Astghik Hunanyan vayots dzor

Չալոյի «կամանդը»

Ես էլ, դուք էլ գիտենք՝ ընկերության մասին միլիոնավոր աֆորիզմներ կան գրված, բայց ես, նյութիս առաջին տողերը հայտնի մարդկանցից մեկի աֆորիզմով լրացնելու փոխարեն, ուզում եմ ինչ-որ հեղինակային ապուշություն ասել, նոր անցնել առաջ՝ Չալոյի «կամանդի» մասին պատմելուն:

«Չիմացյալ մահը մահ է, ընկերովի մահը՝ հարսանիք»:

Դե, ինչպես հասկացաք՝ մի խումբ ընկերներիս մասին եմ ուզում խոսել: Գլուխներդ չեմ տանի՝ ասելով՝ թե բա իմ ընկերներն ամենալավն են, մեր ընկերությունն ամենաամուրն է և այլ ձանձրալի բաներ, դա նման է նրան, որ տատիկներն ասում են՝ իմ թոռնիկն ամենասիրունն ա աշխարհում: Բայց ինչ խոսք, մեր խումբն իսկապես տարօրինակ է ու իդեալական՝ Աննան, որ հավերժ հակամարտության մեջ է Հովիկի հետ, Հարութը, որը «քթի տակ» հիմար կատակներ է անում ու սպասում, որ ծիծաղենք, Ռուբիկը, որը բոլորից ճարպիկն ու «ջրիկ»-ն է, Վալոդիկը, որ մի թեթև կպնում ես՝ սկսում է լացել, «տափակ» է ու կամակոր, և ես՝ բոլորից բարձր ու շատ խոսող, բոլորի ասած՝ Ձենով Օհանս: Ախ, հա, նաև Գևորիկն ու Նարեկը. Գևորիկը, եթե Ռուբիկի թիմից չի լինում, նեղանում է, գնում տուն, իսկ Նարեկը, իմանալով, որ իր կատակներն ու ասածները ոչ մեկին դուր չեն գալիս, որ ազդում է բոլորի նյարդերի վրա՝ մեկ է, միշտ մեզ հետ է: Սա էլ մեր «համեստ ու խելոք» խումբը:

Տատս միշտ կասի՝ վա՜յ, էլ խախանդ նստել չի լի, Չալոյի «կամանդն» եկավ: Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ՝ Չալոն ո՞վ է, ի՞նչ է, բայց արդեն տասներեք տարուց ավելի է, ողջ թաղամասը մեզ Չալոյի կամանդ է ասում: Խոստովանեք, որ էս մեր հայերը սիրում են ամեն ինչին անուն կպցնել: Լա՜վ, ինչևէ, իրար հետ ենք մեծացել, իրարով է անցել մեր մանկությունը, ու ինչպես ամեն երևույթ, մենք էլ էվոլուցիոն գործոնների մի լավ ենթարկվել ենք: Չէ, մենք չենք փոխվել, կամ հնարավոր է, մենք էլ ենք շատ փոխվել, միգուցե միմյանց հանդեպ մեր վերաբերմունքն էլ, բայց մեր զբաղմունքը ժամանակի ընթացքում հաստատ 180 աստիճանով փոխվել է: Մի շտապիր մտածել ու եզրակացություններ անել, հիմա ես ամեն ինչ կպատմեմ:

Սկզբից, հենց ամենասկզից, երբ ես դեռ մեկ տարեկան էի՝ սկսեցի շփվել երկու տարեկան Աննայի հետ: Նա էր մեր միջի «մեծը» ու նա էլ ինձ պահում էր: Հետո ծնվեց Վալոդիկը՝ եղբայրս, որը կամաց-կամաց մյուս բոլոր «տան փոքրերի» նման սկսեց խաթարել մեր հանգիստը: Տունտունիկ էինք խաղում օր ու գիշեր՝ կտրվելով իրականությունից ու ընկղմվելով երեխայական երևակայության մեջ: Մեր տունտունիկի սցենարն էլ տիպիկ մերօրյա հնդկական սերիալների սցենարներից էր. օրինակ, այսպես՝ կամ ես էի լինում աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Աննան՝ սպասուհիս, կամ հակառակը, հետո պարզվում էր, որ մենք քույրեր ենք: Կամ ես էի այդ տարի հաղթում «Միս տիեզերք»-ը, կամ նա: Մենք լավ խոհարարներ էինք, լավ բիզնեսմեններ, լավ մայրեր մեր տիկնիկների համար, ունենում էինք հազարավոր ավտոմեքենաներ, որոնք իրականում մեր տան բազկաթոռներն ու բազմոցներն էին, գնում էինք բարձրակրունկ կոշիկներ, որոնք իրականում մայրիկներից գողացված կոշիկներն էին լինում, տարբեր հագուստներ, որոնք այնքան մեծ էին, որ փաթաթում էինք իրար վրա և ամրացնում մազի բրոշով, որպեսզի չլողայինք դրանց մեջ: Իսկ տան ամեն մի սենյակը ինչ-որ խանութ էր կամ մեկի տունը: Բա չասե՞մ՝ ինչ փողերով էինք գնում այդ ամենը, դա ամենատպավորիչն է: Մեր փողերը հասարակ թղթի կտորներ էին, որոնց վրա տարբեր թվեր էինք գրում ու որպես փող օգտագործում, դե կամ էլ պոպոքի ծառի տերևներն էինք փող պատկերացնում: Երբ լողանում էինք, որպես օճառներ էին ծառայում յասամանի տերևները: Դրանք միանման էին, բայց իբր տարբեր հոտեր ունեին, տարբեր «ֆիրմաների» էին՝ թանկ ու էժան: Այն ժամանակ շատ էինք նաև խոհարարական մրցույթներ կազմակերպում. ամեն մեկը իր երևակայությամբ ցեխից ինչ ասես չէր սարքում՝ էլ տորթեր, էլ կոլոլակ, էլ քաբաբ, էլ խորոված, էլ աղցաններ, դրանց վրա էլ տարբեր խոտեր ավելացնում, ու հա, շատ էլ համով էին ստացվում:

Մի քանի տարի «տունտունիկ» խաղալուց հետո մեզ միացան արդեն բանական մտածող Վալոդիկը, Հովոն ու Ռուբիկը, վերջում նաև Հարութը: Տունտունիկ միասին շատ քիչ էինք խաղում, բակային խաղերի շրջանն էր սկսվել: Ամբողջ օրը դրսից տուն չէինք գալիս՝ հալամուլաներ, պահմտոցի, գոռոզա, «մայա սիմյա», «բուռածինո», անուն կանչոցի (խոստովանում եմ, այնքան սարսափելի անուններ էին միշտ ինձ բաժին հասնում, ինչպիսիք են, օրինակ՝ հարբած փղիկ, կորած նասկի, քունգ ֆու առնետ, մակաբույծ մանուշակ), գետնից բարձր, կլաս, 7 քար: Իսկ մի անգամ, երբ էլի խաղում էինք, հայրիկս տուն կանչեց՝ ասելով, որ լավ բան ունի ցույց տալու: Երբ մտանք ներս, տեսանք մի մեծ արկղ: Իրար հրմշտելով՝ շտապեցինք բացել այն և ի՞նչ. այն հի՜ն համակարգիչներից էր, որոնցով միայն խաղ են խաղում: «Սեգա» էր գրված արկղի վրա, մեծ-մեծ տառերով: Այդպիսի բան առաջին անգամ էինք տեսնում: Մոռանալով բակային խաղերի մասին՝ ամեն օր խաղում էինք այդ խաղերը, ցավոք երկուսի անուններն եմ հիշում՝ «Սոնիկ իքսը» ու «Չերեպախի նինձյան»: Ամեն մեկս մի 5-10 «կասետ» ունեինք, փոխանակում էինք իրար հետ, որ բոլորս էլ բոլոր խաղերը խաղայինք: Շա՜տ էինք կռվում «ջոսծիկների» համար (դե, աջը միշտ ավելի լավն է լինում ու ավելի շատ ֆունկցիաներ է կատարում): Այդ փոքրիկ սարքը էլեկտրական լարերով միացնում էինք հեռուստացույցին ու խաղում, բայց մեր ուրախությունը տևում էր այնքան ժամանակ, մինչև չէին սկսվում տատիկի բրազիլական սերիալները (դե, այն ժամանակ էլ բրազիլական ֆիլմերն էին «մոդայիկ», չէ՞): Հիշում եմ նաև, թե ինչպես էինք «ագենտ-ագենտ» խաղում. ամեն մեկը տնից բերում էր տան բոլոր խաղալիք հրացաններն ու իրար լրտեսություն էինք անում, կրակում: Ու երբեք այդ խաղը չէր ընթանում հանգիստ: Միշտ կռվում էինք, միմյանց խարդախներ անվանում, չնայած՝ ի՞նչ արդար, ի՞նչ անարդար, ամեն մեկի հրա ցանի փամփուշտն իր երևակայած ուղղությամբ էր գնում, իսկ մեր երևակայություններն այնքան տարբեր էին: Պայթուցիկների տեղ էր ծառայում վայրի հաղարճը, որը մեզ մոտ շա՜տ է աճում:

Եկան չսպասված դպրոց գնալու ժամանակները, մեծացել էինք ի վերջո, պետք է սովորեինք, որ լավ մարդ դառնայինք (տատիկի բառերն են): Սկսեցինք միայն ամռանը խաղալ, ու մինչև հիմա էլ այդպես է: Բակային խաղերին էլ եկան փոխարինելու թղթախաղերը, լոտոները, մոնոպոլիաները: Գնում էինք «վերի թաղ», նստում ինչ-որ շինության փլատակների վրա ու խաղում: Դե, մեր թաղը բաժանված է երեք մասի՝ «վերի թաղ», «ներքևի թաղ» և Գալյա տատիկի քարը (Գալյա տատը մեր թաղի «մեծամեծերից» էր, որը միշտ մյուս մեծերի հետ բամբասում էր սրանից կամ նրանից՝ իրենց քարի վրա նստած, կամ էլ հետևում էր մեր խաղին): Իսկ հետո կամաց-կամաց բոլորս ունեցանք մեր հեծանիվները, սկզբից շատ վատ էինք վարում, կարելի է ասել՝ ընդհանրապես չէինք վարում, բայց հետո սովորեցինք և գրեթե ողջ օրն անցկացնում էինք հեծանիվների վրա: Անգամ մի օր՝ փոքրիկ, մոտավորապես 3-4 տարեկան աղջնակի եմ վրաերթի ենթարկել՝ գլուխս կորցրած, մեծ արագությամբ նրա վրա գնալով: Ավելի հարմար էր քշել «ներքևի թաղում», որովհետև ի տարբերություն «վերի թաղի» փողոցների՝ այդ փողոցը քարուքանդ չէր, և հեծանիվ վարելն ու ավելի մեծ արագություն զարգացնելն այնտեղ ավելի հեշտ էր:

Հիմա նորից թղթախաղերի շրջան է: Երեկոյան 7-ից հետո հավաքվում ենք մեր պատշգամբում ու խաղում, խաղում ու շատ բարձր խոսում: Մերոնք գալիս են ու վռնդում մեզ այդտեղից, մենք էլ գնում ու Աննայենց թթի ծառի տակ ենք նստում ու սկսում խոսել ինչից ասես: Այսպես մինչև սեպտեմբեր…

Գիտե՞ք, մենք իսկական մանկություն տեսած երեխաների խումբ ենք, մեզ չէին կարողանում համոզել տուն գնալ, մի կտոր հաց ուտել, իսկ այս ժամանակների երեխաներին չեն կարողանում համոզել դուրս գալ տնից: Կտեսնե՞ս դրսում խաղացող, ցեխից տորթեր պատրաստող, ոտաբոբիկ փողոցի մի ծայրից մյուս ծայրը վազող երեխաների, չէ՜, չես տեսնի, ինչպե՞ս տեսնես, երբ հիմա բոլորը իրենց մանկությունը համակարգչի առաջ են անցկացնում, շատ հնարավոր է, անգամ չիմանան բակային խաղերի գոյության մասին, ի՞նչ կա, որ…