narek babayan

Աղվերանի մեդիա ճամբար. Ճամբարն ամենաթեժ պահին

Ճամբարում բոլորն արդեն իրար հետ լավ ընկերացել էին: Օրակարգի վերջին կետը՝ «հրաժեշտ, լացուկոծ, հեռացող ավտոբուս» լիովին ապահովված էր: Օրն իմ աչքով ամենահետաքրքիրներից էր: Ինչպես արդեն սովոր էինք՝ նախաճաշեցինք ու բարձրացանք կոնֆերենս դահլիճ: Այստեղ բոլորն ունեին իրենց առաջադրանքները: Ոմանք, այդ թվում և ես, «պարտք մնացած» նյութերն էին գրում, ոմանք ֆոտոարշավի էին պատրաստվում: Մի խումբ էլ գնաց հասավ Աբովյան՝ Տեր Մաշտոցին նկարելու: Նյութն ավարտելուց հետո ես, ինձ ազատ զգալով, գնացի մարզասրահ: Չէ, ի՞նչ մարզվել: Ինչ երեխայություն կար` մի քանի հոգով արեցինք:  Մինչ ճաշը դեռ ահռելի ժամանակ կար: Նախատեսված էր գնալ արշավի Ալափարս գյուղ: Մեր ղեկավարն էր Սիսակը: Առանձնակի շնորհակալություն նրան ինձ ֆոտո նկարելու ամենանուրբ ու կարևոր կանոններից մեկը բացատրելու համար. վերաբերմունք այն մարդու հանդեպ, ում նկարում ես: Ես կանգնեցի մի նստած պապի առաջ, մի ձեռքս անպետք համարելով դրեցի գոտկատեղիս, մյուս ձեռքով էլ փորձեցի նկարել: Ու այդ պահին կողքից լսեցի.

-Ինձ սենց նկարեիր, կվիրավորվեի: Հլը նորմալ նստի ու երկու ձեռքով նկարի:

Այս խորհուրդը ես հաստատ չեմ մոռանա: Հա, ի դեպ: Էդ նկարվող պապիկն ու մի տղամարդ մեր «գտած» ամենահետաքրքիր մարդիկ էին այդ գյուղում: Հետո պարզվեց, որ նրանք եղբայրներ են:

Վերադարձանք հյուրանոց, որտեղ մեզ մեծ անակնկալ էր սպասվում՝ վարպետության դաս լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի հետ: Նրա խոսելու ընթացքում չկար ձանձրացող մարդ, իսկ «Վերապրածները» ֆոտոշարքը հուզեց բոլորին: Մենք ուշացել էինք ընթրիքից մեկ ժամով, բոլորս էլ քաղցած էինք, բայց դա մեզ մի տեսակ չէր հուզում: Վերջիվերջո գնացինք ընթրելու, իսկ ընթրիքից հետո «Մանանայի» ֆիլմերից էինք դիտում: Ֆիլմից հետո բոլորիս ուժերն արդեն սպառվել էին, գնացինք ուղիղ քնելու:

Այսօրն էլ միացավ կյանքիս ամենահետաքրքիր օրերի շարքին ու գլխավորեց այն: