Sargis Melkonyan

Ձյունն ու ձմեռը

Առաջին ձյունը, որը եկավ նոյեմբերի մեկին, ուրախություն էր։ Բայց այդ ուրախությունը միայն մեզ՝ երեխաներիս համար էր։ Առաջին ձյան հետ բոլոր գյուղացիները սկսում են մտածել վառարան տեղադրելու, վառելափայտի պակասի և ջրի խնդրի մասին։ Ջրի խնդիրը մեր գյուղում ամենամեծն է։ Ամռանը ջուրը շատ դժվարությամբ է գալիս, ձմռան մասին խոսելն էլ երևի ավելորդ է։ Ջուրը ձմռանը սառչում է, և գյուղի մեծ մասը մնում է առանց խմելու ջրի։

Սովորաբար առանց խմելու ջրի մարդիկ դիմանում են 3-5 օր, առանձին դեպքերում՝ նույնիսկ մեկ շաբաթ։ Բայց մեր գյուղում, երևի, շատ դիմացկուն մարդիկ են ապրում, որովհետև մերոնք դիմանում են մի ամբողջ երկար ու ձիգ ձմեռ։

Ջուրը բերում ենք հարևանների տանից՝ դույլերով ու ջրամաններով։ Որոշ դեպքերում կտրում ենք նույնիսկ տասնյակ մետրեր, որ տուն բերենք այդքան սպասված ջուրը։ Բայց ճանապարհն էլ հուսադրող չէ։ Սառույցով ու ձյունով պատված մեր գյուղի ճանապարհները իսկական փորձություն են, իսկ երբ դրան գումարվում է 10-15 լիտր ջուրը, հաղթահարելը հերոսանալու պես մի բան է։ Իսկ թափառող ու սոված շների պատճառով, որոնք վխտում են փողոցներում, շատերը հայտնվում են սառը ասֆալտին ու, գուցե, կոտրվածքներ են ստանում, որովհետև վախենում են նրանցից ու սխալ շարժումներ անում:

Հիմա եմ հասկանում, թե ինչքան հիմար քայլ էինք անում փոքր ժամանակ, որ ուղղակի սահելու համար փողոցը սառցադաշտ էինք դարձնում։ Եթե սրան էլ գումարենք ջրահեռացման համակարգի սառած վիճակը, ապա…

Ջրի խնդիրը մի կողմ. վառելափայտը վերջանում է։ Գյուղի մի մասը, այդ թվում նաև մենք, արդեն մի քանի լրացուցիչ խորանարդ մետր փայտ է գնել։ Բայց ի՞նչ անի նա, ով գումար չունի։

Հուսանք, որ գարունը շուտ կգա, օրերը կտաքանան, բայց դե դա էլ իր խնդիրներն ունի։