arman arshak

«Չկա նպատակ, որ հնարավոր չլինի իրագործել»

Շաբաթ երեկո՝ հերթական անգործ ու պարապ երեկոներից, ու ինչպես միշտ, ես վիրտուալ աշխարհում եմ։

-Հերիք ա, մի քանի րոպեով գոնե դուրս արի էդ անտերի միջից, հետաքրքիր հաղորդում ա սկսվում՝ «Դեպի Եվրատեսիլ»,- ինչպես միշտ մայրս բարկանում էր, ու երևի այս խոսքերը բոլոր մայրիկների խոսքերն են։
Երբ մայրս ասաց, որ այդ մրցույթի արդյունքում պետք է որոշեն, թե ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում, որոշեցի դիտել հաղորդումը:

Հերթական մասնակիցն էր, մտածեցի, «Դե կամ Բեյոնսե կամ Ադել են էլի երգելու», բայց սկսեց երգ, որը երբեք չէի լսել։ Այդ մասնակիցը, ով ներկայանում էր իր ուրույն ոճով, Ալեքսանդր Պլատոն էր։

Անցավ մի քանի շաբաթ, համացանցում հանդիպեցի հայտարարության, որ Պլատոյի գրքի շնորհանդեսն է, որոշեցի անպայման մասնակցել:
Դե, 17-ի թղթակցին իր զգացումների մասին ուրիշ պատմելու տեղ չի մնում, միայն 17-ն է: «Հենց 17-ի ընթերցողին էլ կպատմեմ այս ամենի մասին: Հա, կգրեմ Պլատոյին, կգնամ հարցազրույց կվերցնեմ»։ Ու հենց այդպես էլ արեցի:

-Երևի սկսեք ամենասկզբից, առաջին քայլեր…

-Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, դաշնամուրի բաժին: Մենք տանը դաշնամուր չունեինք, բայց մեր հարևանի տանը կար, իսկ 90-ականներին, գիտե՞ք ոնց էր. բոլորը ապրում էին մի ընտանիքի նման: Մեկի տանը մարտկոցով լույս էին միացնում, ու բոլորը էդ տանն էին «ապրում»: Ես հիշում եմ մեր հարևանի տանը մի մութ սենյակ կար, որտեղ ահավոր ցուրտ էր, էդ սենյակում էր դրված դաշնամուրը: Ես 6 տարեկան էի, մտնում էի այդ ցուրտ սենյակը ու անընդհատ ծնգծնգացնում էի: Պաշտում էի սև ու սպիտակ ստեղները։ Ու ծնողներս որոշեցին ինձ տանել մշակույթի պալատ, բայց մտածում էին` դե, հավեսը կհանի ու էլ չի շարունակի՝ երեխա է: Բայց ես հասկացա, որ դա իմն է: Մշակույթի տան տնօրենի ու ծնողներիս զրույցից հետո որոշվեց ինձ տանել երաժշտական դպրոց: Բայց մի քիչ բարդ ժամանակներ էին: Ծնողներիս հնարավորությունները շատ մեծ չէին, ու ես չէի հասկանում, որ մեր տանը անընդհատ հայտնվող անծանոթների գալու պատճառը մեր տան իրերը գնելն էր, որոնք ծնողներս վաճառում էին՝ դաշնամուր գնելու համար։ Այդ դաշնամուրը մինչ օրս իմ սենյակում է դրված, շատ եմ սիրում, իմ կյանքի ընկերն է:

Երաժշտական դպրոց, ի տարբերություն հանրակրթական դպրոցի, մեծ հաճույքով էի հաճախում: Հետո նպատակ դրեցի իմ առաջ շարունակել կրթությունս` երաժշտական ուսումնարան, կոնսերվատորիա: Ուզում էի երգել, բայց չկար բեմ: Մերոնց խնդրում էի խմբակներ գտնել, ինչ-որ պարի խմբակ գտան: Սկզբում ուզում էի բեմ, երգել, միկրոֆոն, սակայն ցուրտ էր դահլիճում, ոչ մեկը չկար, բավական բարդ էր: Դե, 90-ականներն էին:

Ծնողներս մասնագիտական ընտրության հարցում ինձ ազատ էին թողել: Ես որոշեցի գնալ հումանիտար ուղղությամբ և ընտրեցի փիլիսոփայությունը, որն ինձ պարգևում էր էսթետիկ հաճույքից մինչև խորը գիտելիք ու աշխարհայացք: Երբեք չեմ զղջացել այս ընտրության համար։ Փոքրիկ շեղում եղավ դեպի հոգեբանություն, հետագայում նաև` մարքեթինգ, երբ ես մեկնեցի ուսանելու Չեխիա: Այս ամենը շատ լավ էր, բայց ինձ պակասում էր երաժշտությունը: Ընկերական շրջապատում, երբ հավաքվում էինք, ես կարող է մի բան կատարել: Չեխիայից վերադառնալուց հետո հինգ տարի դասավանդել եմ համալսարանում: Դասախոսական այս գործունեությունը ևս շատ էի սիրում, ցանկանում էի շարունակել, սակայն շատ էի հոգնում հիմնական աշխատանքիս ու մյուս զբաղմունքների հետ համատեղելու պատճառով։ Երբ դարձա երեսուն տարեկան, երևի ինչ-որ ճգնաժամ սկսվեց. հասկանում էի, որ մի կարևոր բան է պակասում: Այ, մոտավորապես այսպես կարելի է բնութագրել. փայլուն ադամանդ ես ունենում ինքդ քո մեջ, սակայն երբ սկսում ես չօգտագործել, ցեխոտվում է, կեղտոտվում, լցվում տարբեր կուտակումներով, չի կարողանում այլևս առկայծել ու փայլել: Ադամանդը չի վերանում, մնում է ներսումդ, սկսում է նույնիսկ ցավեցնել, բայց չես հասկանում` պատճառն ինչ է: Սկսում ես կորցնել նրա գույնը, ձևը, բովանդակությունը: Այ, հենց նման մի գործընթաց ինձ հետ էր տեղի ունենում. ես հասկանում էի, որ ինչ-որ բան ինձ պակասում է, բայց չէի հասկանում՝ ինչը: Հասկանում էի, որ գրելը այս բարդ փուլում ինձ կարող է շատ օգնել, և ամեն բան կարծես սկսեց դասավորվել: Երեսուն ամյակիս փորձեցի երգել: Այդ օրվանից որոշեցի պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երգեցողությամբ, սակայն պահում էի իմ այդ պարապմունքները գաղտնի: Այդ ժամանակ Բուլղարիայում երգի միջազգային մրցույթ էր մեկնարկում, որոշեցի դիմել: Մասնակիցները պրոֆեսիոնալ երգիչներ էին ու ես, որպես բանկային աշխատող, հայտնվել էի այդ խենթ միջավայրում: Նույնիսկ մրցանակի արժանացա՝ «Ամենագրավիչ երգիչ»:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել Եվրատեսիլին:

-«Դեպի Եվրատեսիլ»-ն ինձ համար հարթակ էր` դրսևորվելու որպես արտիստ ու, առհասարակ, որպես անձ: Տարբեր կատարումներ ներկայացրեցի: Հիշարժան էր սասունցիական երգի իմ ընտրությունը: Այն աղմուկ առաջացրեց, կային մարդիկ, որ պնդում էին, թե իբր այն եվրատեսիլյան ձևաչափ չունի, սակայն ես շարունակում էի բացատրել, որ ես այդ երգով չեմ պատրաստվում եվրատեսիլյան բեմ բարձրանալ. սա ուղղակի ընտրություն է, որի միջոցով փորձում եմ ցույց տալ իմ հնարավորությունները: Չորրորդ փուլում իրավիճակն ավելի բարդ էր, որովհետև այդտեղ ես ու մարզիչս որոշ տարաձայնություններ ունեինք: Ես ընտրեցի Ալֆրեդ Շնիտկեի «Ֆաուստ» կանտատից մի արիա, որին միշտ երազել էի անդրադառնալ: Վերջապես ստեղծվել էր առիթ` հարթակ: Հագեցած, բարդ ու շատ ստեղծագործական գործընթաց էր, ստիպված եղա սովորել բառերը` գերմաներեն: Մի ամբողջ հակասությունների կծիկ էի դրել այդ կերպարի մեջ: Այն և’ ըմբռնվեց, և’ չըմբռնվեց: Ամեն դեպքում իմ նպատակը լիովին կատարվեց, քանի որ ես ռոքից, սասունցիական երգից հետո ցանկացա ցույց տալ, որ կարող եմ բեմում լինել տարբեր կերպարներով:

Ամեն դեպքում, նորից գալիս ենք ներուժի թեմային, որն ուղղակի առանց կամքի ու աշխատասիրության կարող է խթանի փոխարեն խոչընդոտ դառնալ: Ի վերջո յուրաքանչյուրիս առաքելությունն է՝ տնտղել մեր ներուժը, փորձել դրսևորել այն հանուն ներքին ու համընդհանուր ներդաշնակության, որպեսզի նշածս ադամանդի նման քարացած խոռոչ այն չդառնա: Այն, ինչ դու զգում ես 15 տարեկանում, 30-ում նույն կերպ հաստատ չես զգալու , նույնիսկ եթե անես նույն գործողությունը, զգացողությունը նույնը չի լինելու, նույն ցանկությամբ չես անելու, պարզապես դու այլևս նույնը չես:

Չկա նպատակ, ցանկություն, որ հնարավոր չլինի իրականացնել: Ես փորձում եմ ցույց տալ, որ այո’, բանկային աշխատակիցը իր երրորդ տասնամյակում կարող է Եվրատեսիլի հայտ ներկայացնել ու բեմ բարձրանալ` ըմբռնելով, որ մեկն իրապես մյուսին չի հակասում: