Միջինք

Այս օրերին Մեծ Պահքի Միջինքն են նշում: Դա նշանակում է, որ անցել է պահքի ուղիղ կեսը: Մեր գյուղում՝ Արագածում, սովորություն կա Միջինքի գաթա թխելու: Նուշիկ տատս այս տարի էլ միջինք թխեց, և մինչ նա թխում էր, ես լուսանկարում էի և հարցազրույց անում Նուշիկ տատիկի հետ:

-Տատ ջան, այս տարի պատրաստեցիր միջինքի գաթա: Կպատմե՞ս միջինքի մասին:

-Միջինքը մեր հին ադաթներուց եկած օրենք ա: Փոքրուց հիշում եմ միշտ միջինք թխել ենք մեր տներում: Նույն էլ ես եմ կրկնել ու միջինք թխեր իմ: Միջինք թխում ենք կանեփով ու մեջն էլ դնում ենք առաջ կոճակ, իսկ հիմա կոպեկ: Ում փայաբաժնի մեջ, որ էտ կոպեկը կընգներ, էդ տարի նրան լավ հաջողություն կեղներ: Միջինք կթխեինք, մի օր կմներ, մյուս օրը կդնեինք փոքր երեխու շալակը, յոթ փաթ շրջան հայաթով կամ տան կողերով կըֆռռեր, հետո իրիկունը կբերեինք տուն, տան մեծը միջինքը կկտրեր: Ում փայաբաժնի մեջ կընկներ, իրան հաջողություն կեղներ:

-Երբևիցե գաթայի նշանը քեզ բաժին հասե՞լ է:

-Ինձ չեմ հիշում, որ հասել ա: Մանկության տարիներին էլ չեմ հիշում՝ հասել ա, թե չի հասել, բայց էս վերջին տարիներին մի լավ, արտակարգ դեպք տեղի ունեցավ միջինքի արարողության ժամանակ: Այդ տարի իմ փոքր տղեն ավարտում էր դպրոցը: Միջինքը կտրելուց ընկավ իրա փայաբաժնի մեջ, և այդ տարի ինքը ընդունվավ մանկավարժական համալսարան: Դրանից հետո ես ամեն տարի պարտադիր միջինք թխում եմ հաջողության համար: Մարդ կա, ասում ա, որ միջինքը մեր տան համար լավ չէ, որ թխենք, բայց ինձ համար շատ լավ ա: Ես ամեն տարի պարտադիր միջինք թխում եմ:

-Եղե՞լ է ինչ-որ դեպք, երբ իմանաս նշանի տեղը և դիտմամբ այդ բաժինը տաս քո նախընտրած անձին:

-Չէ, բալա ջան, ըտենց որ էղնի, արդեն սխալ կլինի: Միջինքը պիտի պատահական էղնի, որ միջինքի արարողությունը ճիշտ էղնի: Եթե տեղն ըսինք, ամեն մեկն իրանց հանին, էլ դրա իմաստը ո՞րը կըլնի:

-Այս տարի ևս պատրաստեցիր: Ո՞ւմ բաժին հասավ նշանով կտորը:

-Այս տարի պատրաստեցի և ընկավ իմ փոքր թոռանը՝ Սոնային: Մեջը դրել էի կոպեկ, ու ընկավ փոքր տղուս աղջկան:

-Ապրես, տատ ջան: Հեսա արագ նյութս ուղարկեմ 17.am–ին:

-Աբրիս, բալա ջան: Սենց լավ բաներ շուտ-շուտ արա: