Margarita Khazaryan

Ապագան ուսուցիչների ձեռքերում

Մի օր մենք իսկապես կկարողանանք քաղաքակիրթ ու խելամիտ հասարակություն ունենալ։ Օրերից մի օր մենք փայլուն հաղթանակներ կունենանք բոլոր ոլորտներում։ Այդ օրն անկասկած կգա, եթե մենք մի օր սովորենք գնահատել նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են սերունդներ դաստիարակելու գործին։ Մենք լավ մասնագետներ ու լավ մարդիկ կլինենք, եթե գիտակցենք, որ աշխարհում ամենապահանջվածն ու ամենակարևորը հենց ուսուցչի մասնագիտությունն է։ Եթե մենք սովորենք հարգել ուսուցիչներին և նրանց ծախսած էներգիան ու տարիները, մենք հզոր ու անպարտելի ազգ կդառնանք։

Բայց նախքան կգա այդ օրը, մենք այժմ ստիպված ենք ապրել մի հասարակության մեջ, որտեղ ապագա մանկավարժներին ծաղրում են, փորձում կոտրել, պնդում են, որ ուրիշ մասնագիտություն պիտի ընտրի կամ ընտրեր. սովորական դասատու է դառնալու, ամսական հիսուն հազարի հույսով պիտի գոյատևի, թող գնա, ծրագրավորող կամ դիվանագետ դառնա։ Նորաձև մասնագիտություններ են, ասում են։ Վերջերս իմացանք նաև, որ յոթանասունհինգ հազար դրամ աշխատավարձ ստացողները նորմալ կրթություն չեն ստացել։ Սա ասվում է այն դեպքում, երբ մեր ուսուցիչներից շատերը հենց այդքան են վարձատրվում։ Հեգնա՞նք, վիրավորա՞նք, ինչպե՞ս անվանենք այս երևույթը։

Ես, իհարկե, չեմ ցանկանում արժեզրկել ոչ մի մասնագիտություն, բայց չեմ կարող նաև թույլ տալ, որ նսեմացնեն ուսուցչի դերն ու կատարած աշխատանքը։

Ազգին փրկողները իրենց մասնագիտությանն ու առաքելությանը նվիրված ուսուցիչներն են։ Իմ բախտը բերել է, և ես ունեցել եմ նման ուսուցիչներ, բայց պետք է նաև ընդգծել, որ ոչ բոլորի բախտն է բերում։ Շփում ունենալով Հայաստանի տարբեր մարզերում ուսում ստացած մարդկանց հետ՝ հասկացել եմ, որ կան նաև ուսուցիչներ, ովքեր հենց իրենք են իջեցնում ուսուցչի վեհագույն կերպարի կարևորությունը։ Պարզվում է, որ գյուղերից մեկում վեցից ութերորդ դասարանի աշակերտները չգիտեն նույնիսկ այբուբենը։ Ցավալի է, չէ՞։ Իհարկե, դուք կարող եք ասել, որ պատճառը հավանաբար այն է, որ այդ երեխաները չեն սովորում կամ սովորել չեն կարողանում։ Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք կարողացել այբուբենը սովորել յոթօրյա ճամբարում։ Հարց է առաջանում. կան չսովորող երեխանե՞ր, չհասկացված, չբացատրված դա՞ս, թե՞ անուշադիր ուսուցիչ։ Ես ընդունում եմ, որ դպրոցում տրվող գիտելիքների ողջ պաշարը բոլորի համար հասանելի չէ։ Այստեղ կարևոր է նաև մտավոր ունակությունների, հիշողության գործոնը։ Բայց նորմալ, առողջական խնդիրներ չունեցող երեխաների՝ հայերեն տառերը գրել չիմանալը ինչպե՞ս արդարացնենք։

Թող նրանք խորապես չիմանան բոլոր առարկաները, բայց գոնե տարրական գիտելիքների պետք է տիրապետեն, չէ՞։

Ցավոք, մենք ունենք նման ուսուցիչներ, որոնց գերագույն նպատակը տանը նստած չմնալն է։ Ի՞նչ կարևոր է՝ երեխաներին ինչ-որ տալիք ունի ինքը, թե ոչ։ Այո՛, կան նաև այսպիսի ուսուցիչներ։

Բայց կան նաև ուսուցիչներ, ովքեր իրենց գոյությամբ աշխարհն ավելի լավն են դարձնում, ավելի բարի ու գեղեցիկ։ Ինքնատիպ ուսուցիչներ են, ովքեր և՛  գիտելիքներով են փայլում, և՛ իրենց մարդ տեսակով։ Մեզ հենց նրանց նման ուսուցիչներ են պետք։ Եվ մենք կունենանք, էլի կունենանք այդպիսի ուսուցիչներ։ Ուսուցիչների նոր սերունդ է գալու, որոնք դուրս են գալու բոլոր ստանդարտներից և ապացուցելու, որ չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան մանկավարժինը։

Ի վերջո այն, որ աշակերտները դասը չեն լսում, դա միայն աշակերտի մեղավորությունը չէ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ երեխաները ռոբոտներ չեն, ովքեր զուրկ են մտքերից ու հույզերից։ Երեխաներն էլ ունեն իրենց խնդիրներն ու կարիք՝ խելամիտ խորհուրդների ու հասկացված լինելու։ Կարևոր է լինել ոչ միայն առարկայի, այլև կյանքի ուսուցիչ։ Ուսուցիչ, ով կկարողանա հասկանալ աշակերտի հոգեբանությունն ու անհրաժեշտության դեպքում կփակի մատյանն ու կխոսի աշակերտի սրտից։ Այդ բաց թողնված դասը հետո էլ կարող ենք լրացնել, բայց երեխայի թույլ տված սխալները գուցե և անդառնալի լինեն։

Մեզ պետք են աշակերտներին և իրենց մասնագիտությունն իսկապես սիրող, աշակերտների մեջ տարբերություն չդնող և մտքեր չսահմանափակող ուսուցիչներ։ Եվ ես հույս ունեմ, որ մեր այդպիսի ուսուցիչների քանակը օրեցօր մեծանալու է։

Վճռորոշ քայլ է ուսուցիչ դառնալու որոշում կայացնելը։ Չգիտեմ՝ ապագան ինձ որ կողմ կտանի, բայց եթե ես ուսուցիչ լինեմ, ապա պիտի գիտակցեմ, որ ես ունեմ հնարավորություն՝ գիտակից ու հայրենասեր սերունդ դաստիարակելու, հայոց լեզվի և գրականության հանդեպ սեր ու հոգատարություն սերմանելու։ Եվ այդ հնարավորությունը սխալ օգտագործելու դեպքում ես՝ որպես մասնագետ, կհավասարվեմ զրոյի։ Ես երբեք ուսուցիչ չեմ դառնա, եթե վստահ չլինեմ, որ մտնելու եմ դասարան` որպես սիրված, երեխաներին հասկացող, իր կոչմանն ու առաքելությանը լիարժեք նվիրված ուսուցիչ։

Իմ առջև կան լավ ուսուցիչների օրինակներ, և ես կփորձվեմ նմանվել նրանց, եթե ուսուցիչ դառնալու պատվին արժանանամ…