Նրանք կռվել են հանուն հայրենիքի

Բոլորս էլ գիտենք, որ պատմությունը հիշում է միայն հերոսներին ու համալրում իր էջերը նրանց սխրանքներով: Ապագա սերնդի հպարտությունն են այդ հերոսները, որոնցից է իմ զրուցակիցը` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Գարիկ Ղազարյանը:

-Նախքան զինվորական ծառայության անցնելը ինչո՞վ էինք զբաղված:

-Նախքան ծառայության անցնելը սովորում էի ճարտարապետաշինարարական համալսարանի առաջին կուրսում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայորդի, իմանալով զինվորական ծառայության անցնելու մասին, հպարտության զգացում է ունենում: Այդ ժամանակ առաջին հերթին մտածում ես ընտանիքիդ, քեզ շրջապատող մարդկանց մասին, ովքեր քեզնով պետք է իրենց ապահով զգան:

-Ի՞նչ կասեք ծառայության առաջին ամիսների մասին, որքանո՞վ էր դժվար նորակոչիկի համար զինվորական կյանքին հարմարվելը:

-Սկզբնական շրջանում Արտաշատում եմ ծառայել: Զորամասը ասես մեկ այլ դպրոց լիներ, մի դպրոց, որտեղ սովորում են միայն տղաները, և որտեղ կանոնները ավելի խիստ են: Ինձ համար շրջապատին հարմարվելը հեշտ եղավ, քանի որ շատ շուտ ընկերներ ձեռք բերեցի: Իհարկե, մի քանի ամիս անց տեղափոխվեցի Արցախ:

-Դուք ձեր ծառայության մեծ մասը անցկացրել եք սահմանին, ինչպե՞ս էր անցնում կյանքը սահմանին:

-Երբ մարդ զենքը ձեռքին պահում է հայրենիքը, նախ և առաջ զգում է իրեն որպես դարպաս՝ դեմքով դեպի թշնամին, թիկունքում ունենալով հայրենի հողը: Կանքը սահմանին հեշտ չէր, բայց դժվարությունը հաղթահարելի է, մանավանդ այն դեպքում, երբ դու հոգով արդեն հաղթել ես թշնամուն: Ու ամեն անգամ սահման բարձրանալիս հոգումդ մի բան է փոխվում ու դարձնում քեզ ավելի հպարտ ու հայրենասեր:

Նրանք կռվել են հանուն հայրենիքի

-Ինչպե՞ս սկսվեց Ապրիլյան քառօրյան, ու այդ ընթացքում դուք որտե՞ղ էիք իրականացնում պաշտպանությունը:

-Դիրքս պահել եմ Թալիշի շրջանում: Ապրիլյան քառօրյան սկսվել է գիշերը, մոտ 02:45-ին: Կրակոցները սկսվել են հրետանու կողմից, որից հետո թշնամին կենտրոնացված խմբերով փորձում էր գրավել մեր դիրքերը, որոնք ավելի նպաստավոր էին նրանց հետագա գործունեության համար: Սկզբնական շրջանում իհարկե, զոհեր ունեցանք, բայց շարունակում էինք կռվել, որովհետև թուլանալու իրավունք չունեինք: Եվ չէինք պատրաստվում զիջել մեր դիրքերը:

- Սկզբնական շրջանում ի՞նչ խնդիրներ կային:

-Առաջնային խնդիրը բավարար զինամթերք չունենալն էր, մինչդեռ թշնամին ինտենսիվ կրակահերթեր էր տալիս, և ականները անձրևի պես թափվում էին: Սարքին տեխնիկա չէր մնացել, և մենք ձեռով էինք անում այն ամենը, ինչը կաներ տեխնիկան:

-Պատերազմից հետո ի՞նչ պարգևների եք արժանացել:

- Ստացել եմ շնորհակալագրեր, պատվոգրեր ու շքանշաններ, որոնք իհարկե պարտավորեցնող են:

- Ծառայության ընթացքում ձեռք բերեցիք մի շարք մարտական ընկերներ, զորացրվելուց հետո պահո՞ւմ եք նրանց հետ կապը:

- Գիտեք, հաճախակի չեն այն դեպքերը, երբ պատերազմի ընթացքում ձեռք ես բերում ընկեր, ում կարող ես վստահել կյանքդ: Նրանց հետ կապը մինչև այժմ պահում եմ, հաճախակի հանդիպում ենք, զրուցում: Ունեցել եմ նաև շատ ընկերներ, որոնք մարտի դաշտում զոհվել են: Երևի կյանքում երբեք չեմ մոռանա աչքիս առաջ ընկերներիս զոհվելու տեսարանները…

-Դուք անցել եք բոլոր հնարավոր վտանգների միջով և հաղթահարել եք դրանք, ի՞նչ կասեք այն նորակոչիկներին, ովքեր ամիսներ անց պետք է պահեն սահմանը:

-Մենք, լինելով մեր ավագ սերնդի հետնորդները, նրանց կողմից ազատագրված տարածքները պարտավոր ենք պահպանել: Մեր նորակոչիկ ընկերները թող լինեն խիզախ, ամուր կամքով և նույն ամրությամբ պահեն մեր հայրենիքի սահմանները: Իսկ թշնամուց չպետք է վախենալ: Ցանկանում եմ խոսքս ավարտել Գարեգի Նժդեհի հետևյալ խոսքով. «Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը»: