marine nikoghosyan

Մի դասարանի պատմություն

Ահա և ավարտվեց ևս մեկ դպրոցական տարի։ Սակայն, ի տարբերություն անցած տարիների, այս տարին առանձնահատուկ էր ինձ և իմ համադասարանցիների համար, որովհետև վերջինն էր։

Շիրակի մարզի հեռավոր գյուղերի դպրոցներում շրջանավարտների թիվը տարեցտարի նվազում է։ Մեր դպրոցն էլ հետ չէր մնում մյուսներից։ Մեր՝ Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց են հաճախում երեխաներ երեք գյուղերից։ Ես ինքս Կաքավասար գյուղից եմ: Դպրոցին հատկացված է մեկ ավտոբուս, որն էլ երեխաներին տեղափոխում է դպրոց։
Ես առաջին դասարանից մինչև չորրորդ դասարանը հաճախել եմ մեր գյուղի տարրական դպրոցը (այժմ այնտեղ սովորում է երկու աշակերտ)։ Ինձ հետ էր նաև մեր գյուղից մի աղջիկ։ Հինգերորդ դասարանում արդեն սկսեցինք հաճախել հարևան գյուղի՝ Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց։ Մեր համադասարանցիներն այնտեղ չորսն էին։ Միավորվելով դարձանք վեց աշակերտ։ Աշակերտներ կային երեք գյուղերից էլ։ Առաջին իսկ օրվանից միմյանց հետ շատ կապվեցինք, սակայն դեռ կար գյուղերի միջև պայքարը՝ թե որ գյուղն է ամենալավը։
Այն աղջիկը, որը մեր գյուղից էր, իններորդ դասարանն ավարտելուն պես դուրս եկավ դպրոցից և ընտանիքի հետ հեռացավ գյուղից՝ մեկնելով արտերկիր: Բացի նրանցից շատ շատերն են հեռացել գյուղից՝ աշխատանք չունենալու և ընտանիքի կարիքները հոգալ չկարողանալու պատճառով:
Դասարանում մնացինք հինգ աշակերտ։ Մեծահասակները, որոնք հաճախել էին մեր դպրոցը, զարմանում էին, երբ իմանում էին դասարանիս և դպրոցի աշակերտների քանակը։ Եվ գրեթե բոլորն ասում էին նույնը.
-Մեր վախտով ըբը սպե՞ս էր։ Ամեն մե դասարան ամենաքիչը մե քառասուն աշակերտ էր,- ու վերջում էլ միշտ ավելացնում էին,- է՜յ գիդի, ջահելություն…
Բայց, ինչ արած, մեր «վախտով էլ ըսպես է»։
Մինչև տասներկուերորդ դասարանը մնացինք անխախտ՝ հինգ աշակերտ։ Տասներկուերորդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսվեցին վիճաբանություններ՝ վերջին դաս, վերջին զանգ, քննություններ։ Ամեն ինչ իրար էր խառնվել։ Թեկուզ և քիչ էինք, միևնույնն է, դժվար էր վերջին զանգ կազմակերպելը: Երեք աղջիկ էինք և երկու տղա։ Դե, տղաների համար միևնույնն էր՝ վերջին զանգ կկազմակերպեինք, թե ոչ։ Նրանց համար կարևորը շուտ դպրոցն ավարտելն էր։ Բայց այ, աղջիկներս… Երեքս էլ տարբեր կարծիքներ ու տարբեր բնավորություն ունեինք։ Արդեն դասարանում լարվածություն էր ստեղծվել։ Սակայն մի քանի օրից հնարավոր եղավ լարվածությունը ցրել։
Մեզ փոխարինող առաջին դասարանցիները չորսն էին՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Նրանց հետ միասին կազմակերպեցինք վերջին զանգ՝ հետաքրքիր համարներով։ Ամեն ինչ հիանալի էր։ Սակայն վերջին զանգից հետո մեզ սպասվում էր կարճատև, բայց և ճակատագրական մի փուլ՝ քննությունները։ Դասարանից միայն ես էի, որ հանձնելու էի միասնական քննություններ, մյուսները հանձնելու էին ավարտական քննություններ։ Եվ, փառք Աստծո, բոլոր քննություններն էլ հաջողությամբ հանձնեցինք։
Հուսամ, տարիներ հետո կամաց-կամաց մեծացող երեխաների քանակը տեսնելով ես էլ կասեմ. «Մեր վախտով ըբը սպե՞ս էր»… Բայց այս անգամ բոլորովին այլ երանգով: