hayrapi baghdasaryan

Վերջին զանգից հետո կամ անհոգ պատանեկության թերթված էջը

Չեմ ուզում մեծանալ: Չնայած չեմ էլ պատրաստվում: Բոլոր զգացմունքներս խառնվել են իրար: Երբ առավոտյան պատրաստվում էի գնալ ավարտական միջոցառմանս, ամեն րոպե հուզմունքս ավելի էր շատանում: Դպրոց մտնելուն պես տեսա դասղեկիս՝ գեղեցիկ կոստյումը հագին ու մի տեսակ շփոթված: Տասներկուսներով իրար էինք շնորհավորում, գրկում, խառնվել էինք իրար: Սկզբում թվում էր, թե ուղղակի հերթական միջոցառումներից մեկն ենք անցկացնում, իսկ այսօր, երբ ամեն բան վերջացել է, գիտակցությունս չի ուզում ընդունել, որ ես այլևս աշակերտ չեմ, որ դպրոցս էլ իմ երկրորդ տունը չէ:

Առաջին դասարանում շարքով բուֆետ ենք գնում… Երևի շատերը երգելով կարդացին այս նախադասությունը: Հիշում եմ, հենց շարքով էլ գնում էինք: Բեմ բարձրանալուց առաջ 12 տարիներս հերթով հիշում էի: Առաջին դասարանի 50-դրամանոց բուլկին, որ հազար մասի կբաժանեինք, միայն թե բոլորին հասնի: Հիշում էի դասարանցիներիս հատ-հատ: Ամեն մեկիս չարություններն ու բարությունները, առաջին ուսուցիչներիս: Հիշում էի մանկական մեր կռիվները, իրար մազ քաշելն ու խաբելու օրերը, անմեղ սիրային նամակներ գրելը: Կարոտում եմ: Երբ իններորդ դասարանն էինք ավարտում, երկու օր շարունակ լաց էի լինում, չէի ուզում նոր դպրոց, իսկ այսօր սիրտս լցվում է ավագ դպրոցիս հրաժեշտ տալուց:

Չարություններիցս մեկը պատմեմ, որ երևի վերջինն էր: Որոշել էինք մի զավզակություն անել, ու ես եղա այն «ռիսկովը», ով ողջ գրատախտակին մոմ քսեց, որպեսզի ուսուցչուհին նոր հավասարումներ չբացատրի: Միջոցառման ժամանակ խոստովանեցի, որ ավազակը ես էի: Վստահ եմ` ներել է:

Դասարանում 19 աղջիկ ենք, 3 տղա, դասղեկս էլ՝ տղամարդ: Հաստատ դժվար էր 19 աղջիկների դասարան կառավարելը, բայց մեր դասղեկը պատվով կատարեց իր «առաքելությունը»: Պատկերացրեք, տասնինը աղջիկ ամեն օր նույն դասարանում, հազար ու մի տարաձայնություններ, վեճեր, բայց նաև հազար ու մի անկեղծ ժպիտներ: Երեկ էլ այդ ժպիտների տակ կարոտ ու ափսոսանք կար:

Տասներկու տարիները 12 օրվա պես անցան: Արագ, որ չհասցրինք էլ ողջ ջերմությունը զգալ: Էլ չենք վիճի վերջին զանգի փորձերից ուշանալու պատճառով, էլ չենք զանգի իրար ու ինն անց կեսին փորձի չենք կանչի: Էլ գրավորներին  «շպո-ներ» չենք փոխանցի իրար կամ էլ «2» ստանալու թանկ գնով դաս պատմողին չենք հուշի` «Բագրատունյա՜ց…»: Էլ աշակերտ չենք լինի:

Ես դեռ շատ եմ գնալու դպրոց, բայց արդեն ոչ թե աշակերտ, այլ իր երկրորդ (գուցե առաջին) տունը կարոտած ուսանող:

Խոստացել ենք ու ստորագրել, որ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 5 տարի հետո նորից հավաքվելու ենք ողջ դասարանով ու 2016-ին գնած կոնյակը հենց այդ օրն ենք բացելու: Խոստացել ենք իրար չմոռանալ…երբեք չմոռանալ:  Խոստացել են ինձ չմոռանալ, իմ շատախոսությունները, կատակները, գժությունները: Խոստացել եմ ոչ ոքին չմոռանալ: