նարեկ բաբայան

Սեզոնային ֆանատիզմ

Ինձ ճանաչողները գիտեն, որ ունեմ ինչ-որ բանով տարվելու սովորույթ։ Հիմնականում նրանցից ոչ ոք էլ չի սիրում իմ այդ սովորույթը, որովհետև եթե ինձ ինչ-որ բան դուր եկավ․․․ առ ու փախի։ Յուրաքանչյուր զրուցակցի վերջիվերջո այնքան եմ զզվացնելու այդ ինչ-որ բանով, որ էլ չուզենա հետս խոսի։

Այս ամենը սկսեց այն ժամանակ, երբ ես 4 տարեկան էի։ Առաջին, այսպես ասած, կուռքս եղավ Սարդ-մարդը։ Այդ ժամանակ Սարդ-մարդու առաջին ֆիլմը նոր էր դուրս եկել, բայց ես, ինչքան էլ սիրեի նրան, չկարողացա նայել։ Պարզապես վախենում էի Սարդ-մարդու թշնամուց։ Ամբողջ ֆիլմից նայել եմ մի քանի րոպե, որտեղ ամեն ինչ հանգիստ է։

Բացի Սարդ-մարդուց սիրել եմ նաև Նինձյա-կրիաներին, Ջեկի Չանին (հատկապես մուլտսերիալը), Marvel ու DC ընկերությունների բոլոր հերոսներին և այլն։ Այսպես կարող եմ անվերջ թվարկել։
Այս ամենից ամենաշատը «վարակվել  եմ» Սարդ-մարդով, ում մասին արդեն ասեցի և Հարրի Փոթթերով։ Ի դեպ՝ Հարրի Փոթթերով մինչ այժմ էլ վարակված եմ։ Ախր ինչպե՞ս կարելի է չսիրել այդ հրաշքը (այսպես ես արտահայտվում եմ այն ամենի մասին, ինչ սիրում եմ)։ Հարրի Փոթթերի աշխարհն ուղղակի անթերի է։ Հիանալի սյուժե, լավ կերպարներ։ Ամեն ինչ իրար է խառնված։ Սա այն եզակի  «շեդեվրներից» է, որի իմաստը ես հասկանում եմ, բայց դժվարանում եմ բացատրել ուրիշներին։ Անկեղծ ասած՝ մի քիչ թերագնահատում էի աղջիկներին։ Երբ իմացա, որ Հարրի Փոթթերի հեղինակը կին է, ուղղակի ապշեցի։

Վերջին մի քանի տարում, երբ պատանի հրաշագործի մասին բոլոր ֆիլմերն արդեն նկարահանված էին, նկարահանման ստուդիան դարձրեցին թանգարան։ Այն իհարկե գտնվում է Հարրի Փոթթերի հայրենիք՝ Լոնդոնում։ Ես գիտեմ, որ մինչ գնամ այնտեղ, արդեն ուրիշ բան կսիրեմ, բայց միևնույն է, ես սպասելում եմ այդ՝ իմ կյանքի ամենալավ օրվան։