anush hovhannisyan

Գրքասերը

Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:

Մարկոս Ավրելիոս

Այսօր փետրվար 19-ն է, ոմանց համար ուղղակի կիրակի, իսկ ոմանց համար, այդ թվում նաև ինձ համար, մեծ տոն՝ գիրք նվիրելու օր և ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

Սիրում եմ նվիրել ու ստանալ, բայց պաշտում եմ, երբ ինձ են նվիրում իմ նախընտրած գիրքը: Ընթերցելուց հետո այդ գիրքը կմնա ու անընդհատ կհիշեցնի այն մարդու մասին, ով նվիրեց ինձ այդ մեծ աշխարհի մի մասնիկը:

Փոքր տարիքում ինձ համար գրքերը անգամ ձանձրալի էին թվում, սակայն ամեն ինչ փոխվեց մի քանի տարի առաջ, հենց այս նույն օրը, երբ դասընկերուհիս ինձ նվիրեց Ռաֆայել Սահակյանի «Արևի արցունքները» գիրքը: Հիմա կանկեղծանամ. վերցրեցի գիրքը և ուրախ եկա տուն: Օ՜, այո, ես գիրք նվիրելու օրը նվեր ստացա, այո, ես հաջողակ եմ, ես իմ սեփական գիրքն ունեմ:

Բերեցի, թերթեցի մի քանի էջ, մի երկու տող կարդացի ու դրեցի գրապահարանում: Հետո անգամ մոռացա գրքի մասին: Մի օր, չգիտեմ ինչու, որոշեցի կարդալ: Կարդացի ու հասկացա, որ այսքան ժամանակ ուղղակի անտեսել եմ այն հրաշքը, որը ինձ էր պատկանում:

Գիրքը մի տղայի մասին էր՝ Արեգի: Ընթերցելուց հետո հասկացա, որ սիրահարվել եմ հենց գրքի հերոսին: Սակայն տղան վերջում ավտովթարից մահանում է, ու ինձ համար դա անսահման դժվար էր կարդալ: Ամբողջությամբ այդ գրքի մեջ էի ապրում Արեգի հետ, ընթերցում Արեգի հետ, տխրում ու ուրախանում, սիրահարվում ու հիասթափվում, իսկ վերջում այնքան դաժան էր ամեն ինչ… Ու այդ գիրքը դարձավ իմ գրասեղանի մշտական զարդը:

Իսկ հիմա, արդեն երեք տարի անց, հպարտանում եմ իմ փոքրիկ գրադարանով: Փոքրիկ, բայց մեծ պատմությամբ ու ասելիքով: Չեմ դադարում համալրել ու մեծացնել այդ աշխարհը, ու այս օրը այն մեկ գրքով ավելացնելու հրաշալի առիթ է: Երբեք պետք չէ մեր մեջ քնեցնել ընթերցասերին և պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը մեզ նվիրի գիրք: Թեև իմ գրադարանը ստեղծվեց հենց նվիրած գրքով, և պատճառ դարձավ, որ դառնամ ընթերցասեր: Ինքներս մեզ նվիրենք այդ անսահման տիեզերքի մի փոքրիկ պատառիկը ու հարստացնենք մեր հոգին: Պարզապես չվախենանք գրքամոլ լինելուց, ուղղակի ապրենք գրքերով…

Շնորհավոր մեր տոնը, Գրքասերներ: