Վահեի այգին մեծանում է

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Վահե Ասատրյանից ընտանիքը լուր չուներ ու համացանցով փնտրում էր նրան, շատ տղաներ գրում էին մորն ու ասում, որ Վահեն է իրենց վիրակապել ու դուրս հանել դիրքերից։

Երևանի պետական Հենակետային քոլեջի դեղագործական բաժնում էր սովորել ու երազում էր ատամնաբույժ դառնալ։ Քոլեջում սովորածն էլ բավականացրել էր շատ ընկերների կյանք փրկել դիրքերում։

Վահեի նկարին նայելիս իր բարությունը, պարզությունն ու հանգստությունը փոխանցվում են քեզ։ Դրան զուգահեռ, ինչպես մայրն է նշում, Վահեն ըմբոստ էր ու անարդարության դեմ պայքարող։

Երբ պատերազմը սկսվեց, Վահեն 2 ամսվա ծառայող էր․ հազիվ էր հասցրել հարմարվել ծառայությանը, զենքին և զինվորական կոշիկներին։ Որպես հայրենիքի երդվյալ պաշտպան՝ Վահեն մեկնեց առաջնագիծ և մասնակցեց Ջրականի և Ասկերանի, այնուհետև նաև բերդաքաղաք Շուշիի մարտերին։

Վիրավոր դաստակով, իր վիրավոր ընկերոջը գրկած՝ Վահեն փորձել էր դուրս գալ Շուշիի մատույցներից։ Ճանապարհին զանգել էր հորն ու ասել, որ Կժկժան ձորի հատվածում են ու սպասում են մութն ընկնի, որ նահանջեն։ Լուսաբացին Վահեն այլևս կապի դուրս չեկավ․․․

Նոյեմբերի 15-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Վահեի մարմինը տեղափոխվեց  Մարտունի։ Վահեն զոհվեց հենց իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 12-ին։

Մինչ ծառայության գնալը Վահեն իր հայրենի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան լանջին մոտ 300 ծառ էր տնկել՝ հիմնելով իր երազած այգին։ Ցանկանում էր վերադառնալ ու հանգստյան գոտի կառուցել այգում։ Նախքան ոռոգման համակարգ կառուցելը Վահեն տարաներով մեկ առ մեկ ջրում էր իր այգու ծառերը։ Հիմա ծնողներն են շարունակում իրականացնել Վահեի նպատակները․ խնամում են այգին։ Վահեի մայրը՝ Լիլիթը, դեղագործություն է սովորում, որ դեղատուն բացի, ինչպես Վահեն էր երազում։

Վահե Ասատրյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։