amalya harutyunyan

Մեկը` կապտականաչ դպրոցից

Մտնում եմ ներս, կապույտ կամ էլ կանաչ (էդպես էլ չեմ հասկացել նրանց գույնը) պատեր, քայլում եմ առաջ, սկսում եմ ոտքերս գետնին դնել կամաց ու անձայն, որ նկատելի չլինեմ, քայլում եմ հանդարտ, նպատակակետ ունենալով, բայց հոգու խորքում ուզենալով չհասնել նրան: Հասնում եմ, ոտքս կդնեմ, մեկ, երկու, երեք, չորս, էսպես կհաշվեմ 10-ը, կբացեմ դուռը, գլուխս կախ ու միաժամանակ զննելով նստածների դեմքերը կմտնեմ իմ կապտականաչ սենյակը, ու այդ պահին աշխարհի բոլոր պատճառաբանությունները հօդս կցնդեն, ստերն էլ հետը, ու միակ բանը, որ կանցնի մտքովս ասել, դա կլինի.
-Կներեք, ընկեր Գրիգորյան, էլի քնած էի մնացել:
Կանցնեմ նստարանների միջով, կքայլեմ առաջ, դասարանցիս` Անին, գլխով կհասկացնի, որ ես իր կողքը նստեմ, բայց հենց պայուսակս դնեմ սեղանին, կլսեմ ինձ այնքան ծանոթ ու միաժամանակ այնքան տխրեցնող արտահայտությունը:
-Ուշացողները նստում են դիմացը:
Հետ կգամ, կնստեմ ազատ աթոռներից մեկին, կողքիս կդնեմ պայուսակս, ու կպատկերացնեմ, որ ես մենակ չեմ:
Կբացեմ գիրքը, նորից կփակեմ, կնստեմ, աչքերս ուղիղ գրատախտակին, բայց միտքս կանցնի տիեզերքը ու Մարս կհասնի:
Հասարակ, դպրոցական օր, բայց մեկ-մեկ էլ միապաղաղ չէ, մեկ էլ տեսար՝ դպրոցում կվիճեմ ուսուցիչների հետ, ու այս անգամ ոտքերս ուժեղ խփելով գետնին կասեմ:
-Թե ինչի՞ ես եկա էս դպրոց, ուրիշ տեղ կգնայի:
Անվերջ կբողոքեմ, անվերջ ինձ ոչինչ դուր չի գա, բայց որ վայրկյանին մայրիկս գա ու ասի, որ այսօր չգնամ դասի ու նշի մի մեծ ու կարևոր պատճառ, բունտն ու վեճը պատրաստ է:
11-րդ դասարանում նույնիկս ռեկորդ էի սահմանել, 0 բացակա ունեի:
Հետո կգնամ մյուս կապտականաչ սենյակը, էստեղ էլ կքնեմ մի քիչ, էս հանգրվանի սեղաններն ավելի հարմար են բարձ ծառայում:
Կարթնանամ, կվազեմ թեմատիկի անսահման մեծ միջանցքում, իրարից շատ հեռու նստած, կփորձեմ բոլորի գրավորը գրել, ու վերջում էլ հասկանալ, որ իմը մոռացության եմ մատնել, ու աներևակայելի արագությամբ կգրեմ իմն ու մի անհոգ ժպիտով կհանձնեմ գրավորս:
Վերջում ուսուցիչս կբարկանա վատ գրավորիս համար, իսկ ես կժպտամ, որ ընկերներս բարձր են ստացել:
Հետո կգնամ մյուս կապույտ սենյակը, էստեղ էլ իբր վերջին զանգի խոսք կգրեմ, փորձ կանեմ, ու մի քիչ էլ կհանգստանամ շտեմարաններից, կգնամ ֆիզկուլտի դահլիճ, կխաղամ, կցատկոտեմ, կպարեմ, ու մյուս վայրկյանին կվազեմ կանաչ սենյակը` հայոց լեզվի պարապմունքի:
Ու մի ուրիշ օր էլ կմնամ դրսում ու ամբողջ շենքով կգոռամ.
-Հանգրվան եմ ուզում:
Երեխեքը կգան ու կհարցնեն, թե հանգրվանն ինչ կապ ուներ, իսկ ես այն տեքստը, որ օրը հինգ անգամ ասում եմ նույն հարցը տվողների համար, կպատասխանեմ:
-Ես կաբինետներին հանգրվան եմ ասում, որովհետև էնտեղ եմ քնում ու երազում:
Ու ի վերջո բովանդակալից օրից հետո կգնամ ու անմեղ հայացքով կխնդրեմ, որ պահակը դուռը բացի, որ տուն գնանք, չորս փորձ ձախողելուց հետո, նորից կփորձեմ, ու այս անգամ ամբողջ դասարանով դուրս կգանք ու կգնանք տուն:
Ու երբ մի քանի օր հետո էլ նույն բանալիով բացեն դուռը, որ մենք գնանք, այս անգամ մեզնից հետո փակելու են: Ու մեզ համար անհասանելի է դառնալու ոչ թե դպրոցից գնալը, այլ դպրոց գալը:
Մենք կիջնենք աստիճանները այնպես, որ ոչ ոք չնկատի: Բայց այս անգամ մեր գնալը բացահայտ կլինի:
Կմտնեմ համալսարան, գաղափար չունեմ՝ պատերը ինչ գույնի կլինեն, կքայլեմ առաջ, կսկսեմ ոտքերս գետնին դնել կամաց ու անձայն, որ նկատելի չլինեմ, կքայլեմ հանդարտ, նպատակակետ ունենալով, բայց հոգու խորքում ուզենալով չհասնել նրան, այլ հասնել դպրոց: