Մեր տան սխալ ժամացույցն ու ուսումնատենչ աշակերտներս

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Մի օր քույրիկիս հետ տատիկիս տնից մեր տուն էինք գնում, հասանք մեր փողոց, տեսա մեր փողոցի վառ կերպարներին՝ Ավետին, Մանեին, Մհերին և Էլենին, որոնք պարապ-սարապ նստած, կողքներին մի հեծանիվ դրած, չգիտես՝ ինչ էին անում:

-Բարև, երեխե՛ք, ո՞նց եք, կիջնե՞ք մեր բակ, ես էլ եմ ուզում ձեզ հետ խաղալ,-ձայն տվեցի ես:

Նրանք մեծ հրճվանքով համաձայնեցին: Ավետը հեծանիվը գործի գցեց, ու շարժվեցինք: Երբ հասանք մեր բակ, ես նրանց խնդրեցի սպասել ինձ: Ասացի, որ պետք է խաղալիքներս վերցնեմ: Երբ լսեցին, որ պետք է խաղալիքներս վերցնեմ, մի լավ ծիծաղեցին վրաս: Մի՞թե այս տարիքում դեռ խաղալիքներով եմ խաղում: Մտա տուն, ի՞նչ խաղալիք, գրքերս վերցրի ու դուրս թռա: Հետո Մանեն, թե բա.

-Գրքեր ա բերել:

Ես էլ ասացի, որ գրքերն են իմ խաղալիքները:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Մանեն, Մհերն ու Ավետը սեպտեմբերին 1-ին կգնան առաջին դասարան: Հիշում եմ, երբ նրանք ծնվեցին, անհամբեր սպասում էի, թե երբ են դպրոց գնալու: Երբ նրանք դպրոց գնային, իմ՝ դպրոցն ավարտելուն քիչ կմնար, իսկ այն ժամանակ ես երազում էի դպրոցն ավարտելու մասին: Նրանց հարցրի.

-Երեխեք, սպասո՞ւմ եք դպրոցին:

Ու երեք կողմից լսեցի՝ հա՜: Հետո նրանց հարցրի.

-Բա շորերն ու գրենականը առե՞լ եք:

-Ես սաղ առել եմ, մնում ա կոստյումս ու… Հա՜, հիշեցի, մեկ էլ քանոնս,- ասաց Ավետը:

-Ես էլ եմ սաղ առել, ինձ էլ ա մնում քանոնը,- ասաց Մանեն:

Դե, Մհերը հետ չմնալով ասաց, որ իրեն էլ է քանոն գնելը մնում, իսկ փոքրիկ Էլենը, որը երկու տարուց պետք է դպրոց գա, լուռ նստած լսում էր նրանց ճտճտացող խոսքերը:
Նրանցից յուրաքանչյուրը հեռախոս ուներ, իհարկե՝ խաղալիք: Ու Էլենը ձանձրույթից րոպեն մեկ ասում էր.

-Ես գնամ հեռախոսով խոսեմ ու գամ:

Չհարցրի էլ, թե ում հետ է այդպես հաճախ խոսում, այն էլ այդ հեռախոսով: Իսկ Մանեն, որն ուներ թիթիզության բոլոր չափանիշները, վայրկյանը մեկ սելֆի էր անում. երևի համեմատած մյուս հեռախոսների՝ իրենն էր լավ նկարում:
Հետո բացեցի հայերեն-անգլերեն զրուցարանը: Հիմա կմտածեք՝ առաջին դասարանցուն փոխանակ տառերը սովորեցնեմ՝ անգլերեն եմ սովորեցնում: Ես էլ էի այդպես մտածում, բայց նրանք անգիր գիտեին բոլոր տառերը, քիչ-միչ նաև գրել էին կարողանում: Սկսեցի պարապմունքս: Սկզբում սովորեցրի, թե ինչպես բարևեն անգլերեն: Դրանից հետո եկող-գնացողին ասում էին «Hello», հա «hello»: Քույրիկս որոշեց մեզ քաղցրավենիք հյուրասիրել: Երբ մոտեցավ մեզ, ասացին.

-Hello:

-Hello, how are you getting on?- ասաց քույրս:

Նրանք չգիտեին՝ ինչ պատասխանեն ու սառած ինձ էին նայում:

Հետո անցանք առաջ, արդեն թվերն էին սովորում: Մանեն անգլերեն մինչև տասը հաշվել գիտեր, որոշեցի մյուսներին էլ սովորեցնել, հիմա երեքն էլ կարողանում են հաշվել: Ապա որոշեցի հեքիաթ կարդալ, կարդացի: Արդեն մութն ընկել էր, տետրեր բաժանեցի նրանց ու ճանապարհեցի տուն այն պայմանով, որ վաղը պիտի շարունակենք պարապմունքը:
Հաջորդ օրն արթնացա, գնացի լվացվելու, չէի հասցրել անգամ աչքերս բացել ու ձայներ լսեցի.
-Իզա՜, Իզա՜…
Իջա ներքև, որ տեսնեմ՝ ինչ են ասում:
-Բարև, ո՞նց եք,- ասացի ես:
-Լավ ենք, ապրես, Իզա, էսօր Մհերը չի գալու, «մառոժնի» էր ուտում ու համակարգչով էր խաղում,- իրար լրացնելով ասացին Ավետն ու Մանեն:
-Լավ, բա ինչի՞ եք էս արևով վեր կացել, եկել,- ասացի ես:
-Եկել ենք պարապմունքի,- ասաց Մանեն:
-Լավ եք արել, բայց ուզում եք՝ գնացեք, մի քիչ հովը ընկնի՝ կգաք, գուցե էդ ժամանակ Մհերն էլ միանա,- մեծ հույսով ասացի ես:
-Ճիշտ ա ասում, է, դե լավ, հովը ընկնի՝ կգանք,- ասաց Ավետը:
Գնացի տուն, շարունակեցի առօրյա գործերս, մի ժամ չանցած՝ էլի գոռոցներ.
-Իզա՜, Իզա՜…
Մտածեցի՝ էս անգամ չլսելու տամ, թողնեն, գնան, հանգիստ գործերս ավարտեմ: Բայց չէ, սկսեցին ավելի ուժեղ ու նյարդայնացնող ձայներով գոռալ, ասացի՝ լավ, դուրս գամ:
-Հա, երեխեք:
-Իզա, բա ե՞րբ ենք սկսում:
-Երեխեք, ժամը 15:00-ին կգաք:
-Լավ, դե առայժմ:
Գնացին, ժամը 14:20 էր: Գնացի խանութ, իսկ երբ եկա տուն, քույրիկս ասաց.
-Իզա, բա գիտե՞ս՝ աշակերտներդ էին եկել, Մանեն էլ ասաց՝ ձեր տանը ժամը քանի՞սն է, ասացի՝ 14: 30, ասաց՝ հա, ուրեմն ձեր տան ժամը սխալ ա, ես էլ ասացի, որ գնան՝ իրենց ճիշտ ժամից էլ օգտվեն:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Ըհն, արդեն ժամը 15-ն էր, եկան, մի րոպե էլ չէին ուշացել: Եկան, նստեցին, թվեր-տառեր տվեցի՝ գրեցին, հետո հեքիաթ կարդացի ու գնացին՝ հաջորդ օրը նույն ժամին գալու նպատակով:
Հաջորդն օրն էլ ժամը 15:00-ին առանց ուշանալու եկան: Էս անգամ ճաշի ժամանակ էին եկել, հրավիրեցի, միասին ճաշեցինք, վերջացրինք, անցանք դասին:
Ու էդպես ամեն օր գալիս-գնում են:
Մի օր մեջների պուճուրը՝ Էլենը, էնքան ինձ նյարդայնացրեց, որ դպրոցից հեռացրի: Բայց միևնույնն է՝ գալիս է: Մի օր էլ Մհերն ու Մանեն եկան, ասացին, որ Ավետը առաջիկա երկու օրը չի գալու, ծնունդին է պատրաստվում: Իսկ ծննդյան նախօրեին Ավետն ասաց.
-Իզա, կլինի՞ վաղը չգանք դասի, վաղը իմ ծնունդն ա, իրենց էլ եմ հրավիրել:

Դե, ես համաձայնեցի՝ չնայած, որ իր ուսուցչուհուն՝ ինձ չէր հրավիրել: Ասացի, որ երկու օր արձակուրդ եմ տալիս: Մինչ այս արձակուրդը մի անգամ էլ էի արձակուրդ տվել: Հարցրել էին, թե ինչու են արձակուրդ, ես էլ ասել էի, որ գարնանային արձակուրդ է: Հավատացել ու գնացել էին: