vahe stepanyan

Պարզ՝ պարզի մասին

 

Գիտեք, բանը այն չի, որ պարզ բաները դուր են գալիս բոլորին, որովհետև հասկանալի են ու հեշտ են ըմբռնվում: Դե, լավ խոսքը «մի քիչ դրանում է, որ կա»: Եթե հեշտ ես հասկանում մի բանը, դրանից քեզ լավ ես զգում, էլի: Վերջիվերջո ինքնագնահատականդ էլ է բարձրանում: Բայց դա մի կողմ…
Է՜… Ես սխալ տեղից սկսեցի: Հլը` մի րոպե:
Ըհը:
Նախ ասեմ, որ ես պարզ բաներ շատ եմ սիրում: Դե որովհետև… Որովհետև ես էլ էդպիսին եմ: Ես սիրում եմ պարզ մարդկանց, պարզ բառեր, համարյա ամեն պարզը: Սիրում եմ պարզությունը և նախանձում… Նախանձում մարդկանց, ովքեր կարողանում են իրենց բարդ մտքերը արտահայտել` ինչպես դրանք կան: Ախր, եսիմ: Մեկը` ես, չեմ կարողանում: Եվ քանի որ իմ պարզ բառերը էլի չեն թողնում, որ իմ մտքերը արտահայտեմ, ես օրինակ բերեմ: Դե, որ հասկանալի լինի, էլի:
Գիտեք, չէ՞, վարդի մասին ինչքան երգեր, պատմվածքներ և նույնիսկ ամբողջ գրքեր կան: Մարդիկ նույնիսկ իրենց երեխաների անունն են դնում վարդ: Որոշները կարող են փիլիսոփայել վարդի մասին մի քանի հարյուր էջ, ներկայացնելով վարդի ամեն մի դետալը որպես մի փոքրիկ աշխարհ, որտեղ էլ իրենց հերթին հազարավոր գաղտնիքներ ու պատմություններ են թաքնված:
Դե, տեսեք: Ես ատում եմ վարդերը: Որովհետև վարդը ոնց ասեմ, է … Իրեն «քաղքենու» նման է պահում: Այն ուղղակի շատ բարդ է ինձ համար: Չեմ սիրում վարդի հոտը: Այն շատ նուրբ է ու տհաճ իմ քթի համար: Ես … Ես երիցուկներ եմ սիրում: Սովորական երիցուկներ: Մի՞թե երիցուկը հրաշք չի: Կանաչ ցողուն ու սպիտակ թերթիկներ: Ու ես ժամերով պատրաստ եմ նայել նրան (հա, հենց «նրան», ինձ համար երիցուկը իր չի) ու շնչել երիցուկի պարզ ու մի քիչ դառնահամ բուրմունքը: Ինչո՞ւ երիցուկի մասին գրքեր չկան: Որովհետև երիցուկը պարզ է: Բոլորի համար նույն ծաղիկն է, որ գուցե քոսոտ ու խղճուկ է թվում շատերի աչքերում: Բայց ախր, երիցուկից հիասքանչ ոչ մի ծաղիկ չկա: Է՜հ …
Հիմա էլ դնեմ` օրինակս բացատրեմ: Ես «երիցուկ մարդկանց» եմ սիրում: «Երիցուկ լինելը» էդ ամեն մարդու խելքի բան չի, է, ախր: Իսկ վարդ, եթե ոչ լինել, բայց գոնե ներկայանալը շատ հեշտ է: Ու ինձ համար կան երիցուկներ, որ հազարավոր վարդեր արժեն: Ու խոսքը ամենևին էլ ծաղիկների մասին չի, չնայած ինձ համար մի հատիկ երիցուկից գեղեցիկ աշխարհում մի էակ կա միայն, իսկ երիցուկի դառնահամ հոտից հաճելի միայն մի բուրմունք:
Թերևս իմ բառերը էլի չհերիքեցին միտքս արտահայտելու համար: Ախր, նրանք այնքան պարզ են` խոսելու պարզության մասին:

Արա, դե ասի էլ, էլի… Իմ խելքի բանը չի: Ինչի՞ սկսեցի գրել…