vahe stepanyan

Սարսափների արքան

1947 թվականին, երրորդ հանրապետության անկախությունից ուղիղ 44 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ծնվեց Սթիվեն Քինգը: Սթիվենը դեռ 2 տարեկան էր, երբ 1949-ի խաղաղ երեկոներից մեկին հայրը գնաց ծխախոտի հետևից ու չվերադարձավ: Չէ, չէ. չէր մահացել: Ուղղակի հոգնել էր: Հետագայում այդպես էլ չիմացան. փախել էր Կոնեկտիկո՞ւտ, թե՞ ինչպես Սթիվի մայրն էր Սթիվին ու եղբորը ասել, նրան մարսեցիներն էին առևանգել:

Չնայած ես կարդալ շատ եմ սիրում, բայց ճիշտն ասած, նույնիսկ իմ ամենասիրելի գրողների կենսագրությունից ոչինչ չգիտեմ: Բայց դե Սթիվեն Քինգը բացառություն է: Ես նրա կյանքի մասին կարդացել եմ երևի այնքան, ինչքան իր գրքերից եմ կարդացել: Իսկ ես նրա երկրպագուն լինելով, ամենաքիչը 10 գիրք կարդացած կլինեմ: 12: Հաշվեցի: Իհարկե, բոլորից չեմ կարող խոսել մի նյութի մեջ, բայց խոստանում եմ. եթե դուր գա՝ կգրեմ Սթիվենի գրքերից էլի մեկի մասին:
Իսկ հիմա… 11/22/63: Այո: Այս թվերը բացի ԱՄՆ 35-րդ (և արդարության համար ասեմ, իմ ամենասիրելի) նախագահ Ջոն Ֆ. Քենեդու սպանության օրվանից, Սթիվեն Քինգի ամենաստացված գրքերից մեկի անունն է: Ալտերնատիվ պատմություն ժանրում գրված այս ֆանտաստիկ նովելի հիմնական թեման ժամանակի մեջ ճամփորդությունն է: Գիրքը լույս է տեսել 2011-ին: Բայց այնուամենայնիվ, իր ժանրի մեջ արդեն կարող է համարվել դասական նմուշ: Գրքի գործողությունները 2009-ին են տեղի ունենում: Դա առաջին գլխում: Իսկ հետո Ջեյքը… Ստոպ: Ո՞վ է Ջեյքը: Երևի թե սկզբից սկսեմ:
Ջեյկոբ Էպինգը՝ նույն ինքը՝ Ջեյքը, ապրում է Մեն նահանգի Լիսբոն Ֆոլս քաղաքում: Ջեյքի կյանքը ոչնչով չէր տարբերվում կենտրոնական Մենի բոլոր մնացած անգլերեն լեզվի ու գրականության ուսուչիցների կյանքից: Ջեյքը արդեն 35 տարեկան էր, ու չհաշված ընկերոջ հետ Կանադայում կատարած ավտոստոպով ճանապարհորդությունը, իր կյանքում ուրիշ ոչ մի առանձնահատուկ բան չէր արել: Ջեյքը հասցրել էր ամուսնանալ ու բաժանվել, ու ըստ իր հաշվարկների, լավ էլ երջանիկ մարդ էր: Նա Լիսբոն Ֆոլսի միջին դպրոցում երեխաներին դաս տալուց բացի նաև ուներ դասարան մեծերի համար, որտեղ սովորում էին երիտասարդ ժամանակ տարբեր պատճառներով դպրոցը չավարտած մարդիկ: Դուք երևի մտածում եք, որ սա ոչնչով չգրավող գորշ կյանք է: Համաձայն եմ: Դեռևս համաձայն եմ… Իմիջիայլոց, Ջեյքը շատ զուսպ մարդ էր և կյանքում մի քանի անգամ էր լաց եղել ընդամենը: Վերջին անգամ Ջեյքը լաց էր եղել դպրոցի աշակերտ, ինչպես նաև հավաքարար 50-ն անց Հարրի Դանինգի «Օր, որը փոխեց իմ կյանքը» թեմայով գրված շարադրությունը կարդալիս: Հարրին պատմում էր, թե ինչպես էր 1958 թվականին, Հելոուինի օրը, իր հայրը խմած մտել տուն, մուրճով սպանել մորը, 2 եղբայրներին ու փոքրիկ քրոջը: Իսկ ինքը հրաշքով էր փրկվել ու մնացել հաշմանդամ ամբողջ կյանքում:
Թե ինչի համար ես պատմեցի այս կտորը, դուք կհասկանաք գիրքը կարդալիս: Իսկ հիմա, թերևս, անցնենք առաջ:
Ջեյքը իհարկե ցնցված շարադրությունից, գերազանց է դնում Հարրիի աշխատանքին, և Հարրին վերջապես ստանալով իր դպրոցի ատեստատը, այն դնում է շրջանակի մեջ ու կախում իր սենյակի պատից:
2 տարի անց 2011-ի հուլիսին, երբ Ջեյքը արդեն վերջին աշխատանքներն էր ստուգում դպրոցում արձակուրդ գնալուց առաջ, նա զանգ է ստանում իր բարեկամ Էլ Տեմպլտոնից: Էլը խնդրում է Ջեյքին շտապ գալ իր խորտկարան: Ինչ գլուխ ցավեցնեմ, Ջեյքը գնաց: Ու տեսավ այն, ինչին ոչ մի կերպ չէր սպասում: Դեռ երեկ իրեն սպասարկող չաղլիկ սևահերից բան չէր մնացել: Էլը բացատրեց, որ մեկ օրվա մեջ հասցրել է ծերանալ հինգ տարով ու արդեն մահանում է թոքերի քաղցկեղից: Ջեյքը այնքան էլ չզարմացավ՝ իմանալով, որ Էլը թոքերի քաղցկեղով է հիվանդ, որովհետև գիտեր, որ 60-ն անց այդ տղամարդը արդեն 50 տարի ծխում էր նույն դեղին «Քամելը», որը նրա բերանում էր նույնիսկ հաճախորդներին սպասարկելիս: Բայց ո՞նց կարելի է ծերանալ հինգ տարով մեկ օրում… Էլը բացատրեց, որ ամենի պատճառը իր սրճարանի պահեստում է: Ու Ջեյքը արդեն մահամերձի զառանցանք համարելով Էլի պատմությունը, որ այնտեղ ժամանակի պորտալ կա, համենայն դեպս չմերժեց նրա խնդրանքը ու Էլի ցույց տված տեղով քայլեց դեպի պահեստի պատը: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ փակ աչքերով իջնելով ինչ-որ անտեսանելի աստիճաններով, կհայտնվի… ըմմ… Հիմա դուք կհարցնեք, թե ուր: Այս հարցը անտեղի է. տեղը նույնն է՝ Երկիր մոլորակ, Հյուսիսային Ամերիկա, ԱՄՆ, Մեն նահանգ, Լիսբոն Ֆոլս քաղաք: Այստեղ կսազի մեկ այլ հարց: Ջեյքը հայտնվեց… Ե՞րբ: Լավ հարց է: 1958 թ., սեպտեմբերի 9, ցերեկ,11:58: Իսկ այ, ինչեր կլինեն հետո, ես չեմ ասի: Սա ընդամենը 2 գլխի նկարագիր էր 50-ից ավել գլուխ ունեցող գրքի:
Ուղղակի կնշեմ պորտալի օրենքները, որոնք Էլը բացահայտել էր իր պրակտիկայով.
-Պորտալը միշտ տանում է նույն ժամանակը. 1958 թ. սեպտեմբրի 9, 11:58:
- Անկախ այն բանից, թե դու ինչքան ժամանակ ես անցկացնում անցյալում, ներկայում քո ճամփորդությունը կտևի ուղիղ 2 րոպե: Ոչ ավել, ոչ պակաս:
-Անցյալը կարող ես փոխել, բայց ամեն հաջորդ ճամփորդությունը նախորդի բոլոր փոփոխությունները չեղարկում է:
-Անցյալը չի ուզում փոփոխվել, և ինչքան մեծ է փոփոխությունը, անցյալը ավելի ուժեղ է դիմադրում:
Ուղղակի վստահեք ինձ և բացեք գիրքը: Այս ժանրում գրված այսպիսի գրքեր չկան: 11/22/63-ը «Սարսափների արքայի» ամենաստացված գրքերից է, եթե ոչ՝ ամենաստացվածը: Սա ձեզ համար ոչ Կոելյո է, ոչ Կաֆկա, ոչ Ֆրեյդ: Սա Սթիվեն Քինգն է, իր ողջ հմայքով…