Սևան մեդիա ճամբար. Սայաթ-Նովա երգող պապիկը

Սևանի մեդիա ճամբարում «քյավառցի» մեր ընկերներից իմացանք, որ հաջորդ օրը պետք է տեղի ունենա փառատոն, ուստի հետաքրքրեց հատկապես այն երեխաներին, ովքեր առաջին անգամն էին լսում այդ տոնի մասին, և Գեղարքունիքի մարզից չէին: Ես նույնպես դասվեցի նրանց շարքին: 

Կարտոֆիլ մշակողներն իրենց տարածքում փուռ էին դրել և ազգային երաժշտության ներքո ավանդական ձևով խորովում էին կարտոֆիլը: Երբ շրջում էի սեղանների կողքով, նկատեցի որ մի պապիկ, ակորդեոն էր նվագում, մոտեցա նրան: Պապիկը երգում էր Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա»-ն, որը նախորդ օրը արտասանել էի ընկերուհիներիս համար: Տողերը հոգեհարազատ էին ինձ, և ես ակամայից ձայնակցեցի: Դա առաջացրեց պապիկի մեծ զարմանքը, երգը կիսատ թողնելով մոտեցավ մեզ. Ներկայացավ, անունը Մհեր Արամյան էր.

-Երեխեք ջան, մենք, որ երգում ենք, ձեր հըմար ենք երգում, մեր հայկական գյոզալներին, էս աշխարհում ոչ մեկ չի կարա հասնի: Էն, որ դուք կաք, մեր մուսան բացվում ա, ու մենք դառնում ենք երգիչ, բանաստեղծ… էդ սաղ ձեր համար ա, եղա՞վ, ձեր ցավը տանեմ:

Ես ուղղակի ժպտացի, և ոչինչ չպատասխանեցի: Ընդհատելով իր երգը, նա անընդհատ մեզ խորհուրդներ էր տալիս.

-Ինչ լավ ա, որ Հայաստանում սենց լավ աղջիկներ կան, ժպտում են, ուրախանում են: Միշտ ուրախ եղեք, ժպտացեք մշտապես: Միշտ լավ եղեք, բերք ու բարիքով ժողովուրդ եղեք, ստեղծագործեք, արեք ամեն ինչ ազգի համար, ուրախ եղեք, որ ես էլ ուրախանամ:

Լուսանկարը` Անգելինա Կարապետյանի

Լուսանկարը` Անգելինա Կարապետյանի

Պապիկը շարունակեց իր երգը: Երգն ավարտելուց հետո ցանկացավ ինձ հետ լուսանկարվել, ես կարծեցի, թե շփոթել է ինձ ինչ-որ մեկի հետ, բայց նա ասաց, որ ցանկություն ունի լուսանկարվել այն մարդու հետ, ով գիտի հայ գուսանների ստեղծագործությունները, որովհետև դա իր համար շատ մեծ արժեք էր: Իր կողքին կանգնած մի պապիկ ինձ փոխանցեց փռից նոր հանած մրոտ կարտոֆիլը, որը վառեց մատներս, բայց այնուամենայնիվ, պահեցի ձեռքիս մեջ: Պապիկը պնդում էր, որ կարտոֆիլը պիտի հենց այդպես մրոտ էլ ուտես, որ ձեռքերդ ու բերանդ մրոտվի:

Շրջում էի, ամենուրեք մարդիկ էին, ժպտացող դեմքեր, այդ աշխուժությունը համատարած էր, իսկ մենք անչափ ուրախ էինք, որ ներկա գտնվեցինք նման գունեղ, հետաքրքիր, «համեղ» տոնի: