մարինե իսրայելյան

Սիրո հավասարում

Կյանքի բերումով մենք ինչ-որ տեղ հանդիպում ենք ինչ-որ «իքս» արգումենտի, և մեզ թվում է, թե սկսում ենք սիրել: Ժամանակի հետ անհետանում է այդ «թվալ» բայը, և մենք իսկապես սիրում ենք: Հետո «իքսը» բազմապատկվում է մեր մտահորիզոնի լայնության ու գիտակցականի խորության արտադրյալով: Ինչքան ավելի լայնահորիզոն ու խորագիտակ ես, այնքան ավելի ես տուժում, քանի որ այդ սերը դառնում է կոտորակի այն համառ հայտարարներից, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում բարձրանալ և մեր կյանքը դուրս բերել իռացիոնալությունից: Բազմապատկվելուց հետո այդ արտադրյալը սկսում է ահագնացող թափով քառակուսի բարձրանալ ամեն մի քաղցր խոսքի ու հայացքի հետ, և մենք ստանում ենք հաշվիչների էկրաններին չտեղավորվող թվեր։ Այնպիսի թվեր, որոնք գրություն չունեն: Մենք բացահայտում ենք տիեզերքի լայնությունը մեր մի բուռ սրտի տարողությամբ: Եվ երբ այդ թիվը հասնում է «անսահման» տիեզերքի ինչ-որ սահմանի, սկսվում են բաժանումները: Սկզբում`երկուսի, չորսի, վեցի… Հետո արմատներ են հանվում մեր էությունից, հոգուց, մտքերից: Եվ հասկանում ենք, որ զրոյից այն կողմ էլ նույնքան մեծ անսահմանություն կա, իսկ հասկանալու համար մենք անպայման պիտի տեսնեինք այն` լայն ու գրավիչ մինուսների աշխարհը:

Ահա կյանքի ընկալումը թվային աղեղի տեսքով, որի վրա մենք վազվզում ենք մինչև մեր վերջավոր կյանքի ավարտը: Սիրո աղեղի վրա զրոյական դիրքում լինել չի կարելի, հատկապես երբ գարուն է… Իսկ հիմա գարուն է, և ավելի բարձր է դրականի միտումը, ուրեմն բարձրացնենք մեր դիրքը սիրաստիճանի վրա` հզորացնելով գարնանային սիրաբույրի տարափը: