Դիլիջանյան մեդիա ճամբար. Վարպետության դաս. Արամ Կիրակոսյան

«Ցանկացած կադր աշխարհայացք է»

Դիլիջանյան մեդիա ճամբարի առաջին վարպետության դասն անցկացնում է PanPhoto-ի լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը:

-Հայրս ֆիզիկոս էր, ես էլ պիտի ֆիզիկոս դառնայի,- պատմում է մեր հյուրը, – այսինքն՝ առաջին մասնագիտությունս լուսանկարչության հետ ոչ մի կապ չունի: Մի օր էլ հայրս համացանցում փնտրում է մասնագիտություններ անհանգիստ մարդկանց համար, որովհետեւ հույս չուներ, թե ես կարող եմ ինչ-որ բանի հասնել: Համացանցը առաջարկում է լրագրություն եւ ռեժիսուրա: Առաջինը չէի սիրում, ուստի դիմեցի Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիա:  Դիմեցի հույսով, թե ընդունվելու եմ խաղարկային ֆիլմերի ֆակուլտետ, սակայն դա իրականում դոկումենտալ ֆիլմերի բաժին էր: Այդ էր պատճառը, որ սկսեցի ֆոտոյով զբաղվել: Դա մոտ չորս տարի առաջ էր: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպես պետք է կերպարի հետ աշխատել: Ընթացքում իհարկե վավերագրականն ինձ ավելի գրավեց, որովհետեւ այն, ինչ կարող ես վերապրել դրանով, խաղարկայինով հաստատ չես կարող:

Մենք խոսեցինք նաև ֆոտոյի ստեղծման պատմությունից: Ֆոտոն ստեղծվել է միաժամանակ երկու մարդու կողմից. մեկը՝ Տարբաթն է, ով եղել է գիտնական, մյուսը՝ նկարիչ Դագեռը: Դագեռը ստեղծել է մի գործընթաց, որով ֆոտոն տպվում  էր մետաղյա թիթեղի վրա, իսկ Տարբաթը փորձում էր հասկանալ, թե ինչպես եռաչափ աշխարհը պատկերել երկչափ թղթի վրա: Կիրառության մեջ մտել է հենց այս տարբերակը, որովհետեւ թղթի վրա տպելն ավելի հեշտ է, քան մետաղի վրա:

Պատմության մեջ առաջին ֆոտոպատվերը Մոյ Բրիջինն է, ով պետք է պարզեր՝ արդյո՞ք վազքի ընթացքում ձիու չորս ոտքն էլ բարձրանում են գետնից: Մի քանի ֆոտոապարատներով միաժամանակ լուսանկարելով ձիու վազքը՝ նա պարզել է, որ իսկապես բոլոր ոտքերն էլ կտրվում են գետնից:

Հետաքրքիր է նաեւ Ֆոտոպատմության սկզբնավորումը: Հիմնադիրը Յուջին Սմիթն է, նրանից առաջ ոչ մի անգամ ֆոտոպատմություն չի արվել: Սկսվել է այսպես. Յուջին Սմիթին ուղարկում են ինչ-որ գյուղ՝ նկարելու տեղի բժշկին, եւ տալիս են երեք օր ժամանակ: Իսկ Սմիթը այնտեղ մնում է մի ամիս եւ ստեղծում իր ֆոտոշարքը:

Ֆոտոյի էվոլյուցիան սկսվել է Կոդակով: «Կոդակ» բառն իրականում ոչ մի նշանակություն չունի, հեղինակն այն ընտրել է որպես երբեւէ չկիրառված եւ հեշտ հիշվող անուն: Նա ստեղծել է ավելի մատչելի ֆոտոապարատ, ինչի շնորհիվ էլ սկսվել է սիրողական լուսանկարչությունը:

-Առաջին ֆոտոշարքս, որով ներխուժել եմ լուսանկարչության ոլորտ, վերաբերում է հոգեկան խնդիր ունեցող մարդկանց, – պատմում է Արամը, – նրանք ինձ շատ էին հետաքրքրում, -տարբեր մարդկանց խնդրել եմ հագնել զսպաշապիկ եւ խաղալ իրենց ներսի «գժի» դերը: Հետո արդեն գնացել եմ հոգեբուժարան եւ նկարել այնտեղի մարդկանց: Ծիծաղելին այն էր, որ հոգեբուժարանի մարդիկ շատ նորմալ էին իրենց պահում, իսկ զսպաշապիկովները՝ ոչ այնքան: Այս ֆոտոշարքս հաջողված էր նրանով, որ առաջինն էր, որովհետեւ առաջինը միշտ էլ ուրիշ է, եւ պարտադիր չէ անպայման հրապարակման ներկայացնել:

Հետո մոտ երկու ամիս մնացել եմ հոգեբուժարանում՝ դիպլոմային աշխատանքիս համար վավերագրական ֆիլմ նկարելու: Ես ապրել եմ նրանց հավասար պայմաններում. սուրճ չեմ խմել, որովհետեւ նրանց չէր կարելի, հեռախոսով չեմ խոսել, դա եւս արգելված էր:

Ըստ Արամ Կիրակոսյանի՝ ամեն մարդ ինքն է գծում իր սահմանը, որը պիտի պահի լուսանկարելիս, գծում է՝ ելնելով իր խղճից, բարոյական հիմքերից: Օրինակ՝ եթե այնպիսի իրավիճակ է, որ դիմացինդ լուրջ օգնության կարիք ունի, բայց նաեւ լուսանկարել է պետք, դու ինքդ պիտի ընտրես՝ փրկել մարդուն՝ գործելով մաքսիմալ մարդկային, թե շարունակել աշխատանքը՝ գնալով պրոֆեսիոնալի հետեւից: Բայց ամեն դեպքում, պիտի վարվես այնպես, որ հետո գոնե ինքդ քեզ ներես: Դու պիտի ընտրես նաեւ՝ որքան մշակել ֆոտոն, որքան աշխատել վրան, գրել արդյոք մեկնաբանություն թե ոչ,եւ այլն, եւ այլն:

-Վերջերս ինձ պատվիրեցին դոկումենտալ ֆոտոշարք այն կանանց մասին, ովքեր ունեն տղամարդուն բնորոշ մասնագիտություններ: Նրանց մեջ կային քանդակագործ, կոշկակար, քաղաքական գործիչ, նախարար, դիրիժոր, ամենատարբեր մարդիկ: Հետաքրքիր փորձ էր, այն եզակի դեպքերից, երբ աշխատում էի պատվերով, բայց միաժամանակ՝ սիրով:

Արամ Կիրակոսյանը պատմում է, որ գույների հետ աշխատելը այնքան էլ հեշտ չէ, դրա համար ինքը հաճախ աշխատում է  սեւ-սպիտակով: Եթե անում է ինչ-որ բան իր համար, անում է սեւ ու սպիտակ, իսկ ինչ-որ տեղ ներկայացնելու համար՝ միանշանակ գունավոր: ——- Ընդհանրապես հիմա գունավորն է կիրառվում, ու եթե դու լուսանկարում ես սեւ ու սպիտակ, պիտի ունենաս հստակ հիմնավորում՝ ինչու,-ասում է նա:

Հանդիպումն ավարտվեց հետաքրքիր եզրահանգմամբ ու խորհրդով, վստահ եմ, որ յուրաքանչյուրս իր հետ վերցրեց նոր մի բան, նոր մի գիտելիք:

-Ցանկացած կադր աշխարհայացք է, ամենակարեւորը՝ գտնես կյանքում այն, ինչը սիրում ես, ու զբաղվես դրանով. միայն այս դեպքում դու չես հոգնի եւ աշխատանքովդ նաեւ կկարողանաս լիարժեք ապրել:

Հարցազրույցը գրի առավ Միլենա Խաչիկյանը