Ani Ghulinyan

Մի պատառիկ իմ գյուղի խոհանոցից

Կոնչոլ

Մեր գյուղում նախորդ դարում օգտագործված առավել գործածական ճաշատեսակներից է:
Պատրաստելու համար սոխով սոուսի վրա լցնում են սառը ջուր, թողնում, որ եռա: Եռալուց հետո վրան լցնում են միջին չափի կտրատած կարտոֆիլ: Ավելացնում են երկու ձու ու կանաչի: Ճաշատեսակի ամենակարևոր բաղադրիչը չորացած հացն է: Նախկինում դսեղեցիք հացը թխում էին փռան մեջ ու մեծ քանակությամբ: Իսկ վերջում մնացած չորացած հացից պատրաստում էին կոնչոլը: Այսօր էլ գյուղում որոշ մարդիկ պատրաստում են այն, բայց արդեն ոչ թե որպես հիմնական ճաշատեսակ, այլ որպես անցած-գնացած օրերի վերհուշ:

Դդմով ճաշ

Դդմով ճաշը չի կարելի շփոթել ղափամայի հետ, որը պատրաստում են թոնրում: Դդմով ճաշի համար եփում են մեկ բաժակ հատիկ լոբի, իսկ վրան ավելացնում կեղևահան արած ու մանր կտրտած դդումը: Եփելուց հետո՝ մատուցելիս, վրան ավելացնում են սոխեռած՝ համեմված կծու, կարմիր պղպեղով, վերջում էլ, ըստ ցանկության, քոնդար են լցնում: Դդմով ճաշը եղել է գյուղացու ամենօրյա կերակուրներից:

Հոնով մամուխով ճաշ

Այս կերակրատեսակի պատրաստումը հեշտ է ու արագ, դրա համար էլ նախկինում շատ է օգտագործվել: Հոնը լավ եփել են, մինչև փափկի: Փափկելուց հետո այն անց են կացրել փլավքամիչով՝  կորիզներից ու խոշոր կտորներից ազատվելու համար: Ըստ ճաշակի ավելացրել են նաև շաքարավազ: Կերել են հացով: Նույն ձևով պատրաստել են նաև մամուխով ճաշ:
Յուրահատուկ է եղել նաև հաց թխելու արարողությունը: Երբ դեռ չկային էլեկտրական վառարանները, մեր գյուղացիք հացը թխում էին փռան մեջ: Փուռ ունենում էին թաղում մեկ-երկու հոգի: Շաբաթվա մի օր հարսներով հավաքվում էին ու հերթով բոլորի հացերը թխում: Թոնիր չեն օգտագործել: Գյուղում թոնիր ունեցել է միայն Հովհաննես Թումանյանի ընտանիքը: Հացը թխելուց առաջ խմորը պահել են տարայի մեջ, սպասել, մինչև թթվի (այս գործողությունը փոխարինել է թթխմորին), իսկ թխելու ժամանակ գնդել են ու թաթախել ալյուրի մեջ:

Գաթա

Մեր գյուղի գաթան պատրաստել են խոզի հալեցրած ճարպով: Դրան ավելացրել են մածուն, շաքարավազ, աղ, ալյուր, և ձու: Խմորը շրջանաձև են արել, մեջտեղում դրել են խորիզը, որը պատրաստել են խոզի կամ կովի յուղից: Գաթա թխել են մեծ իրադարձությունների՝ հարսանիքների, Նոր տարվա ժամանակ: Բացի ավանդական կլոր գաթայից, պատրաստել են նաև փոքր շեղանկյունների տեսքով գաթա: Կլոր գաթայի մեջ դրել են մետաղադրամ: Նա, ում կընկներ մետաղադրամը, կունենար մեծ հաջողություններ: Հարսանիքների առիթով թխված գաթայի խորիզը ընդունված է եղել կովի յուղով պատրաստել: Դրան մեծ նշանակություն են տվել հարսանեկան արարողության ժամանակ: Գաթաները կապել են կարմիր ժապավենով ու պարացնելով տարել հարսի տուն: