Մենակը

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Հաճախ ինքս ինձ հարցնում եմ` տեսնես ինչպիսին կլինեմ մի քանի տարի հետո, թեկուզ մեկ տարի հետո: Այս մտքերը հայտնվում են գլխումս, երբ ինձնից մի քանի տարի մեծ մարդկանց եմ տեսնում, կամ սիրահար զույգի` մի պահ ինձ եմ պատկերացնում, ապա քայլում առաջ, ծեր մարդկանց եմ տեսնում ու ինձ նրանց փոխարեն եմ սկսում պատկերացնել, թե ինչ պետք է ես հիմա անեմ, որպեսզի այդ տարիքում խիղճս հանգիստ լինի, միայն նստեմ ու շուրջս նայեմ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մի անգամ զբոսնում էի այգում, հասա երեխաների համար նախատեսված խաղահրապարակը, արդեն հեռվից ինձ գրավել էին հրապարակի գույները:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մոտեցա ու հանկարծ նկատեցի մոտակա նստարանին նստած պապիկին: Ներսումս հետաքրքրություն առաջացավ պապիկի հանդեպ. Ինչո՞ւ էր միայնակ, չէ որ քիչ հեռու կար երկու տաղավար, որտեղ պապիկներ էին ու նարդի էին խաղում, գոռգոռում, միմյանց ծաղրում, ժպտում: Որոշեցի մոտենալ պապիկին ու խանգարել նրա միայնությունը: Երբ մոտեցա, չգիտեի, թե ինչ ասեի, ինչպես սկսեի, միգուցե բարկանա, որ խանգարում եմ իրեն: Ինչևէ, մի քիչ անվստահ տոնով ասացի.

-Բարև, պապիկ ջան:

-Հը՞…

-Ասում եմ՝ բարև, պապ:

-Հա, բարև, աղջիկ ջան…,- ու բարևին հաջորդեց զննողական հայացքը. ուզում էր մտաբերել, թե արդյոք ծանոթ ենք:

-Բալես, չճանաչեցի քեզ, գիտե՞ս:

-Պապ ջան, մենք ծանոթ չենք, ուղղակի տեսա մենակ նստած ես, որոշեցի միանալ քեզ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Պապիկի ձեռքին կար մեկ տուփ թխվածքաբլիթ, փշրված էին, միգուցե շուտ էր գնել ու փորձել էր փոքր չափաբաժիններով ուտել, չգիտեմ:

-Կուզե՞ս,- մեկ բլիթ վերցնելով դիմեց ինձ:

-Չէ, շնորհակալ եմ, դու կեր, պապ:

-Հը՞…

-Ասում ՝ չէ, պապ, շնորհակալ եմ:

Նկատեցի, որ պապիկը այդքան էլ լավ չէր լսում, բարձր էինք խոսում, իսկ անցորդները հարցական հայացքով մեզ էին նայում, բայց թե ինչու՝ ես էլ չհասկացա:

-Պապ, բա ինչի՞ ես մենակ նստած:

-Էհ, աղջիկ ջան…- լռեց,- գնա, գնա էն սիրուն երեխեքի հետ խոսա, թող ուրախանան: Ես իմ կյանքն արդեն ապրել եմ, էլ խոսալու բան չունեմ…

Հասկացա, որ իրոք պապիկին անհանգստացնող ինչ-որ բան կար, բայց նաև չէի ուզում նրան ցավեցնել իմ հարցերով, ժպտացի ու, ինչպես նա ասաց, գնացի երեխեքի հետ խոսելու:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ինչ հետաքրքիր է կյանքը. նույն տեղում երեք սերնդի ներկայացուցիչ էր, ու ամեն մեկս յուրովի էինք մեր տարիքում: Սակայն անտարբերությունը համատարած հիվանդություն է դարձել. «Ունեմ հեռախոս՝ երջանիկ եմ, ու չեն հետաքրքրում ոչ ոք»,- այս միտքը կարծես կարգախոս են դարձրել ու ռոբոտի պես ապրում են: Բայց եթե փորձենք մեկ ժամ թողնել այդ ամենը ու շփվենք մարդկանց հետ, կնկատենք մեր կողքին` բազմության մեջ ապրող ծերունիներին ու մեզ մեկ վայրկյան իրենց փոխարեն պատկերացնենք, կարծում եմ, որ գոնե մի քիչ մարդիկ կփոխվեն ու կմտածեն իրենց սպասվող միայնության մասին: