«Նոր գույներ»

Երեկ գնացել էի մեր գյուղի` Արարատի մարզի Նորաշենի պարի դպրոց: Պարի համույթը կրում է «Նոր գույներ» անունը: Հաճելի մթնոլորտ էր, մինչ ղեկավարի գալը շփվեցի երեխաների հետ:

Մի անուշիկ աղջիկ` Ջեմմա անունով, հարցիս, թե սիրով է հաճախում պարի, տվեց հետաքրքիր պատասխան.
-Անկեղծ ասած, սկզբում՝ չէ, անգամ ստիպողաբար էի գալիս: Բայց հիմա ժամերն եմ հաշվում, որ պարի գամ:
Ընկերուհիս` Սյուզին, նույնպես «Նոր գույներ» պարային համույթից է: Երբ նրան եմ հարցնում, պատասխանում է հետևյալ կերպ. «Պարը իմ կյանքն է»:
Մեր գյուղում քիչ են այսպիսի ժամանցային, հետաքրքիր վայրերը, և գուցե դա է պատճառը, որ երեխաների ցանկությունը մեծ է հաճախել պարի:
Սկսեցինք զրուցել, խնդրեցի, որ պատմեն, թե ե՞րբ և ինչպե ՞ս ստեղծվեց խումբը, ի՞նչ պլաններ կան առաջիկայում:
Իմացա, որ համույթը իր գործունեությունը սկսել է  5 տարի առաջ: Չնայած մանկահասակ տարիքին, մեծ են ձեռքբերումները: Դե ինչ խոսք, դժվարություններ լինում են, միշտ և ամեն պարագայում կան խոչընդոտներ, բայց դրանց հետ մեկտեղ համույթը հաստատուն քայլերով առաջ է շարժվում:
«Երաժշտական կոլիզեյ» և «Նազանք» մրցանակաբաշխության շրջանակներում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը: Նաև մեկ անգամ մենահամերգով ներկայացել են Արտաշատ քաղաքում: Իմացա նաև, որ պատրաստվում են հաջորդին:
Կարծում եմ, մեր գյուղի երեխաներին և երիտասարդներին նման մշակութային դաստիարակության օջախներ շատ են պետք:

Զրուցեցի նաև խմբի ղեկավարի` Հրաչ Շագոյանի հետ, կամ ինչպես իրենք են դիմում, ընկեր Հրաչի հետ:
-Ընկեր Հրա´չ, ինչո՞ւ համույթը անվանեցիք հենց «Նոր գույներ»:
-Քանի որ պարային ոճերը բազմազան են, իսկ երեխաները տարբերվում են մեկը մյուսից, այդ պատճառով էլ հենց «Նոր գույներ»:
-Ո՞վ որոշեց, կամ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք պարով զբաղվել:
-Երևի մայրս, նա էր ցանկանում, որ պարող դառնամ, իսկ քույրս պատճառ հանդիսացավ, որ ես խորացա այս բնագավառում:
-Քանի՞ տարի է, ինչ պարում եք:
-Չեմ հիշում, բայց 14 տարի է, ինչ պրոֆեսիոնալ պարող եմ:
-Հե՞շտ է աշխատել տարբեր տարիքի և բնավորության տեր երեխաների հետ:
-Հեշտ է, ամեն մեկի հետ խոսում ենք «իրենց լեզվով»: Պետք է փորձել հասկանալ ամեն երեխայի և ինչու չէ, նաև օգնել:
-Ի՞նչ կցանկանայիք դառնալ, եթե ոչ պարող:
-Երաժիշտ, ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային գործիքների բաժինը:
Հարցին, թե որն է ձեր հաջողության բանաձևը, ընկեր Հրաչը ծիծաղելով պատասխանեց.
-Ինչի ես հաջողա՞կ եմ. չէ, ուղղակի պետք է մարդ լինել, որ քեզ սիրեն ու հարգեն, այ դա է հաջողությունը:
-Կհիշե՞ք ձեր այն ուսուցիչներին, ովքեր օգնել են ձեզ ձեր կայացման ճանապարհին:
-Շատ անուններ կարող եմ տալ, բայց իմ լավ ուսուցիչը, այն մարդը, ով ինձ օգնեց կայացման գործում, Նորայր Մեհրաբյանն էր:

Շուտով փորձը պետք է սկսեր, և այլևս հարցեր չտվեցի: Դիտում էի փորձը, թե ինչպես են իմ համագյուղացի երեխաները կերպարանափոխվում, դառնում փոքրիկ պարուհիներ, ու էլի համոզվում, որ չկան մեծ ու փոքր բեմեր, միգուցե գյուղինն ավելի մեծ է ու կարևոր: