարզվեց տվյալ քաղաքի քաղաքապետն ա: Ձեռքի մազերը ցույց տվեց. փշաքաղվել էր: Հետո ձեռքը դրեց սրտին ու բարձրացրեց երկինք, ասաց. «էս ինչ աստվածային երգ էր»: Պատկերացրեք, օտարերկրացին յուրովի էր ընկալել այդ հրաշք երգը, սրտի նուրբ լարերին կպել էր ու ստիպել էր՝ արտասվի:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ստեփան Դալլաքյան երգիչը դարձավ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

-Շատ ժուռնալիստ ընկերներ ունեմ. Խալաթյան Սամվելը իմ քենակալն է, ընկերներիցս Գագիկ Անտոնյանը մեր, նաև բանաստեղծներ Մանվել Միկոյանը, Աթաբեկյան Գագիկը, Խորեն Գասպարյանը…Նրանք խոսում են, քննարկում են, սրա մասին գրենք, նրա մասին գրենք, մեկ, երկու, երեք, չորս… Ու էդպես տեսան, որ ես այդ ձիրքը ունեմ: Սերգո Երիցյանի մասին գրեցի, թումանյանական օրերի, Գուսան Զաքարյանի, շատ-շատերի: Եվ այդպես սկսեցի մոտենալ ժուռնալիստիկային: Մի խոսքով, մեկ, երկու, երեք, չորս, դարձա «Մաշտոց» թերթի գեղարվեստական խմբագիր… Ահագին բաներ ունեմ գրած: Տղաները խորհուրդ տվեցին, ասացին` էսքան բանը անում ես, էս մի բանն էլ արա:

-Ի՞նչն եք կարևորում լրագրողի աշխատանքում:

-Լրագրողի մասնագիտության մեջ կարևորում եմ առաջին հերթին նրա ազնվությունը: Լրագրողը պետք է ունենա սեփական կարծիք, չընկնի ուրիշների ազդեցության տակ, այսինքն, պահպանի իր սեփական ես-ը: Շատ կարևոր է անկախությունը, լրագրողը պիտի լինի անկախ. մարդիկ կան, գումարը տալիս են ու պարտադրում են իրենց ուզածով գրել: Լրագրողը պիտի պետության, ժողովրդի կողմից ապահովագրված լինի, որպեսզի կարողանա խոսի, ասի էն իրականությունը, ինչը կա:

-Մի փոքր կպատմե՞ք ձեր ընտանիքից: 

-Լավ ընտանիք ունեմ: Կինս սկզբից գծագրող-ինժեներ էր, հետո վերջին տարիներին աշխատեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանում որպես էքսկուրսավար: Երբեք չէի պատկերացնի, որ գծագրող-ինժեները կդառնա էքսկուրսավար, բայց ինքը իր վրա աշխատեց, ու նույնիսկ եղել են դեպքեր, որ այդ շրջայցից հետո ծափահարել են իրեն, իսկ հիմա արդեն թոշակի է անցել: Ունեմ երեք երեխա` երկու աղջիկ, մի տղա: Մեծ աղջիկս բժշկուհի է, Մոսկվայում է աշխատում, փոքր աղջիկս ճարտարապետ-դիզայներ է, սովորել է Միացյալ Նահանգներում, հիմա այնտեղ է, փոքրիկ տղա ունի, նրան է պահում: Տղաս ավարտել է Լենինգրադի պետական ծառայության ակադեմիան, այսօր հանդիսանում է ՎՏԲ բանկի Լոռու և Շիրակի մարզերի 18 մասնաճյուղերի տարածքային տնօրեն: Վեց թոռնիկ ունեմ, մեծ թոռնիկս Մոսկվայում տնտեսագետ է, փոքր թոռնիկս էլ երկու տարեկան է: Արդեն, փաստորեն, ոչ միայն վաստակավոր երգիչ եմ, այլև վաստակավոր պապիկ: