karen karapetyan2

Մի կաթիլ մեղրը

Հարցազրույց հորեղբորս Ավետիք Կարապետյանի հետ, ով զբաղվում է մեղվապահությամբ:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել մեղվաբուծությամբ:

-Ցանկացա զբաղվել այդ գործով, որն առաջին հայացքից թվում էր հեշտ, բայց դժվար և հետաքրքիր:

-Քա՞նի տարի է, ինչ զբաղվում եք այդ գործով:

-Ես սկսեցի զբաղվել մեղվապահությամբ 2004 թվականից, և արդեն տասներկու տարի է: Սկզբում ունեի երեք մեղվաընտանիք, իսկ այժմ` 35:

-Իսկ Ծովազարդում վաղո՞ւց են մարդիկ զբաղվում մեղվաբուծությամբ:

-Այո, գյուղում շատ վաղուց են զբաղվել մեղվաբուծությամբ: Դեռ Սովետական Միության ժամանակ մեզ մոտ 3 «բրիգադ» կար, ամեն մեկում` 80-ից 100 փեթակ: Ե’վ մասնավոր են մեղու պահել, և’ պետական:

-Այժմ շատե՞րն ունեն մեղվաընտանիքներ:

-Այո’, շատերն ունեն:

-Իսկ դա Ձեր զբաղմո՞ւնքն է, թե՞ գումար վաստակելու միջոց:

-Դա ինձ համար և’ գումար վաստակելու միջոց է, և ‘զբաղմունք: Տարվա ընթացքում ստանում եմ մոտ 150 կգ մեղր:

-Իսկ հե՞շտ է մեղու պահելը:

-Ես հաճույքով զբաղվում եմ այդ գործով, քանի որ սիրում եմ գործս: Բայց իրականում բավականին դժվար գործ է, քանի որ փեթակների ծանր «կափարիչները» անընդհատ հանել-դնելով հոգնում եմ, կռացած աշխատելիս էլ մեջքս ցավում է. Այդքան էլ հեշտ գործ չէ:

-Ձմռանն ինչպե՞ս եք պաշտպանում մեղուներին սաստիկ ցրտից:

-Վերջին 5 տարում մեղուները ձմեռում են դրսում` բաց երկնքի տակ: Եթե նրանց կերի պաշարը որակյալ է, և փեթակները ճեղքեր չունեն, նրանք դիմանում են ցրտին:

-Ինչպե՞ս են մեղուները բույսից նեկտար հավաքում:

-Մեղուները ունեն երկար փռիկ, որի օգնությամբ էլ կարողանում են բույսից նեկտար հավաքել:

-Ձեզ չե՞ն կծում: Ինչպե՞ս եք խուսափում, և արդյո՞ք մեղվի կծածը վնասակար է մարդու առողջությանը:

-Կծում են, եթե անզգույշ ենք վարվում, պետք է մեղվապահական հագուստ հագնել և ճիշտ ձևով մոտենալ նրանց փեթակին: Պետք է ծուխ տալ նրանց` առանց ավելորդ շարժումների: Եվ պետք է վրայիցդ տարօրինակ հոտեր չգան, օրինակ` բենզինի, սպիրտի, սոխի, սխտորի… Մի խոսքով, սուր հոտեր: Նրանք կատաղում են. պետք է մինչև կեսօր աշխատել մեղուների հետ, կեսօրից հետո չի թույլատրվում: Իսկ մեղվի կծածը վնասակար չէ, այլ օգտակար: Հազվադեպ մարդկանց, որոնք ալերգիա ունեն, վտանգավոր է, նույնիսկ մահացու:

-Իսկ այդ ալերգիան ինչի՞ց է առաջանում:

-Եթե տվյալ մարդը չունի դիմադրողականություն, չի կարողանում մեղվի թույնին դիմանալ: Նրանց մոտ մեղվի կծածը առաջացնում է հևոց:

-Ինչո՞ւ են մեղուներին ծուխ տալիս:

-Այդ հարցը շատերն են տալիս, դա շատ հետաքրքիր հարց է, և շատերն էլ չգիտեն դրա պատասխանը: Երբ որ ծուխ են տալիս մեղուներին, նրանք բնազդաբար կարծում են, թե իրենց փեթակը հրդեհվում է, և արագ, 3-ից 4 օրվա համար կերապաշար են հավաքում իրենց կերապարկում: Նրանք ունեն և դրսից մեղր բերելու կերապարկ, և իրենց սննդի համար կերապարկ: Երբ որ ծուխ են տալիս, մեղուները արագ իրենց պատրաստած շրջանակներից մեղր են քաշում կերապարկի մեջ, որպեսզի փեթակի «վառվելուց» հետո, մինչ նոր բույն պատրաստելը, գոյատևեն այդ կերապաշարով: Երբ նրանք քաշում են մեղրը իրենց կերապարկի մեջ, իրենց որովայնը ուռչում է, և երբ ուզում են կծել, չեն կարողանում, քանի որ չեն կարողանում կռել իրենց պոչիկը, և այդ ժամանակ ավելի հեշտ է դառնում նրանց հետ աշխատելը:

-Պատահո՞ւմ է, որ մեղուները հիվանդանան:

-Այո: Եթե նոր ես սկսում զբաղվել մեղվաբուծությամբ, այդ ժամանակ կարող է շատ հիվանդացնես և չկարողանաս ճիշտ բուժում տալ: Բայց երբ գիտես իրենց ճիշտ բուժելու եղանակները, արդեն ավելի քիչ են հիվանդանում: Հիմնականում ամենահաճախ հանդիպող հիվանդությունը և ամենավտանգավորը «վարատոզ» տիզն է: Մանր ասեղի ծայրի չափ տզեր են, որոնց անզեն աչքով հնարավոր չէ տեսնել` ունեն 8 ոտք և ծծող ապարատներ: Նրանք կպչում են մեղվին և սկսում քաշել մեղվի ուժը, և մեղուն սատկում է: Այդ պատճառով պետք է մեղուներին ճիշտ խնամել և միշտ ժամանակին բուժել:

-Կարողանո՞ւմ եք այլ գյուղերի ու քաղաքների հետ համագործակցել:

-Ոչ, կարելի է ասել: Լինում են մեղրը այլ մթերքով փոխանակելու առաջարկներ, բայց հազվադեպ: