Մի քիչ իմ գյուղի մասին

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Իմ գյուղի՝ Քարվանսարայի պատմությունը գալիս է դարերի խորքից, իսկ ավելի ստույգ՝ Արտաշես Բարեպաշտի ժամանակներից: Շենն էլ Քարվանսարա անունը ստացել է  տեղանքում կառուցված պանդոկի անունից: Հնուց էլ Քարվանսարայում իջևանել են հազարավոր ճամփորդներ, քարավաններ, օգտվել գյուղի աղբյուրներից ու բարիքներից:

Մեր գյուղը թեև շատ մեծ չէ, բայց ունեցել է և հիմա էլ ունի բազմաթիվ թաղամասեր՝ Դեզանոց, Նախրագնե, Ձորաթաղ կամ Թումոյ թաղ, Չորանոցներ, Չռկի թաղ և այլն:

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Գյուղի գրեթե ողջ տարածքում կարող են հանդիպել սառնորակ, քաղցրահամ աղբյուրներ, որոնք իրենց բաղադրությամբ նաև բուժիչ ջրեր են: Ըստ պատմական տվյալների՝ տարածաշրջանն ունեցել է 20-ից ավելի աղբյուրներ: Թաղամասում համարյա ամենուրեք եղել են քաղցրահամ ջրեր՝ Զաքոյ (Բնոյ) աղբյուր, Ծառների (Մնեյ) աղբյուր, Պուպու քարի աղբյուր,Կաթնով աղբյուր, Հախպրտանք, Սինամի աղբյուր, Սալով աղբյուր, Չռկի աղբյուր և այլն:

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Տատս ասում է.
-Մե թուրք ծեր մարդ հորս պատմել ա, որ իրանց ազգի մարդիկ մեր Սալով աղբրի ակունքը մե 200-300 ոչխրի բուրդ են խցկել, որ ջուրը կտրեն, ու մինչև հմի էլ էդ ջուրը բարակ-բարակ ա գալիս:
Թաղամասի Չռկի թաղն էլ իր անունը ստացել է Չռիկ աղբյուրից: Աղբյուրը գտնվում է Կավանոցի սարի դիմաց՝ Զանգու գետի աջ ափին: Թաղի բնակիչները մինչև 1970-ականներն օգտվում էին Չռիկից, երբ թաղամաս մտավ խողովակաշար ջրանցքը, այն անուշադրության մատնվեց և իսպառ ցամաքեց: 1988թ.-ի երկրաշարժից  հետո Չռիկը նորից սկսեց գործել:

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝Հայարփի Բաղդասարյանի

Ամեն եղանակի կարող ես հիանալ թաղամասի պատմական սարով՝ Սուդագանով (Սուդագյան), որը նշանակում է` Ջրահար: Լեռան ամբողջ տարածքից բխել են 20-ից ավելի աղբյուրներ, որոնցից շատերը, ցավոք, ոչնչացել և ցամաքել են: Տարիներ առաջ Սուդագան սարի ստորոտում գյուղացիների կողմից կառուցվել է մի փոքրիկ մատուռ:

Հիմա գյուղի անունը Վանատուր է, իսկ ինչպես գիտեք, Վանատուրը հայոց դիցարանում հյուրընկալության աստվածն է եղել: Գյուղացիներն էլ բավական հյուրասեր մարդիկ են՝ ամենքի առաջ միշտ բաց դռներով ու սրտով: