Չինական թեյերի փառատոն

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Չինացիներ, հաճելի բույրեր, հետաքրքրասեր մարդիկ, չինական հանգստացնող երաժշտություն, բարձրակարգ թեյեր. ահա այս ամենը Չինական թեյերի փառատոնում: Ինչպես նշեցին կազմակերպիչները. «Այս փառատոնի նպատակը չինական գեղեցիկ մշակույթն ավելի լայն զանգվածներին ծանոթացնելն է: Ցավոք, Հայաստանում թեյի մասին ինֆորմացիան բավականին քիչ է: Մարդիկ շատ հաճախ ամեն մի բույս, թուրմ հասկանում են թեյ, բայց թեյն ունի առանձին մշակույթ, և հենց այդ մշակույթի մասին էլ մենք կծանոթացնենք ձեզ:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Չինաստանը հանդիսանում է իսկական թեյի մշակույթի օրրան: Առաջին անգամ թեյը հայտնաբերվել է Չինաստանում: Այժմ Չինաստանի հարավային շրջաններում աճեցվում են հիմնականում ութ տեսակի թեյեր: Յուրաքանչյուր թեյ ունի և՛ համային, և՛ օգտակար առանձնահատկություններ: Չինական ավանդական բժշկության մեջ թեյը սովորական ըմպելիք չէ, այլ դեղամիջոց, որով բուժում են բազմաթիվ հիվանդություններ:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Ցանկանում ենք, որ չինական թեյի բույրը լցնի այս փողոցը և մաղթում, որ հայ-չինական հարաբերությունները լինեն հավետ»:

Թեյի պատրաստման արարողությունը երկար ու կարևոր գործընթաց է, որը մեզ մանրամասն բացատրեցին: Ուրեմն սկզբում տաք ջուրը լցնում են կավե թեյնիկի վրա և վրձինով տարածում, որ այն փափկի ու համն էլ ավելի լավը լինի: Ի դեպ, ինչքան շատ է օգտագործված թեյնիկը, այնքան բարձր է նրա արժեքը:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Դրանից հետո տաք ջուրն արդեն լցնում ենք բաժակների մեջ, որ բաժակներն էլ տաքանան: Այնուհետև ամենակարևոր փուլը՝ տաք ջուրը լցնում են հարստության և հաջողության արձանիկների վրա: Եվ այս ամենից հետո նոր թեյը լցնում են ջրի մեջ, բայց այստեղ ևս մեկ կարևոր պայման՝ յուրաքանչյուր թեյ ունի իր ջերմաստիճանը, որը չափում են հատուկ ջերմաչափով: Օրինակ՝ մեզնից ո՞վ է կանաչ թեյ պատրաստելիս ստուգում. արդյո՞ք ջուրը 80-85 աստիճան է: Քանի որ թեյը «մեռած» բույս է, մենք պետք է այն վերակենդանացնենք, և այդ պատճառով, եթե ջուրը լինի եռման ջերմաստիճանի, մենք «կսպանենք» նրան, իսկ տվյալ թեյի համապատասխան ջերմաստիճանի դեպքում թեյն իր կյանքը կտա ջրին:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Փառատոնի ընթացքում մեզ հյուրասիրեցին շա՜տ համեղ թեյեր: Վայելեցինք սև թեյ մեղրի համով, «Ուլոն» (սրան անվանում են թեյի կատարելություն Երկնքի և Երկրի որդի, որը միահյուսում է նրանց ներդաշնակությունը: Այն կարծես կանաչ և կարմիր թեյերի միախառնումը լինի), «Գենմայչա», «Դա Հոնդ Պաո», «Տի Գուան ին», «Հուանշան Հուանգյան» և հնեցված «Պուեր» (այն շատ արժեքավոր թեյ է, հնեցվում է կարմիր հողում, որով էլ պայմանավորված է նրա բարձր որակը): Եվ այս բոլոր թեյերը մենք խմեցինք առանց շաքարի, այդ սխալը մեզ մոտ հնուց է գալիս:

Թեյն այնքա՜ն լավ կողմեր ունի՝ ամրացնում է իմունային համակարգը, հարուստ է վիտամիններով և միկրոէլեմետներով, պարունակում է հակաօքսիդանտներ, կարգավորում է մարսողական, նյարդային և սրտանոթային համակարգը, հանգստացնում է նյարդերը (դրա համար էլ ինձ ասում են, թե ինչո՞ւ եմ այդքան հանգիստ), երիտասարդացնում է, օրգանիզմից հանում է տոքսիսնները, դրանով իսկ նպաստում նիհարելուն:

Այս հետաքրքիր փառատոնի համար շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին, «Կոնֆուցիոս» ինստիտուտին, «Սանգուան» կենտրոնին և առանձնահատուկ շնորհակալություն «Թի Արթ» կենտրոնի անձնակազմի անդամներ Ինգա Սեդրակյանին, Էլինա և Ալեքսանդր Դավշյաններին:

Հ.Գ. Հա, մոռացա, լավ թեյ պատրաստելու համար հարկավոր չէ չինացի լինել: