ella mnacakanyan yerevan

Վճռում եմ լինել և գործել

«Է՜լ, շնորհավորում եմ, 20 ես ստացել ֆրանսերենը, անցել ես հաջորդ փուլ»,- իմ կյանքի հերթական օլիմպիադայի պատմությունը սկսվեց դասընկերներիցս մեկի՝ հենց այս ավետաբեր զանգով, ով ինձնից շուտ էր տեղեկացել օլիմպիադայի համայնքային փուլի արդյունքների մասին ու շտապել էր տեղեկացնել:

Չէ՛, ավելի ճիշտ, սկսվեց դպրոցական փուլի արդյունքներով, բայց դե, դպրոցականն ամենաառաջին ու, հետևաբար, ամենահեշտ փուլն է, որը հաղթահարելը առանձնապես մեծ բան չի նշանակում, առջևում դեռ երեք դժվարին փուլեր կան: Ընթերցողին ավելորդ անգամ ձանձրացնելուց խուսափելու համար բաց կթողնեմ քաղաքային և հանրապետական փուլերի դժվարությունները, լարված ու ծիծաղաշարժ պահերը, դրանց արդյունքներն իմանալիս ապրածս բերկրալից վայրկյանները: Երևի շարունակեմ այն մասից, երբ վերջապես իմացա, որ հաջորդ օրը հանձնվելու են հանրապետական փուլում Առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների մրցանակները (ի դեպ, հենց այն նույն դասընկերոջս հեռախոսազանգից, ով նաև հայտնել էր վերը նշված ուրախալի լուրը): Վերջապես, որովհետև այդ պահին բոլորս էլ ստիպված ենք լինում սպասել բավականին երկար ու անհամբեր, դե՜, մինչև ավարտվում են մնացած օլիմպիադաներն ու ամփոփվում են դրանց արդյունքները ևս: Ինչևէ, մենք վերջապես Կրթության և գիտության նախարարությունում ենք: Աշակերտների մեծ մասն արդեն եկել է: Չնայած նրան, որ օրն անձրևոտ է, ու բոլորս էլ նյարդայնացել էինք քաղաքային խցանումներից՝ կարևորը, որ հիմա այստեղ ենք՝ բարձր ու տոնական տրամադրությամբ: Դե՜, անհնար է բարձր տրամադրություն չունենալը, երբ գիտակցում ես, որ ընդհանուր առմամբ այս տարի օլիմպիադաների մասնակցած աշակերտները 47500-ն էին, բայց միայն դու և քեզ հետ 61 հոգի են այսօր այս սրահում: Մի խոսքով, նախարարն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Մենք կլանված լսում ենք նրա ելույթը՝ հետաքրքրական ու իմաստալից, իսկ այն պահին, երբ պարոն Մկրտչյանը հայտարարում է, որ մեր անընդհատ զարգացող պետության բախտը մեր ձեռքում է լինելու, և պիտի շարունակենք մեր հաջողությունները, մարմնովս մի տարօրինակ դող է անցնում: Ես հասկանում եմ՝ կարող եմ լինել այն քչերից, ում լինել-չլինելով, ում գործել-չգործելով, մեր մի բուռ հայրենիքում ինչ-որ բաներ կարող են փոխվել: Ու վճռում եմ լինել և գործել, որպեսզի հետո հայրենիքս բարելավվի իմ շնորհիվ:
Արդեն երեկո է, բայց ես տանը չեմ: Բնական է. երկու օրից Վերջին զանգն էր, բոլորս էլ զբաղված էինք: Իսկ ընկերներիցս ու ծանոթներիցս շատերը զանգահարում ու գրում էին ինձ, ասում էին՝ հեռուստացույցով տեսանք քեզ, շատ վարժ էիր խոսում (մոռացա ասեմ՝ մինչև նախարարի գալը հասցրի հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալ): Ես ջերմորեն շնորհակալություն էի հայտնում, բայց իրականում չգիտեմ՝ իսկապե՞ս լավ էի դուրս եկել կադրում, որովհետև չէի կարողացել դիտել հաղորդումը: Այդպես էր նաև երեք տարի առաջ. էլի բոլորը տեսել էին ինձ դիպլոմը ստանալիս, բացի ինձնից: Ինչո՞ւ: Որովհետև էլի ավարտում էի, էլի զբաղված էի: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն էր՝ նույն զգացողությունները, դիպլոմի արտաքին նույն դիզայնը, միայն թե այս անգամ առարկայի տեղում «հայոց լեզու»-ի փոխարեն գրված էր «ֆրանսերեն», դասարանն էլ՝ 9-րդի փոխարեն՝ 12-րդ:
Դե՜ ինչ, մնաք բարով դպրոցական օլիմպիադաներ, հիմա հերթը համալսարանականներինն է: