gohar hakobyan (ararat)

Մի թրի պատմություն

Երեկ պատմության դասին ուսուցչուհիս պատմեց մեր գյուղացի, Հայրենական պատերազմի մասնակից Գեղամ պապիկի մասին: Նշեց, որ նա մինչև վերջերս ողջ էր: Գեղամ պապիկը դասընկերոջս պապիկն է: Նա շատ էր մեզ պատմել իր պապիկի մասին: Ինձ այդ պատմությունները վաղուց էին հետաքրքրել: Որոշեցի ավելի շատ տեղեկություններ հավաքել նրա մասին:

Շտապեցի մեր դպրոցի փոխտնօրենի մոտ, որը նույնպես հերոս պապիկի թոռնուհին է:
Մենք երկար զրուցեցինք, և նա պատմեց լուսավոր հիշողություններ:

-Պապիկս ուտող-խմող մարդ էր, սիրում էր ընկերական շրջապատը: Հերթական օրերից մեկն էր, երբ խնջույք էր կազմակերպել: Այդ օրը լավ խմած էր, վերցրել էր իր թուրը ու սպառնում էր, որ կթռցնի բոլորի գլուխը: Ընկերներից մեկն էլ ասաց՝ քեզ Շաբալդա՞ ես կարծում (Շաբալդան իրենց գյուղի ազդեցիկ մարդկանցից է եղել): Ու այդ օրվանից նրան կոչեցին Շաբալդա: Պապիկս իր ծնունդը նշում էր մայիսի 9-ին, ասում էր, որ այդ օրը ինքը երկրորդ անգամ է ծնվել, քանի որ հայրենական պատերազմն ավարտվել է:

-Նա սիրո՞ւմ էր խոսել պատերազմի մասին:

-Եթե սթափ էր, չէր սիրում, բայց երբ փոքր-ինչ գինովցած էր լինում, կխոսեր երկար ու առանց դադարի:

Ես ընկեր Ազատյանի դեմքին թախծոտ ժպիտ նկատեցի և ավելի մեծ հետաքրքրությամբ տվեցի հաջորդ հարցս.

-Ինչո՞վ էին հետաքրքիր այդ պատմությունները:

-Գիտե՞ս ինչով էին հետաքրքիր, նա խոսում էր ոչ թե իր մասին, այլ պատերազմի ու խաղաղության, մարդկության ապագայի, երիտասարդության ու կրթության, գեղեցկության ու մաքրության մասին: Պապիկս պատմում էր. «1944 թվականի հունիսի 19-ին այն զորամասը, որտեղ կռվում էի ես, հրաման էր ստացել ազատագրել Ուկրաինայի քաղաքներից մեկը՝ Դրոգոբիչը:
Արդեն 6 ամիս էր, ինչ խորհրդային զորքերը չէին կարողանում ճեղքել գերմանական ահռելի ուժերի ամրությունը: Եվ ահա մերոնք լրացուցիչ զենք ու զինամթերք ստացան: Առաջին հերթին՝ «կատյուշաները», որոնց մերոնք առաջինը գործի դրեցին և գրավեցին քաղաքը»:

-Իր հայրենասիրությունը արդյոք փոխանցվե՞լ է իր ժառանգներին:

-Միշտ ենք լսել պապիկիս զրույցները և տեսել նրա հանդեպ հասարակության սերն ու հարգանքը, ինչպես նաև՝ իր կողմից կատարված նախաձեռնություներն ու աշխատանքները: Մենք բոլորս հպարտ ենք, որ կարող ենք կոչվել «Շաբալդայի հետնորդներ», քանի որ նրանից սերված բոլոր սերունդները ձգտում են լինել հայրենասեր, օրինապահ, աշխատասեր և հասարակության մեջ գտնել այն տեղը, որին արժանի է հայ մարդը և քաղաքացին:

-Ունե՞ր մի այնպիսի արտահայտություն, որ կրկնում էր անընդհատ:

-Միշտ ասում էր՝ օ՜ֆ, օ՜ֆ, իսկ մենք արդեն գիտեինք, թե ինչ էր թաքնված այդ խոսքի տակ:
Կարծես ասում էր. «Ոչինչ չունեմ ասելու, բայց իմացեք, որ դուք պատասխանատու եք ձեր յուրաքանչյուր քայլի համար»:

-Ընկե՛ր Ազատյան, ի վերջո այդ թուրը ի՞նչ նշանակություն ուներ իր համար:

-Այդ թուրը մինչև այժմ կախված է պապիկիս տան պատից: Նա միշտ հպարտանում էր և ոգևորված պնդում, որ թուրն է իրեն ուժ ու զորություն տալիս: Մենք հավատացել ենք նրան ու այժմ էլ ուզում ենք հավատացած լինել, որ պապիկիս լուսավոր հոգին՝ որպես պահապան հրեշտակ, մեզ է հսկում ու ավետում բարին: