Պապիկիս ճագարները

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Սիրում եմ, երբ պապիկս մեր տուն է գալիս: Նա ապրում է Սարավանում, ինչի պատճառով ես նրան շատ քիչ եմ տեսնում: Նա սիրում է կենդանիներ, դրա համար էլ մի փոքրիկ «ֆերմա» ունի, որտեղ կան կովեր, հավեր, խոզեր, ճագարներ և էլի ուրիշ կենդանիներ: Առաջ նա անտառապահ էր և ավելի քիչ կենդանիներ ուներ, բայց երբ թոշակի անցավ, սկսեց ստեղծել իր ֆերման: Մի հերթական անգամ նա մեր տանն էր, և ճաշի սեղանի շուրջ տարբեր հետաքրքիր զրույցներ էին պտտվում կենդանիների մասին:

-Աղջիկս, մյուս գալուց քեզ ճագար կբերեմ, եթե իհարկե լավ կպահես,- ինձ նայելով և աչքով անելով ասաց պապիկս:

-Ուխխխ, ինչ լավ ա, գոնե կզբաղվեմ,- ժպիտս և ուրախությունս չթաքցնելով պատասխանեցի ես:

-Ես էլ քո տարիքին ճագար էի պահում, վանդակներն էլ, այ, էն պատի տակ էինք դրել,- ասաց հայրս ու ցույց տվեց տան դիմացի պատը:

-Էդ էր պակաս,  մի ճագար, դու էդքան ժամանակ չունես,  որ ճագար պահես: Դու էդ խեղճերին սովից կսպանես,- հակադրվեց մայրս ու վերջ տվեց իմ խրախճանքին, մյուս պապիկս էլ աջակցեց նրան:

-Պապի, բա որ ճագարները մեծանում են, ի՞նչ ես անում,- հետաքրքրվեց քույրս:

-Բաց եմ թողնում անտառ, կենդանի են էլի, թող գնան ապրեն, պահում եմ` ի՞նչ անեմ:

-Այ պապ, սաղ տարին հանդերում էդ արևին, էդ շոգին խոտը քաղես, տուկես, բերես թափես, տաս` ճագարն ուտի, որ բա՞ց թողնես,- զարմացած ու, երևի մի քիչ բարկացած, ասաց մայրս:

-Արմինե ջան, խոտը թողնեմ, որ ո՞վ տանի, պետք ա բերեմ: Դե բերեցի էլ, պետք ա տամ կենդանիներին: Ճագար են էլի, եսիմ ինչքան չկերան:

-Գոնե տար միսը հանձնի, կամ դու եփի կեր, բա տենց ո՞նց կլինի:

-Չէ, յաաա, Արմինե ջան, որ տենաս, չէ՞, էնքան սիրուն են, ձեռդ չի էթա մատով կպնես:

Ու հենց այդ ժամանակ ես հասկացա, որ պապիկս ուրիշների նման կենդանիները ուտելու համար չի պահում-մեծացնում: Դա ուղղակի նրան իրոք դուր է գալիս: Չնայած նրան, որ ճագարներ ես այդպես էլ չունեցա, ավելի ուրախ եմ, քանի որ պապիկի մոտ նրանք իրենց հաստատ ավելի լավ կզգան: Իսկ գնալուց նա ձեռքը տանում է գրպանն ու ինչքան մետաղադրամ գրպանում եղավ՝ ինձ է տալիս: Իսկ նրա գրպանում միշտ մետաղադրամներ շատ են լինում: Ինձ թվում է, նա հատուկ մանրում է փողը մեր տուն գալուց առաջ: Բնականաբար, այդ գումարից քույրիկներիս էլ եմ տալիս, բայց միշտ ես ավելի շատ եմ շահում, քան նրանք: