anush jilavyan

Շատ բան չի փոխվել

Մի քանի օր էր, ինչ բակում ականատես էի լինում փոքրիկ ավտոտնակի շինարարությանը: Դե, արտառոց ոչինչ չկար, հետևաբար հատուկ ուշադրություն էլ չդարձրի: Հետո հայտնվեց պաստառ, որից պարզ դարձավ, որ ոչ թե ավտոտնակ է, այլ հացաբուլկեղենի խանութ: Դա ինձ հետաքրքրեց այնքանով, որ նոր առիթ էր գիրանալու համար, որովհետև բուլկեղենի գայթակղությանը դիմանալը շատ դժվար է: Այսօր առավոտյան արդեն փոքրիկ խանութը բացվեց: Տեղի ընտրությունը հետաքրքիր էր, մոտակայքում մի քանի խանութներ կան, իսկ բնակիչների պահանջները այնքան էլ շատ չեն, հետևաբար նորի կարիքը չէր զգացվում, թերևս խանութի հաճախորդների միակ պահանջը «նիսյա», այսինքն` հետագայում վճարելու պայմանով ապրանք գնելն է: Մի բակում, որտեղ բոլորը իրար ճանաչում են, շատ «ընդունված» երևույթ է: Մի խոսքով, մեր բակի նոր փոքրիկ խանութը, պարզվում է, մարկետինգից գլուխ է հանում. «Գնիր հաց և յուրաքանչյուրի դիմաց ստացիր մեկը անվճար»: Չէի կարծում, որ սա իսկական իրադարձություն կդառնա:

Իմ մասնակցությունը նույնպես ունեցա. խանութը հաճելի տպավորություն թողեց: Մի հաց խնդրեցի, պատասխանեցին, որ բացման առթիվ այսօր անվճար ևս մի հաց են տալիս: Երևի ժպիտ հիշեցնող ինչ-որ նշանով արտահայտեցի համաձայնությունս, վճարեցի և դուրս եկա: Հացը տաք էր, չդիմացա գայթակղությանը և դռան շեմին արդեն սկսեցի ուտել, ինչպես անում էի մի ժամանակ. այդպես հացը յուրահատուկ համեղ է թվում: Այս օրվա հացը փաստորեն միայն ինձ համար չէր տարբերվում: Մեկ օրով բոլորը մոռացան հոգսերը և քննարկում էին «իրադարձությունը»: Բնականաբար ինչ-որ մեկի մոտ կասկած ծնվեց «կարողա` լավ հաց չի, դրա համար ա ձրի»: Մյուսը վստահեցնում էր, որ դա կապ չունի, ուղղակի հետաքրքիր գաղափար էր: Ակցիայի արդյունքում համարյա ամբողջ բակը մեկ շաբաթվա հաց «պահեստավորեց» նեղ օրվա համար:

Ակամա ծնողներիս պատմությունները հիշեցի, թե ինչպես էին «սովետի ժամանակ» խանութի ստացած որակով ապրանքից արկղերով գնում, որովհետև լավը պետք է «պատահեր», ոչ թե ընտրեիր: Մտածում եմ` հավանաբար մեր գիտակցության մեջ շատ բան չի փոխվել: