Դիլիջանյան մեդիա ճամբար. Մեր «չաթը» դեռ երկար կշարունակվի

Ես համալրում եմ այն երջանիկների շարքերը, որոնց բախտ է վիճակվել մասնակցել մեդիա ճամբարին: Ֆեյսբուքում ճամբարի մասնակիցների համար մի խումբ էր բացվել «Մանանայի» կողմից: Ես բոլոր մասնակիցներին ընկերանալու հայտ ուղարկեցի: Մենք «չաթ» բացեցինք և սկսեցինք շփվել: Դա ընդամենը վիրտուալ շփում էր, բայց ես հասցրի շատերի հետ մտերմանալ. Մանեի, Արտյոմի, դե Հովոյին վաղուց գիտեի, էլի «Մանանայի» շնորհիվ:Ինչպես գիտենք՝ ամեն օր 17.am-ում նոր նյութեր են տեղադրվում, և ես գրեթե բոլորը կարդում եմ: Շատ եմ հավանել Հռիփսիմե Վարդանյանի «Միապաղաղության դեմ» հոդվածը: Հոդվածը կարդալիս իմ մեջ ցանկություն առաջացավ հանդիպել նրան:  Մեդիա ճամբարում հանդիպեցինք, բայց նախքան հանդիպելն էլ հասցրել էինք մտերմանալ: Մեր նամակները մեկը կարդա՝ կմտածի, թե հազար տարվա ծանոթներ ենք: Բայց չէ, մենք ընդամենը երեք օրվա ծանոթ ենք: 

Հասնելով «Մանանայի» բակ՝ ես հեռվից ծանոթ դեմքեր էի փնտրում: Ո՜ւխ, վերջապես գտա:

-Դու Արտյոմն ես, չէ՞:

-Իյա, Սոն ջան, բարև:

-Բարև, հազար բարի:

Իրար գտանք, ուրախ-զվարթ շփվեցինք: Եկավ ժամանակը, երբ պետք է շարժվեինք: Տեղավորվեցինք, և սկսվեց…

«Չաթը» շարունակվում է, մեր «չաթը» դեռ երկար կշարունակվի: