Կաքավասարի Վարդավառը

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք մի ժամանակակից քաղաքի փողոցով, և հանկարծ ձեզ են մոտենում խմբով երեխաներ և դույլերով ջուր լցնում ձեր վրա։ Իհարկե, դուք այդ ժամանակ կշփոթվեք կամ կվախենաք, և կամ էլ ոստիկանություն կկանչեք։ Այսպիսի դեպք կարող է լինել այն ժամանակ, երբ դուք Ֆրանսիայում, Անգլիայում և կամ էլ Ճապոնիայում եք գտնվում։ Բայց եթե դուք Հայաստանում եք, ուրեմն գիտեք, որ այդ օրը նշում են Վարդավառի տոնը, կամ ինչպես շատերին է հայտնի`ջրոցին։ Եվ դուք այդ ժամանակ մի փոքր տագնապով կստուգեք ձեր գրպանները, հեռախոսը, իսկ հետո ջերմ կժպտաք և, քամելով ձեր շորերը, կհեռանաք։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Վարդավառի տոնը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր կերպ է նշվում։

Մեր` Շիրակի մարզի Կաքավասար գյուղում միջնադարում Վարդավառը տոնել են մեծ շուքով և տոնակատարություններով։ Շիրակի դաշտավայրերից և տարբեր շրջաններից մեր գյուղում գտնվող Թուխ Մանուկ մատուռ էին այցելում ուխտավորներ և մեծ խանդավառությամբ նշում Վարդավառի տոնը։ Իսկ հիմա գյուղից մի քանի ընտանիքներ են, որ Վարդավառը նշում են հենց գյուղում։ Մնացած ընտանիքները իրենց բարեկամների, իսկ երիտասարդները իրենց ընկերների հետ Վարդավառը նշում են մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա գտնվող Թռչկանի` մեր բարբառով՝ Չռանի ջրվեժում։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Ամեն ամառ այնտեղ են այցելում զբոսաշրջիկներ տարբեր վայրերից։ Իսկ արդեն Վարդավառի տոնին, ինչպես ասում են մեր մեծերը, ասեղ գցելու տեղ չի լինում։ Բայց և այնպես բոլորն էլ` անկախ տարիքից, առօրյա գործերից կտրվելով, այցելում են Թռչկան և բնության գրկում վայելում երկար սպասված հանգիստը։
Եթե ցանկանում եք վայելել անմոռանալի հանգիստ, ուրեմն համեցեք Թռչկան։