Angelina Karapetyan

17.am-ն իմ կյանքում

-Մա՜մ, ա՛յ մամ, կօգնե՞ս շարադրություն գրեմ:

-Օֆ, Անգե՛լ, տեսնես կգա՞ մի օր, որ ինքնուրույն անես:

Այս երկխոսությունը բազմիցս կլսեիր իմ ու մայրիկիս միջև մեկ տարի առաջ: Իսկ հիմա.

-Ա՛ն, կօգնե՞ս քույրիկը շարադրություն գրի:

Փոփոխությունն ակնհայտ է 17-ի շնորհիվ: Մեր կայքում, երբ մի թեմայի շուրջ շատ ես գրում, այդ թեման համարվում է ծեծված, սակայն գոյություն ունի մի նյութ, որը երբեք չի հնանում, և քո կյանքի ամեն մի օրում կարող ես խոսել քո մեջ եղած փոփոխություններից: Դե, իհարկե հասկացաք՝ որ թեմայի մասին է խոսքը. «17.am-ն իմ կյանքում»:

Շուտով կլրանա մեկ տարին, որ թղթակցում եմ 17-ին: Ամեն ինչ սկսվեց նրանից… Դե, բոլորի մոտ էլ ամեն ինչ սկսվեց սեմինարներից, ապա՝ գործնական դասընթացներից, որոնք ապահովեցին մեզ գիտելիքով մեդիա ոլորտից:

Սկզբում չէի գրում իրական պատմություններ, հենվում էի երևակայականի վրա ու ամեն օր այդպիսի նյութեր ուղարկում, որոնցից ոչ բոլորն էին, որ տպագրվում էին: Սակայն ամեն ինչ փոխվեց:

Տեղի ունեցան հինգ մեդիա ճամբարները՝ Բյուրականում, Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում և աշնանայինը՝ Սևանում: Հաջողության հասա և մասնակցեցի աշնանային մեդիա ճամբարին: Սկզբում շատ էի վախենում, քանի որ բնույթով փակ մարդ էի, չշփվող, սակայն լրագրողը պետք է լինի շփվող, ազատ, որպեսզի կարողանա որսալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը: 17-ն արթնացրեց այդ ամենն իմ մեջ:

Ճամբարում հիանալի երեխաներ էին, հիանալի թիմ՝ «Մանանայի» մի փոքրիկ մասը կազմող անձնակազմ: Ճամբարի ընթացքում գիտելիքը կրկնապատկվեց: Սովորեցինք կինո նկարել, մոնտաժ անել, հավես կադրեր գտնել ու լավ դիրքերից նկարել, ճիշտ արտահայտել մտքերը, աշխատել իրական պատմությունների վրա: Չմոռանամ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի, լրագրող Կարինե Գևորգյանի և ռեժիսոր-օպերատոր Սարգիս Խարազյանի վարպետության դասերը:

17-ի շնորհիվ դարձա ավելի ուշադիր, հետաքրքրված շրջապատի մարդկանցով, խորաթափանց, սովորեցի համակարգչով արագ հայերեն գրել, էլ ո՞ր մեկն ասեմ: Կայացած մարդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտություն, ինչը ձեռք բերեցինք 17.am-ին թղթակցելով: