Դարաբասից մինչև Դարբաս

Բարև: Մենք սովորում ենք Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: Մեր հայոց լեզվի այսօրվա դասը «Տեղեկատվական ժանրեր» թեման է: Թվում էր՝ այն կանցներ հերթական դասաժամի նման, բայց մենք այնքան ակտիվացանք, որ չէինք էլ ուզում դասն ավարտել: Ընկեր Վարդանյանը կարողացավ խոսեցնել անգամ մեր դասարանի Ռազմիկին, որը շատ պասիվ էր լինում դասերին։ Նա այսօր այնպիսի զվարճալի պատմություններ պատմեց, որ դասարանի զվարճախոս Զաքարը իրեն պարտված զգաց: Իսկ տնային հանձնարարություն կատարելիս հասկացանք, թե ինչ հետաքրքիր է լրագրողի աշխատանքը: Դասարանով գնում էինք տնից տուն և մեր գյուղացիներից պատմություններ կորզում, իսկ նրանք չէին էլ իմանում, որ դառնում են մեր ակնարկի կամ հարցազրույցի հերոսը։ Չերկարացնենք, ուզում ենք՝ կարդաք մեր ակնարկները։

Այն մասին, թե ինչպես մեկ դասաժամում մենք մեզ լրագրող պատկերացրինք:

 Արտասահմանյան փեսացուն

 

Պատմում է Ասյա Միքայելյանը.

-Դարբասի կուլտուրայի տան ինքնագործ խմբով ներկայացում պետք է խաղայինք Նորավան գյուղում: Մինչ ներկայացումը սկսելը իմացանք, որ Նորավանում է հայկական ժողովրդական դերասան Մհեր Մկրտչյանը: Բոլորս անասելի հուզված էինք, որ նա ցանկացել էր նայել մեր ներկայացումը: Աշնանային ցուրտ, անձրևոտ օր էր: Մեր չար բախտից գյուղի լույսը անջատվեց: Երկար սպասեցինք, բայց այդպես էլ լույսը չտվին: Մենք շատ վատ վիճակի մեջ էինք, որովհետև այդպես էլ չհաջողվեց լսել սիրելի դերասանի կարծիքը: Ես այդպես էլ նրան չտեսա: Նույն թվականին նա մահացավ:

***

Կովերի հերթը

Պատմում է Վրույր Առաքելյանը.

-Մի անգամ մեր կովերի հերթն էր, բայց ես չէի ուզում գնալ, որովհետև ձանձրանում էի դրանից: Այսպես վեր կացա առավոտ շուտ, 2001 թվականի մայիսի 9-ն էր, և կովերին քշեցի Սարու աղբյուր: Ես շատ անհավես էի, որովհետև ընկերներս և ամբողջ գյուղը նշում էին այդ գեղեցիկ տոնը: Կեսօրվա կողմին ես նկատեցի, որ երեք հոգի և մեկ ձի բարձրանում են դեպի իմ կողմը: Երբ նրանք մոտեցան, տեսա որ իմ ընկերներն են՝ Աշոտը, Արմանը և Հակոբը: Քանի որ ես մի քանի օրից պետք է գնայի բանակ, նրանք որոշել էին այդ օրը նշել ինձ հետ: Նրանք իրենց հետ բերել էին ամեն ինչ քեֆի համար: Ինձ հետ այնտեղ էին գտնվում նաև Գուրգեն դային (Թորգոմ) և Ժորա դային (Երևանցի Ժորան): Նրանք էլ միացան մեզ և մի լավ քեֆ արեցինք: Իրիկվա կողմ բոլորս արդեն լավ խմած էինք, այնքան, որ ես մոռացել էի կովերի մասին և տղերքի հետ իջել էի գյուղ: Սակայն Գուրգեն դային և Ժորա դային, որոնք հիմա ցավոք կենդանի չեն, հավաքել էին կովերին և իջեցրել գյուղ: Ասեմ, որ դա եղավ երևի թե վերջին կովերի հերթ գնալը: Այս պատմությունը մնաց իմ լավ հիշողությունների մեջ:

***

 Գյուղի զվարճալի կյանքը

 

Պատմում է Փնջիկ Ամիրխանյանը.

-Վարչության նախագահը՝ Եղիշ Աղաջանյանը, եկավ խնդրեց, տարավ ինձ ոչխար կթիլի: Ես էլ կյանքըմ կթած չէի: Բայց մի անգամ ուժեղ անձրև եկավ, ինքն ալ եկավ ընդե տեսավ ռեզինից սապոկնին հագիս… Հա, էլի տու տենց կկիրես… Ասավ՝ բա ղորփոր (էդ մեր ազգի պանն ա էլի), որ գիդի տենց փիսա կպիրի ստե: Վերջը ասեցի՝ դե արդեն եկալ եմ: Հա, վեդրան լիքը փրփրակալած ոչխարի կաթ էր,- խոր հառաչանք քաշելուց հետո շարունակեց,- բայց որ վարձատրությունը տենց քիչ էր, դուրս եկա:

Ոչխար կթիլը ամեն մարդու պան չի…

Զրույցները գրի առավ՝  Մարիամ Համբարձումյանը

***

Ո՛չ անհանդուրժողականությանը և խտրականությանը

 

Պատմում է Լուսինե Հարությունյանը.

-Տարիներ շարունակ Սիսիան քաղաքն ապրում էր իր առօրյա կյանքով: Այդպես էր ապրում նաև այն փոքրիկ թաղամասը, որտեղ ես եմ ապրում: Ամեն առավոտ տնից դուրս գալիս ես լսում էի հարևանների խոսակցություններ, որոնք իրար հրավիրում էին մի բաժակ սուրճի կամ քննարկում էին եղանակային կամ քաղաքական հարցեր: Մարդիկ շփվում էին իրար հետ հայերենով կամ ծայրահեղ դեպքում ռուսերենով, և անգամ չէին պատկերացնում, որ երբևէ իրենց հարևանությամբ կարող են ապրել այլազգիներ, մանավանդ՝ հնդիկներ: Բայց ահա մի օր ամեն ինչ փոխվեց․․․ Մեր տան դիմացի բնակարանը վարձակալեցին մի խումբ երիտասարդներ, որոնք անմիջապես գրավեցին բոլորի ուշադրությունը: Բոլորի խոսակցության թեման այդ երիտասարդներն էին. ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են, ինչո՞ւ են եկել և այլն: Այս հարցերի պատասխանները նրանց շատ էին տանջում, և ավելի սկսեցին նյարդայնանալ, երբ իմացան, որ երիտասարդները Հնդկաստանից են:

Այ, հենց էստեղ սկսվեց ամենագլխավորը: Ողջ թաղամասը բաժանվեց երեք թիմի․ առաջին թիմը պաշտպան կանգնեց հնդիկ երիտասարդներին՝ ասելով, որ նրանք ազատ կարող են ապրել իրենց կողքին, և նույնիսկ փորձում էին կոտրված անգլերենով նրանց հետ հարևանություն անել: Այս խմբի մարդիկ նշում էին, որ հայերն էլ են գնում ուրիշ երկրներ, և գեղեցիկ չի լինի, եթե նրանց վատ ընդունեն և չհանդուրժեն:

Երկրորդ խումբը կտրուկ դեմ էր այն փաստին, որ հնդիկները պիտի ապրեն իրենց հարևանությամբ: Նրանք նշում էին, որ այս փնթիները, որոնց վրայից տարօրինակ հոտ է գալիս, հաստատ լրտեսներ են ու վատ մտադրություններ ունեն: Նրանք ամեն կերպ փորձում էին նեղացնել հնդիկ երիտասարդներին:

Երրորդ խումբը շատ չեզոք էր իրեն պահում և ամենևին չէր հետաքրքրվում հնդիկներով:

Կարել է ասել՝ պայքարը հիմնականում առաջին երկու խմբերի մեջ էր, որոնք ամեն ինչ մոռացած՝ ամբողջ օրը քննարկում էին միայն հնդիկների գնալ-չգնալու հարցը:

Մի օր էլ, երբ ես հանգիստ քնած էի, արթնացա աղմուկից և հասկացա, որ մեր հարևաններն են մեր դռան զանգը տվել և հորիցս օգնություն են խնդրում: Արագ արթնացա, հագնվեցի և մոտենալով դռանը՝ պարզեցի այն, որ մի քանի երիտասարդներ ցանկացել էին ծեծել հնդիկ երիտասարդներին և նրանց ստիպել հեռանալ մեր քաղաքից: Նրանք էլ, հայտնվելով անելանելի դրության մեջ, անմիջապես մեր դուռն էին ծեծել: Այս աղմուկի վրա հավաքվել էին մեր բոլոր հարևանները և կրկին վիճում էին: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ ինձ վրա վերցրի հաշտարարի և միաժամանակ թարգմանչի պարտականությունը: Երկու կողմերին էլ փորձեցի բացատրել, որ թշնամանալով հարց չեն լուծի, և առաջարկեցի հաշտության ձեռք մեկնել իրար և ապրել հանդուրժողականության մթնոլորտում: Դեպքը հարթվեց, երբ հայ երիտասարդները ներողություն խնդրեցին իրենց պահվածքի համար և խոստացան, որ այլևս չի կրկնվի նման բան:

Եկավ այն օրը, երբ հնդիկ երիտասարդները մեկնեցին քաղաքից այնպես անսպասելի, ինչպես եկել էին: Բայց պարզվեց մի հետաքրքիր բան․ հարևանները կրկին անհանգիստ էին։ Մի շարք հարցեր էին նրանց տանջում. ինչո՞ւ հեռացան, ե՞րբ կվերադառնան և այն: Հիմա երբեմն լսում եմ նրանց խոսակցությունները հնդիկների մասին, որտեղ նշում են, որ լավ էլ խելոք տղաներ էին, տեսնես՝ հիմա որտեղ են ու ինչ են անում, արդյոք նորից կգա՞ն Հայաստան, թե՞ չէ…

Նվարդ Ռուբենյան

***

Պատմում է Կարինե Աղաջանյանը

-Ուրեմն մեր դասարանի երեխեքը մայիսի 1-ին որոշում են հավաքվել: Ինչ անեն, ինչ չանեն՝ միս չունեն: Գիտե՞ս՝ ինչ են անում, գալիս են ինձ ասում են՝ Կարինե, պապադ ո՞րտեղ ա: Ասըմ եմ՝ պապաս էսինչ տեղում ա: Դպրոցից էն յան տարածություն կա, տեղ անգեքն են պահում (էն հիվանդ ոչխարներն էլի, էն որ դժվար են քայլում), դրանք առանձին են պահում: Ուրեմն էդ տղաները որոշում են՝ ոչխար գողանան պապայիցս: Ոչխարը գողանում են, իրանց պենջակը հանում են, ոչխարի ոտերը պանը հագցնում են, ոչխարը գրկում են՝ որպես երեխա, տենց պերմ են տուն։ Պապաս տեսնում ա, բայց չի իմանըմ՝ ինչ ա, ինչ չի: Զանգեցին, ինձ ասեցին՝ Կարինե, աղջկեքին հավաքի, որ քեֆ ենք անըմ, մայիսի 1 ենք անում։ Ասեցի՝ ես չեմ կարալու գամ, ասեցին՝ չէ, պիտի գաս, դե կիկաս-կիկաս դասավորեցինք, հավաքվեցինք: Քինացինք քեֆի, խորովածը արել են, պրծել, խաշլամա էլ են արել (էդ սաղ մեր տղերքը արել են, մենք խաբար չենք): Դե, հավաքվել ենք էդ կերել ենք, պրծել, մեկ էլ էդ տղաներից մեկը եկել ա ասում ա․

-Կարինե, պապադ իրիգունը որ եկել ա տուն, քեզ պան չի՞ ասել։

-Չէ, ի՞նչ պիտի ասեր։

-Դե չի՞ ասել, որ էդ անգոցը մինը չկա։

-Չէ։

-Դե, որ չի ասել, չի ասել։

Ասեմ․

-Այ ավազակ, տո՞ւք եք գողացել։

-Չէ։

-Դե, լավ, եթե դուք գողացած եղաք, տես՝ ձեզ ինչ եմ անելու։ Ավելի լավ ա ասեիք՝ Սուրեն ձաձ, մի ոչխար տուր՝ տանենք ուտենք, քան տուք գողանայիք: Թե տուք գողացած եք, էլ ոչ մի բան չեմ կազմակերպելու:

-Չէ, Կարինե, մենք ենք գողացել,- ու տեղ սաղ պատմեց, վերջում էլ՝ թե բա,- պապայիդ չասես, որ մենք ենք գողացել:

Էդ իրիգու եկամ տուն, պապաս, թե բա․

-Կարինե, էրեգ ավազակները ոչխարի մինը գողացել են։

Դե, ես իհարկե արդեն գիդեի, ասամ՝ պապա, արդեն կերել ենք, թե բա՝ դե կերել եք, կերել եք, լավ եք արել:

Քեֆն ալ արանք Կարենանց պապիկենց տանը: Լավ կերանք, լավ խմեցինք, մի խոսքով՝ ընտիր քեֆ արեցինք:

Ալվարդ Հայրապետյան

***

Հերոս Անուշը

Անուշը պապիկիս տատն է: Հռչակավոր Գոգոլ դայու զոքանչը: Նա հերոս կին էր, սպանել էր մեր գյուղ եկած մի խումբ թուրքի: Անուշի եղբայրներին թուրքերը սպանել էին, և մենակ մնացած Անուշը որոշել է վրեժ լուծել: Մի գիշեր, երբ գալիս էր տուն, գնացել, մի տան անկյունից լսել է թուրքերի ձայնը։ Մոտենում է ու փակում տան դուռը: Հետո արագ բարձրանում է օճորք, և երդիկից խոտերը վառում ու գցում սենյակի մեջտեղը: Թուրքերը ծխից խեղդվում են, իսկ Անուշը գոհ է մնում, որ կարողացել է վրեժ լուծել։ Երկար տարիներ այս մասին ոչ ոք չի իմացել, միայն մահվան մահճում է խոստովանել, որ ինքն է վառել այդ տունը:

Զաքար Հայրապետյան, 10-րդ դասարան