Սևան մեդիա ճամբար. Փոքրիկ հայացքներ

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լո՜ւյս, բարի լույս, աշնան արև, սառը խշշոցներ ու քամու պար, ափերը գրկող ալիքներ ու ալիքվող խաղաղություն: Քնելու մեծ ցանկություն, բայց արթնանալու կանչ ու համեղ նախաճաշ:

Ու լույսս կապույտով ավետվեց. իմ խաղաղ երկինքն ու իմ կապույտ Սևանն էին:

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Պիտի գնայինք ֆոտոարշավի. փառատոնի: Դե, պարզ էր, որ շատ մարդիկ էին լինելու: Գիտեի, որ հաստատ մի քանի բարի հայացք պիտի ապրեմ: Տեղ հասնելուն պես, ամենքս անցանք մեր գործին: Երգ, պար, ուրախ հայություն, համով հյուրասիրություն, հավես մթնոլորտ: Կարտոֆիլի ուտեստներ, երեխաների տաշի-տուշիներ ու վառած աթարի հոտ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մինչ բոլորը լուսանկարում էին, ես ուղղակի քայլում էի ու փնտրում իմ հայացքները: Քայլում էի, ուշադիր նայում: Մի քանի րոպե, ու գտա, այն էլ` փոքրիկ, բարի հայացքներ: Մեկը մյուսից սիրուն, պարզ, խորը: Ամենասիրուն հայացքներից մեկը կարոտ ուներ, անունն էլ Վան էր (գուցե մեր Վանի կարոտն էլ կար): Հիմա էլ, որ գրում եմ, աչքերիս առաջ է Վանի հայացքը` խոշոր աչքերով ու ժպիտի գույնով:

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Հենց մեկին մոտենում էի ու հարցնում. «Կգա՞ս` քեզ նկարեմ», ամաչկոտ հայացքով, ցածրիկ ձայնով ու ժպտացող աչքերով համաձայնություն տալով`ասում էր. «ուհո~ւմ»: Ես, ճիշտ է, շեղվել էի ֆոտոարշավի բուն թեմայից, բայց այնպես հավես էր ուղղակի նկարել տեսածդ հայացքները ու իրենց հետ խոսել քո հայացքով: Եվ ինչքան էլ սիրուն նկարած լինեմ իրենց, իրենց հայացքները, մեկ է, նկարներն այնքան չեն խոսի, ինչքան սրտի բառերը` հայացքներ ապրած:

Տեսա, զգացի, սիրեցի ու ապրեցի փոքրիկ հայացքներ…

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի