mariam tonoyan

Մայրը

Իրիկնամուտ էր. արևն առնում էր իր վերջին շողերը՝ կանաչավարս ծառերի ոսկևորված տերևները շոյելով։ Ամառային տաք քամին երեկոյան այդ ժամին հագել էր իր սարսռացնող վերարկուն ու փարվում էր փողոցներում դեռևս շրջող, թեթև հագնված մարդկանց ու նրանց սիրով մինչ տուն էր ուղեկցում։ Ճրագալույցի հետ սարերից իջնում էին հովիվները՝ ոչխարների հոտերն ու նախիրները գյուղական ախոռներ ցրելով։ Մթնող երեկոյի այդ ամայության մեջ պսպղում էին զույգ աչքեր՝ պարզ երկնքի պես բաց կապտավուն։

Հովիվներից մեկը, հանկարծ նկատելով խոտերի մեջ խլրտացող ստվերը, քայլեց այդ ուղղությամբ։ Եվս երկու քայլ ու կտեսներ, թե ով է դա, բայց հանկարծ բարձրահասակ խոտերի միջից մի բռունցքաչափ քար թռավ ու դիպավ հովվի ուսին։

Հովիվն անսպասելի հարվածից խրտնած՝ մռնչոցով մի քայլ հետ թռավ։

-Հի-հի-հի՜,- ձեռքը բերանին դրած ու բռնկուն քրքիջը հազիվ զսպելով՝ խոտերի մեջ երևաց փոքրիկ, նիհար մի աղջնակ՝ երկնագույն աչքերով։

Հովիվը զարմացած առաջ քայլեց.

-Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այս ժամին դրսում։

-Քըշ-քըշ,- ձեռքը հանդիմանանքով թափահարեց աղջիկը,- սո՜ւս…

Հովիվը շփոթվեց, կռացավ աղջկա հասակի չափ ու պատասխանի սպասող հայացքով սկսեց զննել նրա դեմքը. երկու՝ դեմքի հետ անհամապատասխան մեծ, փայլփլուն աչքեր, ներս ընկած, կեղտոտ այտեր, փոքրիկ բերան, որ թվում էր՝ միշտ ժպտում է, թուխ խոպոպիկներ, որ քամու հետ խաղալով դեսուդեն էին ընկնում նրա գունատ դեմքի վրա։

-Ծնողներ ունե՞ս, աղջիկ,- ավելի բարյացկամորեն հարցրեց հովիվը։

Աղջիկը հայացքը չկտրելով հարևան տան ցանկապատից՝ պատասխանեց.

-Մայր ունեմ։

-Հապա ինչո՞ւ դեռ քեզ տուն չի կանչել։

Աղջիկը չպատասխանեց, կռացավ, մի փոքրիկ քար վերցրեց ու նետեց հարևան տան բակը։ Ներսից մեկն ի պաստասխան երկու անգամ թխկթխկացրեց բարձր, փայտե ցանկապատը։ Հավանաբար դա ինչ-որ դրական ազդակ էր, քանի որ փոքրիկի դեմքն ակնթարթորեն փայլեց, ապա նա տեղում շորորվելով ու չարաճճիորեն երկարացնելով վանկերը, ի վերջո պատասխանեց.

-Մայրս հյուր ունի։ Երբ նա հյուր է ունենում, մեզ ուղարկում է դուրս՝ խաղալու։

Հովիվը խոժոռվեց։ Մինչ նա կխնդրեր իր հետևից եկող  հովիվներին, որ իր պատասխանատվության տակ գտնվող հոտը ևս ախոռներ հասցնեն, աղջիկն արդեն մոտերքում չէր երևում։

Մթնել էր. գյուղի ճանապարհները լուսավորվում էին տների պատուհաններից դուրս փախչող լույսերի նեղլիկ պատառիկներից, որոնք մերթ ընդ մերթ աղճատվում էին՝ ներսում անցուդարձողների ստվերներն իրենց վրա առնելով։ Թրթռացող լույսերի մեջ ողջ աշխարհն ասես երերում էր և մի պահ հովվին թվաց, որ այդ  երերուն իրականությունից փոքրիկ աղջիկն էլ սահել, անցել է մեկ այլ, ալիքվող հորիզոներ։ Քայլերը մեխանիկորեն բերեցին դեպի ցանկապատը։ Ներսի կողմից քչփչոցներ էին լսվում։ Հովվի կասկածները, թե աղջիկն այնտեղ կլինի, հաստատվեցին։

Մինչ կվճռեր ներս անցնել, նրա ուշադրությունը գրավեց վարդագույն կադիլակը, որ այնքան գռեհիկ էր գյուղի խղճուկ ֆոնին, ինչպես ադամանդյա պսպղան մատանին անխնամ ու արևակեզ մատի վրա։ Տնից, որի առջև կայանված էր մեքենան, դուրս եկավ հաստագլուխ, երկարավիզ, անճոռնի մի կերպարանք, նստեց մեքենան ու նորաոճ կադիլակը գյուղից դուրս սլացավ՝ վարդագույն դռնակները ցեխով նախշազարդելով։ Շուտով նույն տնից դուրս եկավ հաստլիկ մի կին ու այսուայնկողմ նայելով բղավեց.

-Լուսինե՜, Լուսինե՜…,- տեսնելով, որ մոտակայքում մարդ չկա, փողոց դուրս եկավ, ու լայն-լայն քայլերով շարունակեց,- Արմա՜ն, ո՞ւր եք… Լուսինե՜…

-Արման, շուտ արա, շո՛ւտ,- հովիվը լսեց աղջկա ձայնը ցանկապատի մյուս կողմից։ Չանցած մի ակնթարթ՝ զիլ ձայնով ներսում ինչ-որ բան դրմբաց ու դրան հաջորդեց խռպոտ տղամարդկային ձայն.

-Գողությո՞ւն եք անում, հաա՜, սատանաներ։

Դարպասն իսկույն բացվեց ու աներևակայելի արագությամբ ներսից դուրս վազեց աղջիկը, իսկ նրա հետևից՝ էլ ավելի փոքրիկ տղան, ով դեռ ձեռքում էր պահել գողոնը ու փոքր-ինչ դանդաղելու պատճառով հասցրեց վզակոթին մի քոթակ ստանալ տանտիրոջ կողմից։

-Լուսինե՞, էդ դո՞ւ ես,- մյուս կողմից ճղճղալով վրա հասավ կինը, ու բռնելով փոքրիկ աղջկա ձեռքից, մյուս ձեռքով ապտակ հասցրեց նրան,- ա՛ռ քեզ, չէի՞ ասել՝ հեռու չգնաք։

Անզուսպ զայրույթը չկառավարելով՝  ոտքից գլուխ թափահարեց նաև ավելի փոքրին։

-Հեյ, հե՜յ…,- փորձեց խառնվել հովիվը և կնոջ ձեռքից առավ կտորի նման թափահարվող տղային։

Անսպասելի տեսարանից շվարած՝ տանտերը կանգնել էր դարպասի առաջ ու աչքերը կկոցած փորձում էր տեսնել զայրացած տիկնոջ դեմքը։

-Այ կին,- վերջապես միջամտեց նա, և դուրս գալով ստվերից, հստակ երևաց։ Դա մի կորացած ծերուկ էր, ով չնայած ծերությանը, բավականին առույգ ու առողջ էր թվում։ -Դրանց դաստիարակած լինեիր, հիմա ո՛չ ես կխփեի, ո՛չ դու։ Տե՛ր կանգնի, մատղաշ են, մեղք են։

Աղմուկը լսելով՝ մի քանի գյուղացիներ դուրս էին եկել տեսնելու, թե ինչ է պատահել և ծերունու այդ խոսքերը, որ հնչեցին ականատեսների առջև, էլ ավելի վիրավորական թվացին կնոջը։ Նա բորբոքվեց.

-Իմ միսն ու արյունն են, ե՛ս եմ մերը, ե՛ս եմ որոշում՝ ոնց դաստիարակեմ,- ճչաց նա, ու հանկարծակի մի շարժումով հովվի ձեռքերից խլելով տղային, նրան աղջկա հետ միասին տուն քարշ տվեց։

Տանտերը նրանց հետևից ձեռքը թափ տվեց՝ ի նշան այն բանի, որ նրանց հետ գլուխ դնելն անիմաստ է, ապա շրջվեց, ուզում էր ներս մտնել, բայց հովվի մասին հիշելով, կրկին հետ դարձավ.

-Կանգնել, թամա՞շ էիր անում՝ ոնց են գողանում, այ ջահել։

-Էդ կինն ո՞վ է,- խեթ նայելով ծերունուն՝ հարցրեց հովիվը։

-Սև շո՛ւնն է… անոթի է թողում մի մատ երեխեքին, որ ինքն իրենով զբաղվի,  դրանք էլ գող են մեծանում, որ սոված չվնգստան։

…Տանտերը ներս անցավ՝ իր երկար խալաթի փեշերից կախած տանելով անլուսին գիշերվա մթությունը։ Հովիվն իր գլխավերևում նկատեց առաջին աստղերը՝ իր հարյուրավոր գառների նման անսահման թվացող, բայցև հաշվելի, որ կարծես սովից հարձակվել էին մթի վրա ու արածում էին երկինքը։

Հովիվը քայլեց մթության մեջ ու մտածեց, որ ոչխարն իր գառի բերանից խոտը չէր գողանա։