lolita bashoyan

Ուռուտ գյուղի հերոսը

Իմ հերոսը Սամվել պապիկս է, որի մասին իմացա մորս տատի՝ Ծաղկանուշ տատիկի հետ ունեցած հետաքրքիր զրույցի ժամանակ:

Ծաղկանուշ տատիկը պատմում էր իր եղբոր՝ Սամվել Թաթոյանի մասին:

Նախ պատմեց Սամաթի (Սամվելի) մանկության տարիներից: Սամվել պապիկը ծնվել է 1920 թվականին Ուռուտ գյուղում: Նրան մեծացրել է խորթ մայրը՝ Ծաղկանուշ տատիկի մայրը: Չնայած դրան, նա շատ է սիրել իր մայրիկին:

16426380_504678893035925_1270159484_n-Սամվելը շատ խելացի էր,- պատմում է տատիկս,- գերազանցիկ է եղել, նույնիսկ 9-10-րդ դասարաններում ժամանակ առ ժամանակ դասավանդել է ուսուցիչների փոխարեն: Իսկ 10-րդ դասարանում եղել է ակումբի վարիչ: Դպրոցը ավարտելուց հետո գյուղի տղաների հետ միասին գնացել է Երևան՝ ինստիտուտ ընդունվելու: Քննությունները հանձնելուց հետո Սամաթ պապիկն ընդունվել է համալսարան:

Ուսումը դեռ չավարտած՝ Սամվել պապիկը զորակոչվել է բանակ: Երեք տարի ծառայությունից հետո պետք է վերադառնար և շարունակեր իր ուսումը: Սակայն, երբ հաջող ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երեք ամիս, սկսվել է չարաբաստիկ պատերազմը:

Պատերազմի երկուսուկես տարիների ընթացքում Սամաթը մեծ համբավ է ձեռք բերել: Նրա մասին նույնիսկ գրել են թերթերում:

Սամվելի ուղարկած նամակներից իմացանք, որ զորաջոկատը պետք է անցներ Դնեպր գետը, որպեսզի պաշտպաներ Կրեշատիկ գյուղը: Եվ հենց այդ գյուղն էլ պաշտպանելու ժամանակ զոհվել են մեր հերոսfները:

Այդ պահին տատիկս այլևս չկարողացավ շարունակել իր խոսքը, որովհետև արցունքները խեղդեցին նրան: Նա կախեց գլուխը, իսկ ես դադարեցի հարցեր տալ: Քիչ հետո նա շարունակեց խոսել և պատմեց, որ ինքն այցելել է գերեզմանին և իր աչքերով տեսել է հերոսների անունները՝ գրված հուշաքարերին: Տատիկն ասում է, որ զինվորների ավագը եղել է Սամաթ պապիկը՝ կապիտանի կոչումով:

Տատս ասում է, որ դեպի Կրեշատիկ տանող ճանապարհը անվանել են Սամվել Թաթոյանի անվամբ: Ուռուտ գյուղի դպրոցը նախկինում կրում էր նրա անունը: