Ani Ghulinyan

Մենք ապրում ենք թանգարանի թաղում

Մեր թաղը գյուղի լավագույն թաղերից է, չնայած բոլորը միակարծիք չեն այս հարցում: Մեր տունը Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից մի քանի քայլի վրա է, մեր խաղալու տեղը` թանգարանի դիմաց, ասֆալտապատ, հարմարավետ: Վերջերս սկսել են բոլոր կողմերից նեղել: Սկզբից եկեղեցուց էին հեռու պահում, որ բակում չթաքնվենք հուշակոթողները չվնասենք, հետո գնդակները սկսեցին թանգարանի վարդերը վնասել: «Հալա-մոլա» խաղալիս փախչելու մի ուղին էլ փակվել է` հարևանությամբ հանգստացող մարդկանց ենք խանգարում: Թանգարանի եղևնիներն էլ կտրեցին, առաջին ամառն է լինելու առանց եղևնիների, երևի անսովոր կլինի, առաջ ծառերի բների հետևում էլ էինք թաքնվում, անձրևի ժամանակ էլ տուն գնալու կարիք չէր լինում:
Մեր թաղում կամ բոլորը գնդակ ունեին, կամ ոչ մեկը չուներ, անցյալ ամառ էլ կարծեմ ընդհանուր թենիսի պարագաներ ունեցանք:
Ասֆալտի վրա ու թանգարանի պատերին ամռան արևի տակ մողեսներ են պտտվում: Առաջ ինչ որ ընդունված բան էր մողեսի կտրած պոչը գրպանում պահելը, հիմա էլ չեն անում, կամ ես չեմ տեսնում: Երեխաներից մեկը մի անգամ թանգարանի բակից օձ էր բռնել, լավ է, որ էնտեղ չեմ եղել, թե չէ՝ համ ես մի լավ լեղաճաք կլինեի, համ օձը:
Թաղի երեխաներն ասում են, որ շատ են մինչև գիշերվա տասը թանգարանի մոտ մնացել: Ես երբեք այդքան երկար չէի մնում` տանը խոսում էին վրաս: Առաջ ձեռքից քարշ տալով էին թաղից տուն բերում, հիմա ասում են՝ մեկ-մեկ դուրս արի, մարդու երես տես:
Ամռանը մեր թաղ բոլոր թաղերից էլ երեխաներ են գալիս, «հալա-մոլա» էինք խաղում:
Ու միշտ մեկի կոշիկները հարմար չէին լինում վազելու համար, ու միշտ մեկը մտածում էր մի հիմար կատակ անել ու թաքնվածներին այդպես թողնելով, գնալ տներով: Միշտ լինում էին փոքրիկներ ու խարդախներ, ովքեր «ծիկոլ» էին անում, ու հարամ անում խաղը: «Հալա- մոլայի» փակելու տեղի` ավտոտնակի տերն էլ չէր զլանում, ամեն օր դուրս էր գալիս, «ջաններս մի լավ ցավ քցում», ուրիշ տեղ քշում: Ծանր խաղից հետո խաղալու վայրին ամենամոտ տան ծորակը չէր դադարում բացվել-փակվել:

Սերունդը փոխվել է: Այսօր իմ փոխարեն ինձնից տասներկու տարով փոքրերն են գնում:
Հիմա արդեն թանգարանի դիմաց մի տնակ են դրել, մյուս մայթին էլ խանութ է վերաբացվել, խաղալու համար համարյա տեղ չի մնացել: Ես իմ համար չեմ անհանգստանում, մեկ է՝ էլ ժամանակ չկա էնտեղ ժամերով խաղալու, բայց փոքրերը որտե՞ղ են խաղալու…