Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Միակ շունը, որին սիրել եմ…

Ավտոբուսի մեջ նստած՝ պատուհանից դուրս էի նայում, լսում «Լավ էլի»-ի «Անձրևաշուն» երգն ու մտածում շների մասին: Ես երբեք շներին չեմ սիրել. կա՛մ վախեցել եմ նրանցից, կա՛մ ատել նրանց, կա՛մ երկուսն էլ միաժամանակ:

Դպրոցական տարիքում տնից մենակ դուրս չէի գալիս, որ չհանդիպեի մեր գյուղի շներին: Հենց մի տեղ շուն էի տեսնում, քարացած կանգնում էի կամ էլ ճանապարհս փոխում: Մի քանի անգամ այնքան վախեցած եմ նայել շներին, որ նրանք հարձակվել են ինձ վրա ու փորձել կծել:

Այո՛, ես երբեք չեմ սիրել շներին, բայց մի շուն կար, ու նրան ես սիրում էի:

Ես չորս տարեկան էի, եղբայրս՝ երեք, կամ էլ ես հինգ տարեկան էի, նա՝ չորս, լավ չեմ հիշում, երբ մի օր մերոնք մի շնիկի տուն բերեցին: Կարծեմ եղբորս ծնունդն էր, ու շնիկը նրա ծննդյան նվերն էր: Փոքրիկ էր, դեռ ձագուկ, սպիտակ էր, մեջքը՝ մոխրագույն, պոչը՝ հաստ, իսկ աչքերը՝ խոշոր ու սև: Հիշում եմ, թե ինչքան էինք ուրախացել: Մտածեցինք, մտածեցինք ու որոշեցինք անունը Ջեկո դնել: Ինչո՞ւ Ջեկո, ախր, այդ ժամանակ մեր գյուղում համարյա բոլորն իրենց շներին Ջեկո էին անվանում: Հիմա մտածում եմ, որ նրա անունը կարելի էր Տոբի դնել իմ սիրելի հերոսի՝ Շերլոք Հոլմսի օգնական Տոբիի անունի նման… Բայց մենք նրան Ջեկո կոչեցինք:

Ես ու եղբայրս ամբողջ օրը Ջեկոյով էինք զբաղված. կերակրում էինք նրան, խաղում հետը: Մայրս չէր սիրում, երբ գրկում էինք նրան: Սպասում էինք, որ մայրիկը դպրոց գնար, ու միանգամից գրկում էինք Ջեկոյին: Հիշում եմ, որ մի օր սպասեցինք, մինչև մայրիկը անցավ մեր այգին ու քայլեց դպրոց գնացող ճանապարհով, և գրկեցինք Ջեկոյին: Շատ չանցած մայրիկը վերադարձավ. ինչ-որ բան էր մոռացել: Նա հայտնաբերեց մեր փոքրիկ խորամանկությունը: Մի լավ ծիծաղեցինք:

Ջեկոն բարձր հաչում էր օտարների վրա, բայց երբեք ոչ մեկին չէր կծում: Մեզ ամենից շատ զվարճացնում էր այն, որ շունը չէր սիրում մեր հարևանի տղային՝ Տիգրանին: Տիգրանը վախենալով էր մեր տուն գալիս. գիտեր՝ մի տեղից հանկարծ հայտնվելու էր Ջեկոն, բարձր հաչելու էր և ընկնելու էր նրա հետևից:

Ես տանել չէի կարողանում, երբ Ջեկոյին կռվեցնում էին ուրիշ շների հետ, և մանավանդ, երբ նա վերք էր ստանում այդ կռիվներից: Միայն, երբ նրան կռվեցնում էին Տիգրանի շան հետ, և նա հաղթում էր, թեթևացած շունչ էի քաշում ու հպարտանում:

Ժամանակը անցնում էր, մենք մեծանում էինք, Ջեկոն՝ նույնպես, բայց չէինք ուզում մտածել, որ նա կարող է մի օր սատկել:

Մենք ճանաչում էինք Ջեկոյի հաչոցը: Նրա հաչոցը տարբերվում էր գյուղի մնացած շների հաչոցներից: Նա հաչում էր ավելի բարձր, ավելի սուր, ավելի հարազատ ձայնով: Հաճախ էինք գողանում մայրիկի թխած համեղ փախլավաներից ու տալիս Ջեկոյին. գիտեինք, որ նա քաղցր շատ է սիրում: Երևի աշխարհի ամենաբարի շունն էր նա, անգամ կատուներին չէր նեղացնում: Մի կատու ունեինք: Այդ կատուն ուտում էր Ջեկոյի հետ նույն ամանից, պառկում էր նրա կողքին, ազատ պտտվում էը տան շուրջը, իսկ Ջեկոն երբեք նրա վրա չէր հաչում: Ինչքան եմ հիմա տխրում, երբ հիշում եմ, որ մեկ-մեկ բարկացել, գոռացել եմ այդ բարի շան վրա…

Երբ մենք դպրոցից տուն էինք գալիս ու հասնում մեր այգի, Ջեկոն բակից բարձր հաչում էր ու գալիս մեզ դիմավորելու: Նա թռչում էր վեր, կանգնում հետևի ոտքերի վրա, մեկ-մեկ էլ լպստում մեր ձեռքերն ու ոտքերը: Կարոտում էր մեզ: Բայց ավելի շատ կարոտում էր, երբ երկար ժամանակով էինք տնից բացակայում: Հենց մեքենան մոտենում էր տանը, արդեն գիտեինք, որ լսվելու է նրա հաչոցը, ու մեքենայի դռները բացվելուն պես նա թռչկոտելու է և մեզ դիմավորելու:

Վերջին ժամանակները շատ էր ծերացել Ջեկոն, դարձել էր ավելի հանգիստ, ավելի քնկոտ: Մեկ-մեկ մտքիս ծայրով անցնում էր, որ նրա սատկելու ժամանակները մոտեցել են, բայց ինձնից հեռու էի վանում այդ մտքերը: Ախր, Ջեկոն ուղղակի մեր շունը չէր, նա մեր ընտանիքի անդամն էր, մեր հարազատն էր, առանց նրա մեր օրը օր չէր…

Երբ ընդունվեցի համալսարան, գյուղից տեղափոխվեցի քաղաք: Գյուղ գալիս էի միայն շաբաթ, կիրակի օրերին: Պատահում էր նաև, որ երկու-երեք շաբաթը մեկ էի գալիս: Հենց հասնում էի ու մտնում մեր այգի, լսում էի իմ սիրելի հաչոցը, և առաջինը Ջեկոն էր վազում, որ ինձ դիմավորեր:

Մի օր էլ գյուղից զանգեցին ու ասացին, որ… Ասացին, որ հարևանի շունը խեղդել է Ջեկոյին: Երկար ժամանակ բացակայել էի գյուղից, երկար ժամանակ մերոնց ու Ջեկոյին, մեր ծերացած, սև ու բարի աչքերով Ջեկոյին չէի տեսել… Եվ երբ նորից գյուղ գայի, երբ հասնեի այգի, չէի լսելու այն հաչոցը, որ տարբերվում էր աշխարհի բոլոր շների հաչոցներից, Ջեկոն բակից վազելով չէր գալու, չէր կանգնելու հետևի ոտքերի վրա ու չէր լպստելու ձեռքերս… Ջեկոն էլ չկար:

Անցած ամռանը նոր շուն բերեցինք տուն: Սպիտակ շունիկ էր, սև պուտեր ուներ: Ես նրան Տոբի կոչեցի. իմ սիրելի հերոսի՝ Շերլոք Հոլմսի օգնական շան անունն էր Տոբի… Ես մտածեցի, որ Տոբին կդառնա երկրորդ շունը, որին կսիրեմ, բայց ոչ… Ես այդպես էլ չտարբերեցի նրա հաչոցն ուրիշ շների հաչոցներից, այդպես էլ չկապվեցի նրան: Նա չուներ խելացի աչքեր, ես չէի նստում խոտերի մեջ ու շոյում նրան, ինչպես Ջեկոյին, և երբ աշնանը նորից քաղաք գնայի, չէի կարոտելու նրան: Տոբին Ջեկո չդարձավ…

Ես ավտոբուսի պատուհանից դուրս էի նայում, լսում «Անձրևաշուն» երգը ու մտածում միակ շան մասին, որին սիրել եմ…