Պարը և Լուսինեն

Լուսինե Եսայանը իր ընդունակություններով երբեք չի պարծենում, այլ դրանք փորձում է թաքցնել: Նա ընդամենը 15 տարեկան է, ապրում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում:

-Ինչպե՞ս որոշեցիր հաճախել պարի:

-Պարն իմ նախասիրություններից մեկն է և այն ինձ մեծ բավականություն է պատճառում: Դպրոցում հայտարարությունը լսելուց հետո անմիջապես վազեցի տուն և լուրը հայտնեցի մայրիկիս: Մենք շտապեցինք երաժշտական դպրոց, որտեղ և տեղի էր ունենում ընդունելությունը:

-Քանի՞ տարի է, ինչ հաճախում ես պարի:

-Պարի հաճախում եմ արդեն 5 տարի:

-Ինչպիսի՞ հաջողությունների ես հասել այդ տարիների ընթացքում:

-Ամենամեծ հաջողությունն ինձ համար այն շրջապատն էր, որ ես ձեռք բերեցի։ Նաև հասկացա, թե ինչ է իսկական ընկերությունը: Եվ հետո մեր խումբը ճանաչում ստացավ տարածաշրջանում, և մենք հանդիսանում ենք լուրջ մրցակից շատ այլ խմբերի համար:

-Ի՞նչ պարեր եք սովորել: Կներկայացնե՞ս դրանցից մի քանիսը:

-Մենք սովորել ենք «Յարխուշտա», «Բերդ», «Ղարաբաղի եղնիկ», «Փափուրի», «Ծաղկաձորի», Վալս, Վրացական, «Ադանա», «Արփա-Սևան», «Թամզարա», և բոլորն էլ փորձել ենք լավագույնս կատարել։ Չգիտեմ՝ ինչքանով ենք մենք մեզ արդարացրել, սակայն մեր ուսուցիչը երբեք չի դժգոհել և մեծ ոգևորություն է մեզ ներշնչել, ինչը նպաստում է արագ առաջ գնալ:

-Հաճախակի՞ ես մասնակցել համերգային շրջագայությունների:

-Դրանք հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում և մրցութային ձևաչափով: Գավառում տեղի ունեցած մրցույթին մասնակցեցինք, հաղթեցինք և հնարավորություն ստացանք մեկնել Վրաստան՝ Քոբուլեթի քաղաք, որտեղ տեղի ունեցավ միջազգային մրցույթ: Չնայած առանց ծնողների էինք մեկնել, ուշադրության պակաս չէինք զգում: Նա, ով ճանաչում է ուսուցչիս՝ կփաստի, որ մեր նկատմամբ շատ ուշադիր է և հոգատար:

-Արդյո՞ք հեշտ էր քեզ համար առաջին անգամ բեմ բարձրանալը:

-Մենք դեռ մեկ ամիս էր, ինչ հաճախում էինք պարի, երբ ներկայացրեցինք մեր առաջին համարը: Ուրախությունն ու ոգևորությունը այնքան շատ էր, որ մոռացնել էր տվել լարվածությունը, այնպես որ, այդքան էլ դժվար չէր:

-Երբևէ ստացե՞լ ես մենապարուհու դեր:

-Այո՛, մի քանի անգամ: Այ, այդ ժամանակ լարվածությունս ավելի մեծ էր, քանի որ մեծ էր պատասխանատվությունը:

-Որպես մենապարուհի, ո՞ր պարերն ես պարել:

-«Ղարաբաղի եղնիկ», «Ադանա» և մեր վերջին սովորած պարը՝ «Արփա-Սևան»: Դա մեր վերջին ելույթն էր, հետո մեր խումբը կորցրեց իր ուժը և մի օր էլ՝ փակվեց:

-Բացի պարից ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունես:

-Սիրում եմ նկարել, հետաքրքրված եմ սուսերամարտով, սիրում եմ լուսանկարել, բայց ամենաշատը սիրում եմ ճամփորդել և երաժշտություն լսել:

-Հետագայում կշարունակե՞ս պարի ուղին:

-Այն ինձ համար շատ հարազատ է դարձել, բայց չեմ կարծում, որ կրկին այդ ուղին կընտրեմ։ Այժմ այլ ծրագրեր ունեմ և մտածում եմ առաջնորդվել դրանցով: Կարևոր է, երբ մարդ տեղյակ է ամեն ինչից, ուզում եմ ասել՝ սովորել օտարազգի պարեր, բայց չիմանալ ազգայինը՝ իմ կարծիքով, աններելի է, որովհետև անցյալը, ներկան և ապագան մեր ինքնությունն է:

Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու երբեք չմոռանա ազգային երգերն ու պարերը, որով մեր նախնիներն են առաջնորդվել, պարը եղել է նրանց կյանքի կարևոր մասը: Ցավալի է, որ մարզերում պարի դպրոցները չեն կարողանում երկար գոյատևել, իսկ շատ տաղանդավոր երեխաներ անտեսվում են և հիասթափվում։ Պետք է այնպես անել, որ մշակութային կյանքը մարզերում ևս ծաղկի, և Լուսինեի նման հարյուրավոր տաղանդավոր պատանիներ ու աղջիկներ կարողանան բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը: