arusyak grboyan

Մա՞հ, թե՞ կյանք

Միշտ մտածել եմ կյանքի ու մահվան հերթափոխի մասին, բայց փոխեցի տրամադրվածությունս կյանքի հանդեպ՝ ուսուցչուհուս խոսքերից հետո: Առաջին օրն էր դպրոցում արձակուրդներից հետո: Ամբողջ օրն անցավ՝ քննարկելով մեր անցկացրած արձակուրդներն ու հանգիստը: Բայց ես շատ զարմացա, երբ ուսուցչուհիներիցս մեկը դասը սկսեց փոքրիկ առակով: Ահա այն այնպես, ինչպես տպավորվել է իմ մեջ.

«Կար մի հեռավոր քաղաք: Այն չէր տարբերվում մնացած քաղաքներից ոչնչով: Բայց ուներ մի առավելություն: Քաղաքում ապրում էր մի իմաստուն, որին բոլորը սիրում և հարգում էին: Նրա համբավը հասնում էր շատ հեռուներ: Քաղաքում ապրում էր ևս մի խելացի մարդ, որը նախանձից դրդված ցանկանում էր բոլորին ապացուցել, որ ինքն ավելի խելացի է, քան այդ իմաստունը: Երկար մտորումներից հետո նրա գլխում մի փառահեղ միտք է ծագում: Նա ասում է.

-Ես կբռնեմ փոքրիկ թիթեռի, կպահեմ նրան ձեռքիս մեջ և կհարցնեմ այդ իմաստունին՝ ինչ կա արդյոք իմ ձեռքում՝ մահ, թե կյանք: Եթե նա ասի՝ մահ, ես բաց կթողնեմ թիթեռին, եթե ասի՝ կյանք, ապա կսպանեմ նրան: Ամեն դեպքում նա սխալ կլինի:

Հաջորդ օրը նա անում է այն, ինչ մտածել էր, և հարցնում է իմաստունին.

-Ի՞նչ է իմ ձեռքերում՝ մա՞հ, թե՞ կյանք:

Իմաստունը պատասխանում է.

-Ամեն ինչ քո ձեռքերում է, կուզես՝ կյանք կլինի, կուզես՝ մահ:

Այսինքն՝ մեզանից է կախված, թե ինչ կլինի մեր ձեռքերում՝ մահ, թե կյանք»։

Այդ օրվանից հետո միշտ հիշում էի թիթեռնիկին ու ժպտում: Նա կարծես ամենուր ինձ հետ էր, իմ ուղեկիցն էր դարձել:

Մի օր մի դեպք էր պատահել ինձ հետ, և ես մի անիմաստ բանից զայրացել էի ու տխրել՝ չնկատելով, որ արդեն քիչ էր մնացել սպանեի թիթեռիս: Ես վնասել էի նրա փոքրիկ թևը, և դրա առողջացման համար մի քանի ժամ պահանջվեց: Բայց ի վերջո նա կազդուրվեց, կրկին ժպտաց ու նոր կյանք հաղորդեց հոգուս: