vahe stepanyan

Սովորական զարմանք

Ինքս էլ չգիտեմ` ոնց հասկացա դա։ «Դա»-ն այն երևույթն է, երբ մեզ հետ կատարվող տարօրինակ բաները մի օր դառնում են սովորական։ Էս դեպքում տարօրինակը էն բառը չի, է, բայց երևի իմաստով ամենամոտն է զարմացնող երևույթ նկարագրելու համար։

Տարօրինակ ա, երբ ես հեռուստացույց եմ նայում (նայելը չի տարօրինակ, չնայած էս տեմպերով, էդ օրն էլ կգա) տնեցիների հետ: Ասենք, մի ֆիլմ։ Նայում եմ, նայում, ու մեկ էլ հանկարծ.

-80 000 դոլար,- պապին ասաց ու ակնթարթ տևող դադարից հետո, որը երբեք չես նկատի, եթե հազար անգամ նույն բանը լսած չլինես, երկարացնելով ավելացրեց,- պա~հ…

Դե, երևի տարօրինակ ա թվում, երբ տեսնում (լսում) ես առաջին անգամ։ Ինձ համար էլ տարօրինակ թվաց, երբ առաջին անգամ ուշադրություն դարձրեցի։ Լսեցի։ Հետո նայեցի պապիս աչքերին։ Հետո հետևելով նրա հայացքին, հասա էկրանին։ Հետո հետ եկա նրա դեմքին. պապս ուշադիր նայելով էկրանին միաժամանակ ինչ-որ բան ա մրմնջում։ Աաա~ … Վազող տողերն ա կարդում։ Ես էլ գիտեմ, թե կինոն ա նայում սենց ուշադիր։ 80 000 դոլարն էլ երևի, եսիմ ում, բնակարանի արժեքն ա, որը ամենայն հավանականությամբ,  վաճառվում ա ըստ վազող տողի հայտարարություններից մեկի։ Երևի ասում եք` հա, ի՞նչ։ Եսիմ։ Հիմա որ կողքից նայում եմ, տարօրինակ ա, մանավանդ, երբ դա ամեն օր ես լսում։ Բայց միաժամանակ էլ նենց սովորական բան ա ինձ համար։

Իսկ եթե ավելի ընդհանուր…

Մենք հաշվում ենք մեր տարիքը մեր մոլորակի՝ Երկրի, Արեգակի շուրջն արած պտույտների քանակով։ Մի՞թե Երկրի պտույտը կապ ունի իմ մեծանալու հետ։ Եթե ես 17 անգամ Արևի շուրջ պտտվել եմ, ուրեմն պարտավո՞ր եմ լինել 17-ամյա պատանի։ Եթե Վեներայի վրա ծնված լինեի, ուրեմն 30 տարեկան կհամարվեի, ինչ է, թե Վեներան ավելի արագ է պտտվում Արևի շուրջը։ Դե մարդիկ էդպես են պայմանավորվել։

Ես գիտական փաստեր չեմ ասում։ Ուղղակի մտածում եմ։ Մի՞թե տարօրինակ չէ, հիմարություն, աբսուրդ։ Բայց սովորական, շատ սովորական։

Էսպես շատ բաներ կարող եմ ասել։ Դուք էլ կկարդաք ու հազար սովորական տարօրինակություններ կհիշեք։

Էհ։ Ահագին մտածեցի ու մի բան հասկացա միայն։ Մարդիկ արդեն զարմանալն էլ են մոռանում։ Մտածում եմ` զարմանքը ամեն զգացմունքի հիմքում է։ Ճիշտ չի՞։ Հլը մի հատ դուք էլ մտածեք։

Հա, ու մեկ էլ. էս 17 տարվա մեջ մեկը նորմալ չզարմացրեց էդպես էլ ինձ։ Մի՞թե զարմանքն էլ դարձավ սովորական, ու ես էդպես էլ չզգացի դա…