anna sargsyan

Գիրքն ու ֆիլմը

Եկեք մի քիչ խոսենք գրքերի ու ֆիլմերի տարբերություններից: Հո դեմ չե՞ք…
Ասա,  որ դու էլ ես մտածել հաճախ ֆիլմի ու գրքի հսկայական տարբերության մասին: Իհարկե, մտածած կլինես, նամանավանդ, եթե նույն ֆիլմի գիրքը կարդաս, կամ հակառակը՝ գիրքը կարդաս, հետո ֆիլմը դիտես:
Դրանք իրարից այնքան տարբեր են, ինչքան հանցագործն ու անմեղը:
Եթե սկզբում վերցնում ես մի գիրք, որը քեզ շատ էր դուր եկել հենց առաջին հայացքից՝ կազմից կամ վերնագրից, ու կարդալով ավելի շատ ես հրապուրվում դրանով, ընկնում ես մի հրաշքների աշխարհ, ու անկախ քեզանից ձեռք ես բերում «Ալիսա» մականունը:
Ֆիլմը, օրինակ ես, ընտրում եմ ժանրը նայելով, հետո նայում եմ անոնսը ՝ մտքումս ասելով.  «Ըհըն, դուք ունեք ընդամենը մի քանի վայրկյան ինձ գրավելու համար»: Հետո որոշում եմ՝ դիտե՞մ, թե՞ չարժի:
Գիրքը կարդալու սկզբում, ընթացքում կամ գոնե վերջում մի անգամ նայում ես գրողի կամ գրողների անուն ազգանունները, որ հիշես,  որ երբ հարցնեն՝ ինչ գիրք ես կարդացել, գրողի անունն էլ հետն ասես: Բայց անկեղծ ասա. դու այսքան ժամանակ ֆիլմը դիտելուց առաջ կամ հետո հետաքրքվե՞լ ես, թե ո՞վ էր ռեժիսորը կամ եթե հետաքրքրված էլ լինես, հետո մտապահե՞լ ես, կամ հետաքրքրե՞լ է, թե որ գրքի հիման վրա են էկրանավորել, կամ ով էր այդ գրքի հեղինակը: Մեկը ես՝ չէ, ու երևի ինձ պես շատերը կան:
Ես սիրում եմ ֆիլմեր դիտել, շատ եմ սիրում: Բայց գիտեմ, որ ֆիլմը սահամանափակ աշխարհ է:  Ֆիլմն ինքն է ընտրում հերոսների, տարբեր վայրերի տեսքը, հերոսների հագուստները, սանրվածքը, ժպիտն անգամ և այլն:
Իսկ այ, գի՜րքը…
Գիրք կարդալուց ես ինքս հայտնվում եմ ֆիլմի մեջ, բայց արդեն ես եմ ամեն ինչ պատկերում «զոռ» տալով իմ երևակայությանը: Գույներ, հայացքներ, ամեն մի մանրուքը ես եմ ստեղծում:
Ես ստեղծում եմ մի աշխարհ, որտեղ ապրում են իմ հերոսները:
Սև տառերը սպիտակ թղթի վրա այնքան անգույն են թվում:

Դա ուղղակի թվում է…