Դիլիջանյան մեդիա ճամբար. Վարպետության դաս. Արփինե Գրիգորյան

Դիլիջանյան մեդիա ճամբարի վարպետության դասն անցկացնում է News Deeply-ի մենեջեր Արփինե Գրիգորյանը:

-12 տարեկանից հաճախել եմ «Մանանա»: Ավարտել եմ Պոլիտեխնիկի համակարգչային տեխնիկայի բաժինը: Պոլիտեխնիկ ընդունվելուց հետո սկսեցի «Մանանայում» աշխատել: Մենք ունեինք վեբ-դիզայնի խմբակ ու նաև համակարգչային հմտությունների դասեր, որը ես վարում էի ու ինձ համար շատ լավ փորձ էր:  Բացի այդ, հենց առաջին կուրսից սկսեցի աշխատել ու ծախսերիս ինչ-որ մասը ինքս հոգալ, ծնողներիցս կախված չէի: : Ես մոտ 9 տարի աշխատել եմ «Մանանայում»:  Այստեղ մենք ազատություն ունեինք փորձելու և սովորելու այն ամենը, ինչը մեզ հետաքրքրում էր` գրել, լուսանկարել, ֆոտոներ անել, անգամ եթե ուզում ենք, զբաղվենք ձեռքի աշխատանքով: Ես դասավանդում էի վեբ-դիզայն, բայց միաժամանակ հնարավորություն ունեի իբրև աշակերտ սովորել օրինակ, ֆիլմ ստուդիայում և այլն: Երբ ավարտեցի բուհը, ընդունվեցի «Շարմ հոլդինգ» ընկերություն: Այնտեղ կար IT բաժին, որտեղ իրենց ֆիլմերի ու ծրագրերի մասին ստեղծում էինք վեբ-կայքեր: Հետո ծրագրավորումից մի քիչ ձանձրացա:Ու ես որոշեցի ուրիշ բան փորձել: Մի քիչ սկսեցի նախագծեր ղեկավարել: 4 տարի այդտեղ աշխատելուց հետո դրանից էլ մի քիչ ձանձրացա ու աշխատանքս փոխեցի, ընդունվեցի PanArmenian net, որը առաջատար լրատվական գործակալություններից է: PanArmenian-ում հանրային կապերի ու նախագծերի ղեկավարն էի: Սկզբում որպես ծրագրավորող եմ աշխատել, հետո հասկացա, որ մեդիան ինձ շատ հետաքրքիր է ու PanArmenian net-ում ինձ շատ լավ էի զգում, որովհետև համ տեխնիկական մասով էի աշխատում, համ էլ խմբագրության հետ էի աշխատում:  Այսինքն, շատ պետք եկավ այն ուսուցումը, որ ստացել էի «Մանանայում»:

Հենց այդ տարի ստեղծվեց ֆոտո գործակալությունը, ու մենք սկսեցինք շատ ակտիվ տարածել, միջազգային տարբեր գործակալությունների հետ սկսեցինք աշխատել, նկարներ ուղարկել: Բայց ամեն ինչ սկսել էինք զրոյից, ու դժվար է մի նոր բան ստեղծել, երբ աչքիդ առաջ չունես ինչ-որ օրինակ: Մենք սկսեցինք ինչ-որ լիցենզիաներ, բաժանորդագրություններ վաճառել տարբեր թերթերի, որպեսզի լուսանկարները տեղադրելուց թույլտվություն ունենային:  Դա  շատ հետաքրքիր է, որովհետև զրոյից ինչ-որ բան ես ստեղծում, որը չկա: PanArmenian.net-ը առաջիններից էր, որ սոցիալական մեդիայում իր ներկայությունը սկսեց, ու մենք սկսեցինք ակտիվ ներգրավել Facebook-ի ու Twitter-ի օգտատերերին, որ իրենք կարողանան նորություններ կարդալ:

Դրանից  hետո, 6 տարի PanArmenian net-ում աշխատելուց հետո զգացի, որ նոր բան եմ ուզում: Ես հանդիպեցի մի կնոջ՝ Լարա Սեդրակյանին, ով շատ հայտնի լրագրող էր ABC news-ում ու շատ ավելի հայտնի դարձավ իր թվիթերյան էջում, որտեղ շատ ակտիվ կարճ լրատվական նորություններ սկսեց հրապարակել:

Հետո որոշեց դուրս գալ այդ գործակալությունից ու ստեղծել իր լրատվական նախագիծը, որը կոչվեց Syria Deeply: Ստեղծեց մի լրատվական կայք, որը միայն մի խնդիր էր լուսաբանում և  ոչ թե ստանդարտ լրատվական կայքերի նման, այլ շատ խորը, ու դրա համար էլ կոչվում է Deeply:  Լուսաբանում էր հարցը տարբեր կողմերից ու մարդկային պատմություններ էին ներկայացվում: Շատ հայտնի խորագիր ունենք՝ Սիրիացի դեռահասի օրագիր, որտեղ ինքը պատմում էր իր առօրյայի մասին, իր կենցաղից, թե ինչպես են հարևանները մահանում, ինչպես են շենքերը փլուզվում: Հետո մենք ստեղծեցինք մի քանի նոր ֆորմատներ, ու դրա համար Syria Deeply-ն շատ մեծ համբավ ձեռք բերեց: Իրականում Syria Deeply-ի առանձնահատկությունը նրանում էր, որ շատ բարդ երևույթները փորձում էինք մաքսիմալ պարզ կերպով ներկայացնել, որ մարդ կարդար ու հասկանար՝ սկզբից մինչև վերջ ինչ է կատարվում: Քանի որ Syria Deeply-ն շատ հաջողված էր, սկսեցինք այդ ֆորմատը ուրիշ թեմաների վրա կիրառել: Ու ստեղծվեց News Deeply-ն, հետո մենք սկսեցինք ուրիշ deeply հարթակներ ստեղծել, մի քիչ փոխեցինք մեր տեխնիկական բազան: Ու հաջորդը, որ ստեղծվեց Ebola Deeply-ն էր, որտեղ մանրամասն ներկայացնում էինք էբոլա հիվանդության մասին: Դրանից հետո որոշեցինք լուսաբանել տեղային ջրի խնդիրը, ու հարթակը կոչվեց Water Deeply: Arctic Deeply-ն էլ ստեղծեցինք, որ լուսաբանենք Արկտիկայի շրջանի խնդիրները: Եվ Deeply ֆորմատով մեր վերջին խորագիրը Refugees Deeply-ն է,  որտեղ անդրադառնում ենք փախստականների խնդիրներին ողջ աշխարհում:

News Deeply-ն ստեղծվել է Նյու Յորքում, բայց մենք գրասենյակներ ունենք Հոնգ-Կոնգում, Բեյրութում, Սան Ֆրանցիսկոյում և Երևանում: Ամեն գրասենյակում տարբեր մարդիկ են աշխատում ու տարբեր ֆունկցիաներ ունեն:

Մենք ունենք հարթակներ, որոնք հատուկ ստեղծվել են ինչ-որ ընկերությունների համար: Առաջիններից մեկը Inclusion Hub-ն էր, որ ստեղծեցինք Mastercard ընկերության համար: Եվ վերջինը, որ ստեղծել ենք, կոչվում է Women and Girls Hub, որտեղ լուսաբանում ենք զարգացող երկրներում կանանց և աղջիկների խնդիրները: Այս նախագծի համար մեզ հովանավորել է Բիլ Գեյթսի հիմնադրամը:

Արփինեն մեզ ներկայացրեց խմբագրման աշխատանքից: Նշեց, որ տեքստերում ընդհանուր սահմանափակում ունեն՝ հիմնականում 1500 բառ: Վերնագրի ոճական սահմանափակում ևս: Եվ առհասարակ, կայքն իր գրելաոճն ու կանոններն ունի: Նյութի մասին, վերևում գրվում է ամփոփ նկարագիր, ներքևում նշվում է հեղինակի անունը,  և թե քանի րոպե կպահանջվի, եթե նյութն ամբողջությամբ ընթերցենք: Նյութը լրագրողը գրում է, ուղարկում խմբագրին, խմբագիրը նայում է, տեքստային ուղղումներ է կատարում և ուղարկում copy editor-ին՝ սրբագրիչներին, ովքեր սրբագրում են նյութը, վերջում ուղարկում են թվային պրոդյուսերին, ով նյութը տեղադրում է կայքում

-Խմբագրող թիմն իրականում տարբեր վայրերում է իր աշխատանքն իրականացնում:  Մեկս մյուսիս չենք էլ տեսել երբևէ ու որպես էդպիսին չենք ճանաչում, բայց համակարգչային շփման միջոցով աշխատում ենք միասին, թեև տարբեր երկրներում ենք գտնվում:

Իր աշխատանքի դժվարության հետ կապված, ասաց, որ յուրաքանչյուր աշխատանք իր դժվարությունն ունի, բայց երբ սիրով ես անում, քեզ ոչինչ չի խանգարում: Եվ խմբագրման միակ դժվարությունը ժամային գոտիներն են, իսկ դա էլ կապված է այն հանգամանքի հետ, որ գրասենյակները աշխարհի տարբեր անկյուններում են:

Սակայն երբեմն թիմային հավաքներ ենք անում: Այ օրինակ, գնացինք Հոնգ Կոնգ և միասին աշխատեցինք մի գրասենյակում:

Իսկ թե ինչ է տվել Մանանա կենտրոնը Արփինե Գրիգորյանին, պատասխանեց.

-Իրականում շատ լավ հարց էր: Մեր ժամանակ տարբեր բաժիններ կար «Մանանայում», ֆիլմեր էինք նկարում, լրագրություն էի սովորում: Առհասարակ, «Մանանան» շատ բացառիկ տեղ է, եթե դու ուզում ես ինչ-որ հետաքրքիր ու նոր բան սովորել, գալիս ես «Մանանա»: Ու նաև շատ լավ ընկերներ է տվել ինձ:

Վարպետության դասն էլ վերջացավ մասնագիտական խորհուրդներով,  ու յուրաքանչյուրս իր համար մի նոր բան վերցրեց հանդիպումից ու զրույցից, թե կյանքի և թե աշխատանքի համար: